Չեխական հայտնի «Տիդեն» ամսագիրը ներկայացրել է բիզնեսի, արվեստի ու մշակույթի բնագավառում չեխական ամենահաջողակ 23 անհատներին, որոնց մեջ է նաեւ երեւանցի գործարար Գեւորգ Ավետիսյանը: «Եթե 1714 թ. հայ Գեւորգ Դեոդատ Դամասկոսցին Պրահայում առաջին սրճարանն էր հիմնել, ապա 300 տարի անց Երեւանից եկել է Գեւորգ Ավետիսյանը եւ չեխերին մեղրով տորթից կախվածության մեջ գցել», գրում է ամսագիրըՙ հղում անելով հայ գործարարիՙ իր ժողովրդի պատմության, հայ-թուրքական հարաբերությունների, այդ համատեքստում Հայոց ցեղասպանության մասին ունեցած տեսակետներին, ծագումով արեւմտահայի (վանեցի) իր արմատներին:
Հայաստանում Սերբիայի Հանրապետության պատվո հյուպատոս Բաբկեն Սիմոնյանի գործունեությունը մեծապես նպաստել է հայ եւ սերբ ժողովուրդների գրական-մշակութային փոխհարաբերությունների զարգացմանը: Բանաստեղծությունների, էսսեների, ակնարկների, ուղեգրությունների նրա ժողովածուները բազմաթիվ մրցանակների են արժանացել թե՛ Հայաստանում, թե՛ Սերբիայում: Նրա թարգմանություններըՙ հայերենից սերբերեն եւ հակառակը, երկու ժողովուրդների սերտացման կարեւոր գործոններից են համարվում:
Բ. Սիմոնյանը համարվում է հայ-սերբական կապերի ստեղծողն ու ճարտարապետը, համարելով դա Աստծո կողմից իրեն տրված առաքելություն, որին նվիրել է կյանքի շուրջ 37 տարիները, կյանքի գրեթե կեսը: «Օրերի» հետ զրույցում սերբագետը ներկայացնում է այս երկրի եւ նրա մշակույթի հանդեպ իր հետաքրքրությունների սկիզբը եւ դրա հետագա ընթացքը:
Յիրժի Նոսեկըՙ Չեխիայի հայտնի նկարիչներից մեկը, երկար ժամանակ հետաքրքրվել է մեր երկրով, Հայաստանը նրա հոգու թանկ անկյունն է եղել, իր տան նախասրահում փակցված է Մինասիՙ իրեն նվիրած նկարը: Առաջին տեղեկությունը Հայաստանի մասին լսել է չեխ թարգմանչուհի Լյուդմիլա Մոտալովայից, տպավորվել է Ֆրանց Վերֆելի հայտնի վեպից: Առաջին անգամ Հայաստան նա եկել է 1967-ին, 1975-ին եղել է Արցախում, որտեղից ստացած տպավորություններից ամենաազդեցիկը եղել է ազերիների կողմից ոչնչացվող խաչքարերն ու դրանց պատմությունը: Հայաստանին նա նվիրել է 70 հեղինակային ցուցահանդես: Նոսեկը սիրել է մեր երկիրն ու մեր ժողովրդինՙ խորապես եւ անկեղծորեն, որոնց խորհրդանիշը նա համարում էր խաչքարերը: Նկարիչը մահացել է 2005-ին: Հայաստանին նվիրված աշխատանքների ցուցահանդեսը Պրահայում բացվել է այս տարվա ապրիլին:
«One World» միջազգային վավերագրական ֆիլմերի փառատոնը մարդու իրավունքներին նվիրված ամենամեծ կինոփառատոնն է, որի այս տարվա մրցույթին 44 երկրից մասնակցել է 106 ֆիլմ: Փառատոնի ժյուրիի անդամներից է եղել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը: Լավագույն ֆիլմ ճանաչվել է շվեդական «Հատուկ չվերթ» վավերագրական ֆիլմըՙ նվիրված Շվեդիայում ապրող միգրանտների խնդրին, նրանց արտաքսման նախապատրաստող կառույցի գործունեության, մարդկային բարդ փոխհարաբերությունների, ապրումների մասին: Լավագույն ռեժիսոր անվանակարգում մրցանակը իսրայելա-պաղեստինյան համատեղ արտադրության «Հինգ կորսված տեսախցիկ» ֆիլմին է շնորհվել:
Ռուս ճանաչված ռեժիսոր Անդրեյ Զվյագինցեւի ֆիլմերը հաջողությամբ ցուցադրել են Պրահայում անցկացված «Ֆեբիոֆեստ» փառատոնում, ֆիլմերից մեկըՙ «Արտաքսումը» նկարահանվել է Վ. Սարոյանի վիպակի հիման վրա:
23-ամյա դաշնակահարուհի Նարե Արղամանյանի մենահամերգները Մ. Նահանգներում եւ Կանադայում մեծ հաջողությամբ են անցել: Լոս Անջելեսում նա Փասադենայի սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարել է Մոցարտի թիվ 20 ռե-մինոր կոնցերտը: «Los Angeles Times»-ը Նարեին բնութագրել է որպես Մոցարտի խորը եւ հասուն մեկնաբան, ընդգծել նրա կատարման արտիկուլյար մաքրությունը, հիասքանչ ձայնային հնչողությունն ու էմոցիոնալ հավասարակշռությունը: «Արղամանյանը ներկայացավ որպես մի վիրտուոզ, որի ձեռքերը բալետի պարուհու նման ճախրում էին օդումՙ ընթացքում հաղթահարելով շարք բարդ պասսաժներ» գրել է թերթը:
Այս ամենի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալՙ կարդալով Պրահայում տպագրվող «Օրեր» հանդեսի վերջին համարը, որի ուշագրավ հրապարակումներից մեկըՙ հրապարակախոս, լրագրող Արիս Ղազինյանի վերջինՙ «Փորձադաշտ Ադրբեջանը» գրքի առիթով ամսագրի խմբագիր Հակոբ Ասատրյանի հարցազրույցն է հեղինակի հետ: Գիրքը, ինչպես ներկայացնում է «Օրերը», լուրջ գիտական ուսումնասիրություն էՙ ոչ միայն Ադրբեջանի պատմության, այլեւ ողջ տարածաշրջանի պատմաքաղաքական եւ հասարակական զարգացումների, ինչը հնարավորություն է տալիս նորովի վերլուծել ե՛ւ հայ-ադրբեջանական հարաբերությունները, ե՛ւ ղարաբաղյան հակամարտությունը:
«Մենք պետք է փորձենք վերաիմաստավորել եւ տեսակավորել այն բոլոր պատճառները, որոնք ընկած են մեր թե՛ ձեռքբերումների, թե՛ կորուստների հիմքում: Պատկերավոր ասածՙ պետք է որոշել յուրաքանչյուր պատմական իրադարձության «բախտորոշության գործակիցը»: Պատմական անցյալը ոչ թե հրապարակային բարձրախոս է, այլ միջոցՙ ազգային կյանքի տվյալ փուլը ճիշտ ախտորոշելու գործում», ասում է հրապարակախոսը:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ