Ստոմատոլոգիական օգնությունը Հայաստանում բարձր մակարդակի վրա է, սակայն շուկայական տեսանկյունից ոլորտում խնդիրները բազմաթիվ են: «Սոնատո» ատամնաբուժարանի տնօրեն, բժիշկ-օրթոդենդ Արթուր Փափազյանի ներկայացմամբՙ ստոմատոլոգիական կլինիկաները շատ են, ոլորտում վերահսկողություն չկա, անբարեխիղճ բժիշկների թիվն էլ քիչ չէ: Բժիշկ-հիվանդ հարաբերություններն էլ կարգավորված չեն: Եթե հիվանդի ու բժշկի միջեւ վեճ է ծագում կամ բժիշկն իր պատականություններում թերացել է, խնդիրն ավարտվում է միայն ստոմատոլոգիական կենտրոնումՙ խոսակցությամբ կամ վիրավորանքով:
«Մինչդեռ համաշխարհային պրակտիկայում նման հարցերի լուծման համար կա իրավական հարթակ: Զարգացած երկրներում բժիշկն իրեն չի կարող թույլ տալ ազատություն, սխալ գործի եւ մնա անպատիժ: Կա ուժեղ վերահսկողություն, պատժելիության բարձր աստիճան», ասում է բժիշկը: Անդրադառնալով մանուկների ստոմատոլոգիական խնդիրներինՙ Փափազյանն առանձնացրեց կարիես եւ դիմածնոտային անոմալիաներ կոչվող հիվանդությունները, որպես ամենից հաճախ հանդիպող: «Հայաստանի բնակչության 70 տոկոսի մեջ հանդիպում ես այս երկու հիվանդություններին»:
Էկոլոգիական խնդիրները, սնունդի որակը, ժառանգականությունն ու անգամ մոր հղիության ընթացքի դժվարությունները կարող են լուրջ ազդեցություն ունենալ կարիեսի առաջացման եւ բարդացման գործում: Թեպետ երեխաները 1-2 տարեկան հասակից ծնողների օգնությամբ պետք է ատամները լվանան, սակայն հայ ընտանիքներում այդ պրակտիկան ընդունված չէ: Ավելին, ծնողները դիմում են մանկական ստոմատոլոգի օգնությանը միայն այն ժամանակ, երբ երեխան ցավեր է ունենում: Մինչդեռ տարեկան մի քանի անգամ պետք է երեխային տանել պրոֆիլակտիկ ստուգումների: Բժիշկ օրթոպեդը խորհուրդ է տալիս ատամները լվանալ օրական 1-2 անգամ, խոզանակը երկու ամիսը մեկ անգամ փոխել, տարին երկու անգամ դիմել ստոմատոլոգի:
«Ինչ վերաբերում է հղի կանանց, բժիշկը խորհուրդ է տալիս երկու ամիսը մեկ անգամ դիմել բժշկի եւ օգտագործել կալցիումով հարուստ սնունդ: Բժիշկը հիշեցնում է, որ հղիության ընթացքում ստոմատոլոգին կանոնավոր հաճախումը կնպաստի ապագա փոքրիկի ատամների առողջ լինելուն: Իհարկե վերոնշյալ խնդիրները լուրջ են, սակայն պետք է շեշտել նաեւ բժշկական ծառայությունների, այդ թվումՙ ստոմատոլոգիական բարձր գների մասին:
Ցավոք, առաջարկվող ծառայությունների բուժման գինն ու պետության կողմից սահմանված ցածր ու միջին աշխատավարձը համարժեք չեն: Եթե հարցը դիտարկենք այս տեսանկյունից, ապա հասկանալի կդառնա, թե ինչու են հայերը դիմում բժշկի, երբ դանակը հասել է ոսկորին: Այս հարցում գործում է ոչ այնքան թերի գիտակցությունը, որքան ֆինանսական դժվարությունը:
Հ. Հ.