Երեկ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն էր: Այդ առթիվ Կոմիտասի անվան պանթեոն, նրա շիրմին էր այցելել ՀՀԿ վերնախավը` նախագահ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Հիշատակի տուրքին ներկա էին վարչապետի հարազատները եւ որդին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Այսօրվա պետական այրերից շատերը երեւի կերազեն, որ իրենց մահից հետո իրենց հիշեն ու հարգեն այնպես, ինչպես որ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանին են հիշում ու սիրում: Բայց այդ երկու զգացումները ոչ քաղաքական կատեգորիա են, ոչ հնարավոր է պատվիրել, ոչ գնել եւ ոչ էլ հորինել. եթե դրանք կան, ուրեմն այդպես էլ կմնան ժողովրդի հիշողության մեջ: Լրագրողների հետ զրույցում Ա. Մարգարյանի գործընկեր Գալուստ Սահակյանը նշեց, թե նա կարողանում էր համագործակցության գործոն դառնալ, իսկ Մարգարյանի կրտսեր գործընկեր Էդուարդ Շարմազանովը հիշեց, թե նա սովորեցնում էր մարդկանց, բայց ոչ թե պարտադրում էր այդ սովորեցնելը, այլ իր օրինակով էր անում դա. «Համերաշխության կողմնակից էր, եւ իր համար ամենաբարձր արժեքը հայրենիքն ու ազգն էին: Ինքը չէր սիրում քաղաքականության մեջ կտրուկություն, կուսակցամոլություն, չէր ընդունում, երբ կուսակցության շահը կարող էր գերակա լինել պետության շահից: Հայկական հողից եւ էներգետիկայից սնվող հայ մարդ էր, մեր ժողովուրդը նրան այդպես էլ ընդունեց ու գնալով ավելի շատ սիրեց»:
Մ. Խ.