Ինչպես միշտ, հիմնականում միայն Հարավարեւմտյան թաղամասում
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում մասնակցել է նոր, խաղային ատրակցիոններով կահավորված մի շարք բակերի բացմանը:
Կուրղինյան 7, Անդրանիկի 114, 118, Շերամի 83, 85, Րաֆֆու 45, 47 եւ 49 շենքերի բակերում փոխվել են եզրաքարերը, սալապատվել են ճեմուղիները, տեղադրվել են նստարաններ, զրուցարաններ, տեղադրել փոքրիկների համար հարմարավետ ժամանակակից խաղային ատրակցիոններ: Այս շրջանում բակերի բարեկարգման աշխատանքներն իրականացվել են ինչպես համայնքային միջոցների հաշվին, այնպես էլ մասնավոր ներդնողների մասնակցությամբ:
«2012թ.-ին մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում մենք լայն թափով սկսեցինք բակերի բարեկարգման աշխատանքները, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արդեն որոշ բակեր հանձնեցինք բնակիչների տնօրինմանը: Շնորհավորելով Մալաթիա-Սեբաստիայի բոլոր բնակիչներին, վստահեցնում եմ, որ այս աշխատանքները լինելու են շարունակական, ու մի քանի տարիների ընթացքում ամբողջ Երեւան քաղաքում կբարեկարգենք բոլոր բակերն ու կհանձնենք բնակիչներին», նշել է Երեւանի քաղաքապետը:
Շրջայցից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել վարչական շրջանի աշխատակազմի հետ:
Անդրադառնալով բնակչության կողմից բարձրացված խնդիրներին, Տարոն Մարգարյանը կարեւորել է հատկապես վերելակային տնտեսության արդիականացման խնդիրը. «21-րդ դարում ուղղակի անթույլատրելի է չաշխատող վերելակը բազմաբնակարան շենքում: Մայրաքաղաքի վերելակային տնտեսությունն արդիականացման կարիք ունի եւ պահանջում է համալիր մոտեցում: Խնդրին համակարգված լուծում տալու համար քաղաքապետարանն այսօր ներդրումային միջոցներ ներգրավելու ծրագրեր է մշակում վերելակային տնտեսության կառավարումը մասնավոր ներդրողների միջոցով իրականացնելու համար», ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Ինչ խոսք, ուրախալի է նոր բարեկարգ բակերի բացումը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, բայց հարկ է, որ քաղաքապետարանում նկատի ունենան, որ Մալաթիա-Սեբաստիա շրջանը միայն ՀարավԱրեւմտյան թաղամասը (Բանգլադեշ) չէ, եւ նման ծրագրեր իրականացնեն շրջանի մյուս թաղամասերում եւս:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ