«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#104, 2012-06-09 | #105, 2012-06-12 | #106, 2012-06-13


ՉՇՓՈԹԵՆՔ ԱԶԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԵՆԱԹՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Սույն թվականի հունիսի 3-ին Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ ՀՌԱԿ եւ Արմենական-ՌԱԿ կազմակերպությունների միավորիչ համագումարը: Այսինքն տեղի ունեցավ այն, ինչ երկար տարիների ու քրտնաջան աշխատանքի արգասիք է: Գործընթացից տեղյակ մարդիկ շնորհավորում են, մաղթում հետագա հաջողություններ, ուրախանում, որ վերջապես ռամկավարական դաշտը հստակեցվեց: Իսկ շատ մտավորականներ անթաքույց ակնկալիքներով ուղակի «պատվիրաններ» են հնչեցնում, որ մենքՙ հայերս« որքան էլ զգացմունքային ու երազողներ լինենք, այնուամենայնիվ մեզ ամենահոգեհարազատ գաղափարախոսությունը ժողովրդավար-ազատականությունն է: Ուստի դուքՙ ռամկավարներդ, ուղակի պարտավոր եք դառնալ քաղաքական կարեւոր գործոն, հանրապետության կյանքի տարբեր բնագավառներում ձեր ներդրումն ունենալ եւ, ի վերջո, տեր կանգնել այն պատմական ժառանգությանը, որ ավանդել է ձեր շուրջ մեկուկեսդարյա պատմություն ունեցող կուսակցությունը: Եթե մեզանում այսօր կան էլ դեպի աջ ու դեպի ձախ ծայրաբեւեռ գաղափարական դաշտեր դավանողներ, ապա մերօրյա խիստ լարված իրավիճակում դրանք հաստատ քննություն չեն բռնի, որովհետեւ մեր ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերները թելադրում են ավելի հավասարակշռված, զգույշ ու հանդարտաբարո ընթացք: Այնպես է ստացվել, որ բացարձակապես սխալվելու իրավունք չունենք եւ ամեն մի անզգույշ ու անհավասարակշռված քայլ կարող է ճակատագրական լինել:

Վերջին շրջանում շարունակաբար ԶԼՄ-ների տարբեր միջոցներ, միմյանցից առաջնության դափնին խլելու աներեր հաստատակամությամբ քննարկում են «շատ կարեւոր» մի խնդիրՙ միասեռականների ու նրանց նկատմամբ մեր հասարակության վերաբերմունքի «անհետաձգելի ու ազգի ապագան որոշող» հարցը: Հատկապես մերօրյա անվիճելի քարոզչամիջոցիՙ հեռուստատեսության տարբեր ալիքներով կազմակերպվում են հանդիպումներ, հարցազրույցներ եւ նույնիսկ բանավեճի փորձեր: Չենք վիճարկում, խնդիրն իսկապես կա: Համաշխարհային քաղաքակրթության դրականի հետ մեկտեղ մենք ներառվում ենք նաեւ բազմաթիվ բացասական գործառույթների ոլորտներում: Բայց արդյո՞ք հենց այս պահին, երբ մեր սահմաններում կյանքի ծաղկուն տարիքում մարդիկ են զոհվում, արժեր ծավալել այդտեսակ քննարկումներ:

Սակայն դրանք կան, եւ ինձ շատ է հուզում խիստ կարեւոր մի հանգամանք: Մեր մի շարք հեռուստահաստատ դեմքեր (ձեւակերպումն իմն է եւ վերաբերում է այն մարդկանց, որոնք, անկախ քննարկվող թեմայից, բարձրացված հարցից, հաղորդման ֆորմատից, միշտ մասնակցում են ու հայտնում «անփոխարինելի եւ անվիճարկելի» տեսակետներ, կարծես մեզանում այլ մտածողներ չկան) այդ տարբեր ձեւաչափերի քննարկումներում հայտնում էին շատ վտանգավոր մի տեսակետՙ եթե մարդը ժողովրդավար է եւ դավանում է ազատական արժեքներ, ապա չի կարող իր կողքին չհանդուրժել նաեւ միասեռականներին, Եհովայի վկաներին, ֆաշիստներին, մարդասպաններին, որովհետեւ նրանք մեր հասարակության անդամներն են եւ ունեն նույն իրավունքները, ինչըՙ մենք բոլորս:

Այստեղ է, որ ակամա ցանկություն առաջացավ հնչեցնելու հայտնի դարձվածքըՙ «Կանգ առ, ակնթարթ» (ցավոք, այս դեպքում ոչ դրական իմաստով): Սթափվե՛ք, պարոնա՛յք: Մի շփոթեք ազատականությունը ամենաթողության հետ: Դրանք բոլորովին այլ արժեհամակարգեր են: Մեր պայմաններն այնքան շռայլ չեն, որ մենք մեզ թույլ տանք այնպիսի «ազատականություն», որ մեր առանց այն էլ փոքրաթիվ երիտասարդության մի մասը միասեռական դառնա, մի մասըՙ Եհովայի վկա, մի մասն էլՙ չգիտեմ ինչ զահրումար եւ հրաժարվի հայրենիքին բոլորանվեր ծառայելու սրբազան պարտականությունից: Առավել եւս, եթե թշնամին պարտադրիՙ զենք վերցնելուց: Ուշքի՛ եկեք, պարոնա՛յք մարդասերներ: Միշտ հիշեք, որ նույնիսկ ֆրանսիական մեծ հումանիստները, եվրոպացի ժողովուրդների հոգեւորական դասերի ներկայացուցիչները եւ էլի «հեղափոխական ու աշխարհանորոգիչ» ծրագրերի շատ հեղինակներ, երբ խոսքը վերաբերում էր հայրենիքի գաղափարին, անմիջապես այլ պահվածք էին որդեգրում ու այլ արժեքներով ոգեկոչում իրենց ժողովուրդներինՙ մի ձեռքում ունենալով գրիչ, բայց մյուսումՙ անպայման սուր, մի ձեռքումՙ խաչ, մյուսումՙ դարձյալ սուր, եւ այդպես դարեր շարունակ:

Այսօր, 21-րդ դարում, ունենալով բոլոր հնարավորությունները, ֆրանսիացին նույն արժեքով գնում է հայրենի արտադրության «Ռենո» կամ «Պեժո» ավտոմեքենա, սակայն չի գնում իր բոլոր ցուցանիշներով ավելի շահեկան վիճակում գտնվող «Մերսեդես»: Ինչ է սա, ազգայնամոլությո՞ւն: Ո՛չ, սա հենց այն է, ինչ ցանկանում եմ հուշել բոլորիս:

Ես հասկանում եմ, որ ազատական արժեքներ դավանողիս համար մի քիչ կտրուկ եմ, չոր: Բայց ասացեք խնդրեմ, կա՞ մեկը մեզանում, որ իսկապես կցանկանար իր երեխային միասեռական տեսնել: Գիտեմ, նրանց մի մասը իսկապես հիվանդ են: Գիտեմ նաեւ, որ հիվանդներին հարկավոր է մեկուսացնել ու բուժել, ինչպես թոքախտների կամ միավձիավի եւ նման այլ դեպքերում:

Գիտեմ նաեւ, որ մեր հեռուստաէկրաններից շարունակաբար քարոզվում են բացառապես բացասական երեւույթներ: Գիտեմ, որ ամենաշատը մենք այցելում ենք Գագիկ Շամշյանի հեղինակած նյութեր պարունակող կամ նմանատիպ այլ կայքեր: Գիտեմ նաեւ, որ դրանք կատարվում են ոչ պատահաբար: Որեւէ օրվա կտրվածքով նայեք եւ կհամոզվեքՙ բոլոր հեռուստասերիալները քարոզում են բռնություն, դավաճանություն, խաբեություն: Ոչ մի մաքուր, դրական կերպար չկա: Բաց ու կիսաբաց պատուհաններից սուր ու բութ անկյան տակ ներկայացվում է մերօրյա կյանքըՙ եւ ոչ մի դրական անկյում: Թվում է, թե մեր կյանքն ամբողջովին ախտ է: Բա եղա՞վ: Տարբեր հեռուստաալիքներ հարցազրույցի են հրավիրում Ծոմակին: Ես չգիտեմՙ դա ծոմակ է, թե ծուղակ, բայց երեք երեխաների հոր դիրքերից վստահեցնում եմ, որ այսօր նրա ու նրա ընկերների կերպարով չէ, որ ոգեւորված իմ երկու տղաները պիտի մեկնեն բանակՙ հայրենիքին ծառայելու: Ոչ մեկի դեմ անձնապես ոչինչ չունեմ, նույնիսկ չեմ ճանաչում նրանցից ոչ մեկին:

Սակայն այսօր, երբ խոսքը հայրենիքին է վերաբերում եւ նման մի շարք այլ հայրենանվեր արժեքների, լինելով համոզված ազատական ռամկավար, չեմ կարող հանդուրժել, որ բոլոր նրանք, ովքեր ինչ-ինչ պատրվակներով ու պատճառաբանությամբ կհրաժարվեն իրենց ամենավեհ պարտականությունիցՙ հայրենիքին ծառայելուց, օգտվեն հայրենիքում գոյություն ունեցող բոլոր իրավունքներից: Հարկավոր է հստակ գիտակցելՙ իրավունքն ու պարտականությունը գտնվում են մեկ ամբողջության մեջ, պայմանավորում են միմյանց ու ապահովում հասարակության հավասարակշիռ գոյությունը:

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգթ, դոցենտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4