ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին
Հարգելի՛ պատգամավորներ
Վերջապես նախընտրական քարոզարշավի օրերը պատմության գիրկն անցան: Հուսանք, որ ձեւավորված նոր խորհրդարանը իր գործունեությամբ կգերազանցի նախկինին եւ բարձր կպահի պետության, հայ ժողովրդի արժանապատվությունը, հատկապես Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում:
Հարգելի տիկնայք եւ պարոնայք, ինչպես հիշում եք, անկախության ձեռքբերման այն խառնաշփոթ օրերին Ձեր նախորդները, իրենց անհեռատեսության պատճառով, առանց ժողովրդի ձայնը լսելու, զինանշանից դեն նետեցին Հայոց լեռնաշխարհի արքա Արարատի բնապատկերը, արհամարհելով այն հանգամանքը, որ բիբլիական լեռան բնապատկերի առկայությունը զինանշանում մեզ կապում էր Արեւմտյան Հայաստանի հետ եւ հիշեցնում այն անմեղ զոհերին, որոնք իրենց հայրենիքի աշխարհագրական դիրքի զավթման պատճառով նահատակվեցին, նույնիսկ գերեզման էլ չունեցան հայրենի հողում: Կարծում եմ, այդ չմտածված քայլով Ձեր նախորդները սեփական ժողովրդի հանդեպ ցուցաբերեցին անհոգություն:
Նույնիսկ այդ սխալից հետո, որպես ծաղրանք, մայր օրենքում նշեցին, որ «Հայաստանի զինանշանի կենտրոնում, վահանի վրա պատկերված է Արարատ լեռը», ինչը տեսողական խաբկանք է եւ ոչ թե իրականություն, քանի որ ոչ մի իրեն հարգող հայորդի, ինչպես նաեւ դուք եւ սահմանադրության հեղինակները, այնտեղ չեն կարող տեսնել այն, ինչը իրականում տեսանելի չէ: Ստացվում է, որ մենք ազգովին տարիներ շարունակ ինքներս մեզ ենք խաբում ու հայրենասեր ձեւանում: Գուցե այսօրՙ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին Դուք լիարժեք ազգային մոտեցում ցուցաբերեք եւ դառը ճշմարտությունը տարբերեք այն քաղցր ստից, որի մասին նշված է սահմանադրության մեջ եւ ուղղեք այդ ամոթալի, խայտառակ սխալը:
Բիբլիական Արարատը Ցեղասպանության լուռումունջ վկան է, հայ ժողովրդի ոգեղեն կապը Արեւմտյան Հայաստանի հետ, եւ նաՙ ինչպես հնում, իր արքայական տեսքով պետք է արտացոլված լինի զինանշանում եւ ոչ թե ողորմելի, սրտաճմլիկ ու այլանդակված տեսքով:
Ճիշտ է, գործող զինանշանի ձեւավորումը գալիս է մեր պատմության խորքերից, սակայն տեսողական առումով այն ո՜չ մեզ, ո՜չ էլ խաբված եւ շփոթված այլ ազգերին հայ ժողովրդի ճակատագրական անցյալի մասին ոչինչ չի հուշում: Այսօր Նոստրադամուսներ չկան, որպեսզի գուշակեն, թե մեկ դար հետո ինչպիսի աշխարհագրական դիրք կունենանք մենք կամ թուրքերը, այնպես որ եկեք սերունդների ազգային զգացմունքները չկոտրենք, որպեսզի որքան էլ որ հիասթափված լքեն հայրենիքը, հեռանան երկրից, մեզ պես կարոտով չապրեն, հոգով հայ մնան եւ Արեւմտյան Հայաստանն էլ «ծովից ծով» Հայաստանի բախտին չարժանանա:
Հուսանք, որ դուք, որպես նորընտրյալ պատգամավորներ, լիովին կգերազանցեք ձեր նախորդներին եւ առանց սուբյեկտիվ պատճառաբանումներ որոնելու, միմյանց մեղադրելու եւ վիրավորելու, Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախաշեմին ալեհեր Մասիսի բնապատկերը կվերադարձնեք զինանշան, հակառակ դեպքում վաղը դուք էլ ձեզ չեք ների:
Այսօր Թուրքիան իբր թե ձգտում է բարիդրացիական կապեր ստեղծել մեր հետ, միաժամանակ ժխտողական քաղաքականություն է վարում եւ խոչնդոտում Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: Սակայն նրա ջանքերը ապարդյուն կանցնեն, քանի որ ամբողջ աշխարհն է հիշում Սողոմոն Թեհլերյանի բեռլինյան դատավարությունը, երբ նրան դատում էին որպես մարդասպանի, սակայն դատարանի դահլիճից ազատ արձակվեց որպես մեղադրող: Նրանք քաջատեղյակ են, որ գերմանալեզու գրող Ֆրանց Վերֆելը իր «Մուսա լեռան քառասուն օրը» վեպով, գրեթե մեկ միլիոն տպաքանակով, աշխարհի 36 լեզուներով, առաջիններից էր, որ արձագանքեց մեր ողբերգությանը եւ համայն մարդկությանը տեղեկացրեց Օսմանյան կայսրության բարբարոս քաղաքականության մասին: Թուրքիան ինքն էլ է գիտակցում, որ ագրեսիվ ժողովուրդ չի լինում, լինում է ագրեսիվ քաղաքականություն, որին, ցավոք, մենք արժանացանք իրենց բարբարոս քաղաքականության պատճառով:
Եթե այսօր կոտորածի կազմակերպիչ Ահմեդ Ջեմալ փաշայի թոռըՙ Հասան Ջեմալն է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ դնում, ուրեմն նրանք մտավախություն ունեն, որ վաղ թե ուշ ոչ միայն միջազգային հանրությունը, այլեւ թուրք հասարակությունը կդատապարտի իրենց վայրագ նախնիներին: Այնպես որ թող նրանք իրենց ժխտողական քաղաքականությունը վարեն, իսկ դուք ազգանպաստ գործ արեքՙ վերականգնեք մեր կորցրած ազգակցական կապը Արեւմտյան Հայաստանի հետ:
Հարգելի՛ պատգամավորներ, ինչպես տեսնում եք, առաջարկությունը բխում է հայ ժողովրդի, հատկապես անմեղ զոհերի ժառանգների շահերից, ուստի հուսանք, որ այս ամենը անպայման կքննարկեք եւ ոչ թե անտարբերութան կմատնեք, ինչպես ձեր նախկինները եւ, հանուն մեր անմեղ զոհերի հիշատակի, Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Արարատ լեռը իր փառահեղ տեսքով կվերադարձնեք զինանշան, ինչպես եւ կաջակցեք, որպեսզի մեր վաղեմի բարեկամ Ֆրանց Վերֆելի արձանը տեղադրվի մայրաքաղաքում:
Չեմ կարծում, որ այսօր թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում իր ազգային սուրբ ավանդույթները սիրող եւ հարգող գեթ մի հայորդի գտնվի, որը դեմ լինի այս առաջարկություններին:
Հույսով եւ հարգանքովՙ
ԷՖՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, Իրավաբան