Ճանաչված ջազ կիթառահար Ջոն Բաբոյանը «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի հաղորդմամբ, մայիսի 21-ին մասնակցել է «Արսենալ արվեստի կենտրոնի» ջազային համերգաշրջանի ավարտին իր «Բի-բոպ կիթարզ» խմբի անդամների եւ լեգենդար վոկալիստ-դաշնակահարուհի Մեգի Սքոթի (Մարգարիտա Վազայան) հետ:
Բաբոյանը ապրում է Բելմոնտում, եւ Բերքլիի կիթառի ֆակուլտետից 5 կիթառահարներից կազմված «Բի-բոպ» խմբի ղեկավարն է: Խումբը տարբեր երկրներում է ելույթներ ունեցել, մասնակցել է Հարավային Աֆրիկայում կայացած «Քեյպթաունի ջազային փառատոնին», նվագակցել այնպիսի համբավավոր երաժիշտներիՙ ինչպիսիք են Ֆրենկի Ավալոնը, Ալ Մարտինոն եւ Բեն Վերինը, ինչպես նաեւ ձայնագրություններ կատարել «Բլեք Սի Սալսա Բենդի» եւ «Բոստոն Բենդի» հետ:
1990-ին Բաբոյանը համագործակցելով «Ամարաս Արվեստի Դաշնության» հետ կազմակերպել է առաջին հայկական ջազային փառատոնը, որի ընթացքում Լեքսինգտոնի Հայ քույրերի ակադեմիայի դահլիճում 25 հայ ջազմեններ մի ամբողջ օր ելույթ են ունեցել:
«Մեգին էլ էր այնտեղ եւ հիանալի առիթ էր բոլորիս համար համախմբվել եւ միեւնույն լեզվով ներկայացնել մեր արվեստը», նշել է այդ առթիվ Բաբոյանը:
Սքոթը հայ գաղթականների սերնդից է: Սկսել է դաշնամուր նվագել վաղ հասակից: Հիանալի ձայն ունի եւ վոկալի դասեր է տալիս Բերքլի համալսարանում: Համերգներ է տվել Կոստա Ռիկայում եւ եվրոպական մի շարք երկրներում: Առաջին կինն է, որն ընտրվել է «Բոստոնի երաժիշտների ասոցիացիայի» գործադիր վարչությունում, որտեղ ծառայել է 25 երկար տարիներ:
Բաբոյանն ու Սքոթը հպարտ են իրենց հայկական արմատներով եւ շարունակում են համագործակցել հայ համայնքի հետ:
Հ. Ծ.