Իսրայելում քննարկումներ Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հայոց ցեղասպանության հարցի քննարկումն ու ինչ-որ փաստաթղթային տեսքով ճանաչումը գրեթե միշտ զուգակցվում են կոնկրետ շահերի հետ, որոնք, որպես կանոն, հակադրվում են Թուրքիային կամ տվյալ պահին այդ երկրի հանդեպ վերաբերմունքի ու մոտեցման դրսեւորում են: Այն, ինչ այս օրերին նախաձեռնվել ու ընթացքի մեջ է դրվել Իսրայելի խորհրդարանում, հակառակ բոլոր պնդումներին, չի կարող դիտարկվել առանց քաղաքական ենթատեքստի, որն ակնհայտորեն կապված է Թուրքիա-Իսրայել այսրոպեական հարաբերություններին:
«The Jerusalem Post»-ը տեղեկացնում է, որ իսրայելական Քնեսեթի խոսնակ Ռյուվեն Ռիվլինը հունիսի 12-ին գումարված հատուկ նիստի բաց քննարկմանը հայտարարել է, որ Իսրայելը պարտավորություն ունի հիշելու ավելի քան մեկ միլիոն հայերի սպանությունը թուրքերի ձեռքերով գրեթե 100 տարի առաջ, զգուշացնելով, թե հարցը չպետք է ներկայացվի որպես Թուրքիայի ներկայիս կառավարության դեմ հարձակում: Ռիվլինը մասնավորապես հիշեցրել է. «Նրանք, ովքեր հրեաների հարցը վերջնական լուծելու ծրագիրն էին մշակում, հենվում էին աշխարհի լռության վրա այնպես, ինչպես դա տեղի ունեցավ հայերի սպանության ժամանակ»:
Քնեսեթում քննարկում նախաձեռնած «Մերեց» կուսակցության նախագահ Զահեվա Գալ-Օնն իր հերթին ընդգծել է. «Մենք չենք կարող ներել մեր աղետը արհամարհողներին ու մենք չենք կարող արհամարհել ուրիշների աղետները»:
Նա, միեւնույն ժամանակ, մեղադրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին «Թուրքիային ճնշելու համար Հայոց ողբերգությունը օգտագործելու» մեջ: Զահեվա Գալ-Օնի խոսքերովՙ Իսրայելի կառավարությունը պետք է վերջնականապես տեղի ունեցածը ճանաչի որպես ցեղասպանություն, միաժամանակ վերականգնի հարաբերությունները Թուրքիայի հետ` համաձայնելով ներողություն հայցել «2010-ի մայիսին «Մավի Մարմարա» նավի 9 թուրք պաղեստինամետ ակտիվիստների մահվան» համար:
«Հայոց ցեղասպանությունը հանրային դիվանագիտության հնարավորություն չէ», խորհրդարանում քննարկման ժամանակ ասել է Զահեվա Գալ-Օնը, շեշտելով, որ Իսրայելը բավարար ուժեղ է ու «կարիք չունի ընտրություն կատարելու ցեղասպանության ճանաչման ու Թուրքիայի հետ հարաբերությունների միջեւ. Իսրայելը կարող է ունենալ երկուսն էլ»:
Նույն ոգով արտահայտվել են նաեւ իսրայելական խորհրդարանի 7 խմբակցությունների ներկայացուցիչները, բացառությամբ «Կադիմա»-ն ներկայացնող Ռոբերտ Տիբաեւի, որը կրկնել է տարիներ շարունակ իսրայելական կառավարության պաշտոնական ներկայացվող դիրքորոշումը, թե «հարցը պետք է քննեն պատմաբանները»: Իսրայելցի խորհրդարանականներից Սաիդ Նաֆան էլ հարկ է համարել քննարկման ժամանակ մեղադրանք հնչեցնել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին, թե վերջինս շտապում է դատապարտել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, երբ «ինքն է տասնյակ քրդերի սպանողը»:
Ըստ Reuters գործակալության, Իսրայելի կառավարության պաշտոնական տեսակետը կրկին ներկայացրել է արտգործնախարարության խոսնակ Յիգար Պալմորը, հայտարարելով, թե հայերի ողբերգության առնչությամբ իսրայելական դիրքորոշումը մնում է նույնը, որ «հարցը պետք է որոշվի պատմաբանների կողմից ու չդառնա քաղաքական քննարկումների առարկա»:
Իսրայելի կառավարությունում էլ, սակայն, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը միանշանակ մերժողական դիրքերից չի դիտվում, չնայած որեւէ պարագայում հնարավոր չէ պնդել, թե ասվածը արդարության վերականգնման ցանկություն է, այլ ոչ Թուրքիային համապատասխան ուղերձներ հասցնելու մտադրություն: Մասնավորապես, Իսրայելի վարչապետ Նաթանյահուի «մտերիմ դաշնակից» ներկայացվող բնապահպանության նախարար Գիլադ Էրդանը խորհրդարանական քննարկումների օրը հայտարարել է, որ հրեական պետությունը պարտավոր է փոխել իր քաղաքականությունն ու ճանաչել Օսմանյան կայսրությունում 1915-ի հայերի զանգվածային սպանությունները որպես ցեղասպանության փաստ:
Ամեն դեպքում, իսրայելական խորհրդարանում Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը չի հասցվել քվեարկության կամ որեւէ փաստաթղթի ընդունման, այլ որոշվել է հարցն ուղղել Քնեսեթի կրթության հարցերով հանձնաժողովին` հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով:
Թեեւ Իսրայելի խորհրդարանում Հայոց հարցի այս անգամվա քննարկումը որոշ հույսեր է ներշնչում, թե հնարավոր է, որ մարդկային արդարության մասին հիշել են նաեւ Իսրայելում, ընդ որում` Նաթանյահուի կառավարության փաստացի լռելյայն համաձայնությամբ կարծես, չպետք է մոռանալ, որ Իսրայելը տարածաշրջանային իր շահերի համատեքստում ամենայն հանգստությամբ կարող է Թուրքիայից կորզել իր ուզածն ու էլի միառժամանակ մոռանալ, որ հրեական Հոլոքոսթին նախորդել է հայկականը: