«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#105, 2012-06-12 | #106, 2012-06-13 | #107, 2012-06-14


«ՎԱԼԼԵՔՍ» ԽՄԲԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԱՐՑԱԽ-ԼՈՌԻ ՇՐՋԱՅՑ

Հունիսի 12-ին «Վալլեքս» խմբի ընկերությունները կազմակերպեցին «Արցախ-Լոռի. տնտեսական-տեղեկատվական կամուրջներ» խորագրով շրջայց, որին մասնակցեցին ՀՀ մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Այցելության առաջին կանգառը եղավ «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ լեռնահանքային համալիրումՙ Արցախի Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի մերձակայքում: Ընկերության վարչական շենքում կազմակերպվեց լեռնահանքային արդյունաբերությանՙ Արցախի տնտեսության մեջ դերին ու նշանակությանը եւ զարգացման հիմնախնդիրներին նվիրված քննարկում. Արցախում եւ Հայաստանում «Վալլեքս» խմբի կատարած աշխատանքները ու զարգացման տնտեսական ծրագրերը շրջայցի մասնակիցներին ներկայացրին «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը եւ փոխնախագահ Արթուր Մկրտումյանը : Քննարկումից հետո շրջայցի մասնակիցները եղան Դրմբոնի լեռնահանքային համալիրի հիմնական միավորներում. այցելեցին հարստացուցիչ ֆաբրիկա, նախկինում կուտակված եւ ընթացիկ գործունեությունից գոյացող պոչանքներից օգտակար հանածոների լրացուցիչ կորզման նորակառույց արտադրամաս, գերմանական արտադրության պոլիէթիլենային թաղանթով ջրամեկուսացված, նորակառույց պոչամբար եւ այլ օբյեկտներ: Այդուհետեւ խումբն ուղեւորվեց Ստեփանակերտ: Ստեփանակերտում տեղի ունեցավ հանդիպում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ. քննարկվեցին Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական կյանքի եւ զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Այցելության հաջորդ օբյեկտը Ստեփանակերտի «Վալլեքս Գարդն Հոթել» հյուրանոցի նորակառույց շենքն էր. հյուրանոցը նախատեսվում է շահագործման հանձնել առաջիկա ամիսներին:

Ստեփանակերտից խումբը մեկնեց ՀՀ Լոռու մարզՙ Թեղուտ գյուղի հարակից տարածքում կառուցվող լեռնահանքային համալիր: Շրջայցի մասնակիցները Վալերի Մեջլումյանի եւ «Թեղուտ» ՓԲ ընկերության այլ ղեկավարների ուղեկցությամբ եղան կառուցվող ֆաբրիկայի, պոչային եւ թափոնային տնտեսությունների, բացահանքի եւ այլ օբյեկտների տարածքներում: Համալիրի տարածքներով շրջելուց հետո «Թեղուտ» ՓԲ ընկերության վարչական շենքում կազմակերպվեց Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման եւ պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրին նվիրված քննարկում, որի շրջանակներում ներկայացվեց ծրագրի նշանակությունը Հայաստանի տնտեսական կյանքում, պատասխանեցին շրջայցի մասնակիցների հարցերին:

«Վալլեքս» խմբի ընկերությունների Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4