Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը կվիճարկի իր լիազորությունները դադարեցնելու եւ աշխատանքային պայմանագիրը լուծարելու ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանը: Զոլյանը դիմել էր նաեւ վարչական դատարան նախարարի հայտարարած խիստ նկատողությունը չեղյալ համարելու պահանջով, սակայն դատարանը հրաժարվել է Զոլյանի հայցն ընդունել:
Սակայն նախկին ռեկտորը մտադիր չէ որոշումից հետ կանգնելՙ խիստ նկատողությունը կվիճարկի Վճռաբեկ դատարանում: Եթե այս կառույցում ոչինչ չստացվի, կդիմի Սահմանադրական, այնուհետեւ Եվրոպական դատարան: Զոլյանը նամակ է գրել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանին, սակայն կառավարության ղեկավարից դեռ պատասխան չի ստացել: Հիշեցնենք, որ Լեզվաբանական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը վարչապետ Սարգսյանը հայտարարել էր, որ Աշոտյանի գործողությունները օրենքին համապատասխան են: Զոլյանի ներկայացմամբՙ իրեն աշխատանքից կարող է ազատել միայն վարչապետը, քանի որ իր աշխատանքային գրքույկում գրված է, որ ռեկտոր է նշանակվել վարչապետի հրամանով: Զոլյանը չի հասկանում, թե ինչու պետք է պաշտոնի նշանակվի վարչապետի, իսկ ազատվի նախարարի հրամանով: Նորանշանակ ռեկտոր Գայանե Գասպարյանին էլ լուրջ չի ընկալում: Ասում էՙ Աշոտյանի հակաօրինական գործողությունները շարունակողն է: Իր սենյակում ներկայիս ռեկտորի խունկ վառելու արարողությանը սարկազմով է վերաբերվում: Ասում էՙ սենյակում խունկ է վառել, որ Զոլյանին ուղեկցող չար ոգիները դուրս գան սենյակից եւ Գասպարյանը դժոխք չգնա: Նրա ներկայացմամբՙ ռեկտորի ընտրությունների ժամանակ օրենքներ են խախտվել: «Ռեկտորի ընտրություններին մասնակցելու իրավունք չունեն խորհրդի 10 անդամներ: Ընտրություններին պետք է մասնակցեին ոլորտի ականավոր գործիչներ, մինչդեռ իրենց թեկնածությունն են առաջադրել չինովնիկները», ասում է Զոլյանըՙ հավելելով, որ շարունակելու է պայքարելՙ հետապնդելով երկու նպատակՙ վերադառնալ պաշտոնի եւ վերականգնել արդարությունը:
Հ. Հ.