«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#105, 2012-06-12 | #106, 2012-06-13 | #107, 2012-06-14


ԻԴՐԱՔ ԱԲԱՍՈՎԸ ԴԱՏԻ Է ՏԱԼԻՍ ՆՈՎՐՈՒԶ ՄԱՄԵԴՈՎԻՆ

Ոչ, խոսքը կանաչեղենի երկու առեւտրականի միջեւ վեճի եւ դրա հետեւանքների մասին չէ: Նովրուզ Մամեդովը Իլհամ Ալիեւի աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերով պատասխանատուն է, Իդրաք Աբասովը` «Զերկալո» թերթի աշխատակից: «Իսկ ի՞նչ կապ ունեն նրանք»,- կզարմանա ընթերցողը: Հիլարի Քլինթոնի այցից հետո Նովրուզ Մամեդովը գործուղվել է ANS հեռուստաընկերության ուղիղ եթեր եւ պատմել, որ ԱՄՆ պետքարտուղարը իր պատվին տված «լանչի» ժամանակ «թռուցիկ հետաքրքրվել է իրեն լրագրող համարող Իդրաք Աբասովի գործով: Քանի որ հարցը նախագահի մակարդակի չէր (՞- Վ. Ա.), պետքարտուղարին պատասխանել է պետական նավթային ընկերության փոխնախագահը (իսկ նա որտեղի՞ց գիտեր, որ իր կարիքն զգացվելու է եւ ինչո՞ւ էր ներկա «լանչին»- Վ. Ա.) եւ ասել, որ պետությունը բազմիցս Իդրաք Աբասովին փոխհատուցում է առաջարկել, որից նա հրաժարվել է, դե իսկ հին տները քանդվում են ամբողջ աշխարհում, եւ խանում Քլինթոնը մի լավ ծիծաղել է»:

Բարձրաստիճան պաշտոնյայի խոսքը մեջբերում ենք բառացի, իհարկե` թարգմանաբար: Մամեդովի «իրեն լրագրող համարող» արտահայտությունն է, որ Իդրաք Աբասովին դրդել է նրան դատի տալ` իրեն «նվաստացնելու, արժանապատվությունը վիրավորելու համար»: Լրագրողն ասել է, որ դատարանից կպահանջի, որպես բարոյական վնասի փոխհատուցում, որպեսզի Նովրուզ Մամեդովը «սիմվոլիկ 1 մանաթ մուծի Հեյդար Ալիեւի հիմնադրամի հաշվեհամարին»:

Իսկ ինչո՞ւ է պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հետաքրքրվել Իդրաք Աբասովի գործով: Բանն այն է, որ «Զերկալո»-ի թղթակիցը մեկ-երկու շաբաթ դրանից առաջ ծեծվել էր նավթային պետական ընկերության անվտանգության աշխատակիցների կողմից, երբ Բաքվի Սուլութեփե կոչվող արվարձանում, որտեղ նաեւ ինքն ու հարազատներն են բնակվում, փորձել էր նկարահանել «ապօրինի կառույցների» բարբարոսական ապամոնտաժումը: Հիշյալ տարածքը Բաքվի քաղաքային իշխանությունների կողմից հատկացվել է պետական նավթային ընկերությանը, որի նախագահ Ռովնագ Աբդուլլաեւը մտադիր է ազատված գոտում «ընկերության կարիքների համար» էլիտար շինարարություն իրականացնել:

Ավելորդ չէ նշել, որ իր կարիերան Իլհամ Ալիեւը սկսել է «պետական» նավթային ընկերության փոխնախագահի պաշտոնում: Անկախ աղբյուրների կարծիքով, Ադրբեջանը «պետական» նավթային ընկերություն չունի, այն պատկանում է իշխող ընտանիքին, իսկ Ռովնագ Աբդուլլաեւը փաստացի կատարում է մենեջերի պարտականությունները: Հիշյալ ընկերությունն ունի մի քանի հազար հոգուց բաղկացած անվտանգության ծառայություն, որը ոստիկանությանը չի ենթարկվում, գործում է «ներգերատեսչական կանոնակարգի համաձայն»: Փաստորեն դա մարտական պատժիչ ստորաբաժանում է, որ մշտական ահուսարսափ է տարածում անպաշտպան քաղաքացիների վրա:

Վ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4