Բուլղարիայում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 8-րդ տուրում Հրանտ Մելքումյանը հաշտություն կնքեց Դրագան Սոլակի հետ: Ավարտական տուրից առաջ Մելքումյանը 6 միավորով 15-րդ տեղում է: 9-րդ տուրում նա սեւերով կխաղա Բորիս Էսենի հետ:
6-ական միավոր ունեն նաեւ Վլադիմիր Հակոբյանն ու Ավետիք Գրիգորյանը: Հակոբյանը սեւերով հաղթեց Սալեհ Սալեմին, իսկ Գրիգորյանը պարտության մատնեց Դանիել Նարոդիցկուն: 9-րդ տուրում Հակոբյանը սպիտակներով կխաղա առաջատարներից մեկիՙ Շանգլեյ Լուի հետ, իսկ Գրիգորյանը սեւերով կմրցի Գենադի Տունիկի հետ: Հայ շախմատիստների եռյակը միայն կես միավորով է զիջում աղյուսակը 6,5-ական միավորով գլխավորող Լեւենտե Վայդային, Հանս Տիկանենին, Զախար Եֆիմենկոյին, Ալեքսանդր Իպատովին եւ Շանգլեյ Լուին:
Տիգրան Պետրոսյանը, Կարեն Գրիգորյանն ու Հրայր Սիմոնյանը վաստակել են 5,5-ական միավոր: Պետրոսյանի եւ Գրիգորյանի մրցավեճն ավարտվեց ոչ-ոքի, իսկ Սիմոնյանը հաղթեց Նուման Օմարին: Հովհաննես Գաբուզյանը վաստակել է 5 միավոր, Վալենտին Փամբուկչյանի եւ Վլադիմիր Պողոսյանի հաշվին գրանցված է 4 միավոր: Նրանց կես միավոր է զիջում Վահե Բաղդասարյանը, իսկ Նելլի Աղինյանը հայ շախմատիստներից ամենացածր արդյունքն ունի (3 միավոր):