«Բռնությանը պետք է վերջ տրվի: Հակամարտությունը չի կարգավորվի ուժի կիրառման ճանապարհով», «Ազերիպրես» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի արտաքին գործերի ու առեւտրի նախարար Էյմոն Գիլմորը, որը երեկ եւ այսօր գտնվում է Ադրբեջանում` հանդիպելու տարբեր պաշտոնյաների, ներկայացուցիչների հետ, այդ թվում, ադրբեջանական մամուլի տեղեկացմամբ, նաեւ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների» հետ:
Այդպիսով իռլանդացի դիվանագետը կրկին «հավասարության» նշան է դնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի եւ «ԼՂ ադրբեջանական համայնքի» ղեկավարի միջեւ, մինչդեռ այդ երկու հասկացությունների տարբերությունը ակնհայտ է:
Ինչեւէ, հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ստեղծման 20-ամյակի ֆոնին «բանակցություններում բեկման չհասնելու» ու ԵԱՀԿ ՄԽ-ի ձեւաչափը փոփոխելու հնարավոր ծրագրերի առնչությամբ հարցին Գիլմորը արձագանքել է, թե Մինսկի խումբն է այն ձեւաչափը, որի առնչությամբ համաձայնության են եկել կողմերը ու ոչ թե պարտադրվել է դրսից:
«Ձեւաչափի վերանայման կամ փոփոխության որեւէ տեսակի քննարկում տեղի չի ունենում», հայտարարել է Գիլմորըՙ իր ամբողջական աջակցությունը հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերին: «Մենք կարող ենք երկխոսության հարթակ ապահովել ու աջակցել կողմերին ամուր խաղաղության իրենց ձգտումներում, բայց մենք չենք կարող լուծում պարտադրել: Այս հակամարտությունում առաջընթաց ունենալու համար անհրաժեշտ է ապահովել անմիջապես դրանում ներգրավված բոլոր կողմերի իրական կամք ու պատրաստակամություն», ասել է ԵԱՀԿ գործող նախագահը:
Թե ինչ ձեւակերպումներ այսօրվա Բաքվի հանդիպումներում կհնչեցնի Գիլմորը, թերեւս սովորական դարձած «անաչառությամբ» կներկայացնեն ադրբեջանական լրատվամիջոցները:
Ա. Հ.