Մեզանում առկա հոգեբանական ախտերը հիմնականում հետեւանք են երկու բանի`
ա) բնական օրենքներն ու օրինաչափությունները չիմանալու,
բ) մեր ցեղի պատմությանն ու մշակույթին, նրա իրական արժեքներին, առաքինություններին ու թերություններին անծանոթ լինելու, մի խոսքով` անցեղաճանաչության:
Ազգային թերարժեքություն
Այն արդյունք է սեփական արժեքի չգիտակցման, ազգային հպարտության (արժանապատվության) բացակայության, որոնց աղբյուրը ազգային ինքնաճանաչումն է:
Ազգային անլիարժեքությամբ պիտի բացատրել, օրինակ, հայերի` միմյանց հետ հայերեն չխոսելը, այլ լեզվով ստորագրելը, օտար անձնանուն կրելը, որեւէ օտարերկրացու կողմից մեր ժողովրդի հասցեին ասված դրական խոսքերով անտեղի ոգեւորվելը եւ այլն: Վերջինիս հետ կապված` հետաքրքիր է նկատել Րաֆֆին. «Չեմ կարող չհիշել հայերի այն ընդհանուր մոլությունը, որ սովորական է դարձել եւ մեր գավառներում. տեսնում ես մի տեղ, մի ժողովրդի մեջ, մի խմբի մեջ տասը հայ, իսկ նրանց թվում մի օտարազգի, անպատճառ տասը հոգի հայերը կսկսեն մեկ օտարականի լեզվով խոսել, ինչ ազգից էլ լիներ նա: Չգիտեմ ե՞րբ պետք է հայն ազգային հպարտություն ունենա»:
Ազգային թերարժեքությամբ պիտի բացատրել նաեւ այն հանգամանքը, երբ շատ հայ բանասերներ ու պատմաբաններ անպայմանորեն ձգտում են մեր մշակույթի շատ արժեքներ կապել օտար ազդեցության հետ: Օրինակ` հայկական դիցարանը պարսկականից կամ ասորականից փոխառնված համարելը, մեր բառարմատների մեծ մասը օտար իմաստներից բխեցնելը, Հայոց այբուբենի տառերը հին հունականից վերաձեւելը եւ այլն: Սա պիտի բացատրել նաեւ հայ մտավորականության մեծ մասի պարտվողական հոգեբանությամբ, որով տառապողները, առհասարակ, ինչպես Նժդեհը կասեր` «խոնարհամիտ են լինում եւ բնազդորեն փախչում այն ամենից, ինչ որ նրանց հիշեցնում է լիարժեք կյանքով, քաջաբար ու փառքով ապրող իրենց նախահայրերին»:
Թերարժեքության յուրատեսակ երեւույթ է Հայաստանի հայերի` սին հույսեր կապելը Սփյուռքի մեր հայրենակիցների հետ. թե իբր Սփյուռքը չի թողնի, որ մենք սովից կոտորվենք, նա ռազմական օգնություն ցույց կտա թուրքական հարձակման դեպքում եւ էլի շատ առասպելականացված բաներ:
«Գանգատվել դառնորեն չար բախտից ու մեզանից դուրս որոնել մեր դժբախտությունների պատճառը` սա եւս մեր ազգային հոգեբանության բնորոշ գծերից մեկն է», գրում է Հ. Քաջազնունին: Սեփական դառնությունների աղբյուրը իր «ես»-ի մեջ չտեսնելու եւ դրանք իրենից դուրս փնտրելու ինքնախաբեություն-ահա՛ մեզանում իշխող մտայնությունը: Այսպես, 1915թ. հայության սպանդի համար մեղավոր են բոլորը, իսկ որ մենք ընդունակ չեղանք ինքնապաշտպանվելու, անմեղ ենք. 1918-20թթ. Հայաստանի պարտության համար մեղավոր են բոլորը, իսկ որ Կարսում Հայկական բանակն առանց կռվի հանձնվեց թուրք «եղբայրներին», մեղավոր են բոլորը, բացի մեզանից:
Իսկ կյանքի օրենքը պահանջում է` սեփական «ես»-ի մեջ տեսնել մեր դժբախտության պատճառները եւ սեփական ոգու մեջ որոնել մեր հզորանքի գաղտնիքը:
Թերարժեքության զգացումի բերած ամենամեծ քաղաքական վնասը` օտարահակությունն է, օտարին ապավինելու ստրկամտությունը: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ միջնադարյան Հայաստանում նախարարների ու թագավորների միջեւ փոխադարձ անհաշտ կռիվները, որոնք այնքան վնաս բերին մեր աշխարհին, էապես պայմանավորված էին նրանց տարբեր օտարահակ կողմնորոշումներով: Նույն օտարամետ կողմնորոշումների բախման հետեւանքով տուժեց հայությունը Հայաստանի առաջին հանրապետության տարիներին:
Այնինչ, քաղաքական իմաստությունն ասում է` զինակցի՛ր ուրիշների հետ, օգտագործի՛ր նրանց ուժը, բայց հույսդ դի՛ր սեփական ուժի վրա եւ ցո՛ւյց տուր, որ արժանի զինակից ես:
ՄՈՒՇԵՂ ԼԱԼԱՅԱՆ, ՀՀԿ նախագահի տեղակալ