Խիստ ուշագրավ տեղեկատվություն է տարածել «Թուրան» գործակալությունը: «Ի՞նչ են Բաքվում խնդրել Քլինթոնին» վերնագրով: Գործակալության վաշինգտոնյան աղբյուրը, «որ ցանկացել է անանուն մնալ», որոշակիորեն գաղտնազերծել է Քլինթոն- Ալիեւ բանակցությունները:
Ըստ աղբյուրի, Բաքվում Քլինթոնին խնդրել են «կազմակերպել հայ-ադրբեջանական երկխոսություն»: Սկզբունքորեն ընդունելով գաղափարը, ԱՄՆ պետքարտուղարն ակնարկել է, որ «հարցը պետք է համաձայնեցնել Երեւանի, իսկ եթե անհրաժեշտություն ծագի, նաեւ Մոսկվայի հետ»: Այդ է պատճառը, որ «Թուրանի» աղբյուրը խիստ զգուշավորությամբ է խոսել ԱՄՆ ուղղակի միջնորդության հեռանկարի մասին: Նա միաժամանակ հավանական է համարել, որ դա «կարող է լինել արտգործնախարարների հանդիպում»:
Երկրորդ ուշագրավ պահը վերաբերում է Միացյալ Նահանգների կողմից «Ադրբեջանին զենք վաճառելու խնդրանքին»: Այս առթիվ վաշինգտոնյան աղբյուրն օգտագործել է հետեւյալ ձեւակերպումը. «Հաշվի առնելով ռեգիոնի առանձնահատկությունը եւ ընտրություններից առաջ ԱՄՆ ներքին քաղաքականությունը, վարչակազմի անունից որեւէ խոստում չի տրվել»:
Ի՞նչ կարիք կար, որ պետքարտուղարությունը գաղտնազերծեր Իլհամ Ալիեւի խնդրանքը` ղարաբաղյան կարգավորման բանակցություններում ուղղակի միջնորդություն ստանձնելու հարցում: Դա արդյոք հստակ մերժողական պատասխան չէ՞ այն բոլոր ակնկալիքներին, որ վերջին օրերին հնչում են Բաքվից:
Այլ եզրակացության տեղ չի մնում: Քանի որ եթե պետքարտուղարությունը շահագրգռված լիներ ուղղակի միջնորդություն ստանձնելու հարցում, ապա նման արտահոսք չէր կազմակերպվի: Իսկ ասել, որ «Թուրան»-ի աղբյուրը ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության հետ առնչություն չունի, իմաստ կունենար մի դեպքում միայն` եթե ենթադրելու լինենք, որ ոչ մի «վաշինգտոնյան աղբյուր» էլ գոյություն չունի, Քլինթոն-Ալիեւ բանակցությունները գաղտնազերծել են Բաքվում:
Երկու դեպքում էլ իրավիճակը չի փոխվում: Խնդիրը մնում է առկախ, բայց հասկանալի է դառնում, որ պաշտոնական Բաքուն շարունակում է կառչած մնալ «ուժեղ հովանավորի ձեռքով» սեփական խնդիրները կարգավորելու գայթակղությունից: Եվս մի էական հանգամանք. մշտապես բանակցությունները խզելու եւ ուժ գործադրելու սպառնալիքներ հնչեցնող կողմն, ինչպես տեսնում ենք, ինքն է խնդրում «հայ-ադրբեջանական երկխոսությունը վերսկսելու» հարցում:
Բայց ամեն դեպքում, եթե տեղեկատվական արտահոսք իրոք կազմակերպվել է Վաշինգտոնից, ի՞նչ է դա նշանակում, եթե ոչ` Ադրբեջանի «քթին» հերթական կոպիտ հարված:
Վ. Ա.