«Տաշիր» հիմնադրամի եւ ՊԳՖԱ-ի հայտարարած գիտական լրագրության մրցույթի արդյունքների վերաբերյալ
Վերջերս գիտության խնդիրներից խոսելը դարձել է խիստ մոդայիկ: Բոլորն են խոսում գիտությունից: Ինչքան ասես բառեր, տերմիններ ու արտահայտություններ են հնչում բարձր ամբիոններից ու եթերներից. «ֆինանսավորման ավելացման խիստ անհրաժեշտություն», «գիտության ու տնտեսության խզված կապերի միացման հրամայական պահանջ», «ուղեղների արտահոսքի կանգնեցման խնդիր», «գիտության ծերացման աճ ու 5-10 տարի անց վթարի առջեւ հայտնվելու վտանգ», «գիտնականի վարկանիշի բարձրացման անհրաժեշտություն» եւ այլն: Խնդիրներն իրո՛ք շատ են, իսկ առատորեն սիրուն-սիրուն խոսք հնչեցնողը հիմնականում կառավարությունն է, որն իր պարտքն է համարում պատեհ ու անպատեհ առիթներով այստեղ-այնտեղ խոսել գիտելիքահենք տնտեսությունից, ազգերի մրցակցությունից, գիտելիքի արժեւորման անհրաժեշտությունից: Եթե վերը թվարկված խնդիրներից շատերը խոսում են փաստարկված, սրտացավությամբ, դրական տեղաշարժի հասնելու միտումով, ապա կառավարության «խոսքն» ավելի արդարացի կլինի բնորոշել որպես ճոռոմաբանություն ու աչքակապություն:
Ռուսական մի խոսք կա. «Спасение утопающих - дело рук самих утопающих» ու ահա երիտասարդ գիտնականները որոշեցին ստեղծել «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունը, որն ամենուր սկսեց ահազանգել ստեղծված վիճակի աններելիությունը, նաեւ զուգահեռներ տանել կառավարության վերամբարձ խոսքի առատության ու կատարած «գործի» խղճուկության շուրջը: Տարուց ավելի գործում է ՊԳՖԱ-ն ու գործունեություն ծավալում: Իսկ ինչպե՞ս է կառավարությունը վերաբերվում նախաձեռնությանը:
Այստեղ հարկ է հիշել գրաբարյան, գեղեցիկ ու խոսուն մի արտահայտությունՙ «Ձայն բարբառո հանապատի»... Եվ ահա խեղդվողներն իրենքՙ ՊԳՖԱ-ի անդամները ստիպված են ինքնուրույն հայթայթել միջոցներ ու անցկացնել լրագրողական մրցույթներ, որպեսզի արհեստավարժ մակարդակով լուսաբանվեն գիտության խնդիրները` ճեղքելով անապատային անտարբերություն-լռությունը:
Այսպես ահա, ես էլ հայտնվեցի այս հարցերի քննարկումների խաչմերուկներում, ու առաջինը, որ պարզ դարձավ երիտասարդ գիտնականների հետ շփումից, այն էր, որ չկա պետության հոգածությունը, կառավարությունը թերացել է, որ կառավարությունը խոսքից գործի անցնելու անհրաժեշտ փորձ չի անում, որ իրենք սեփական երկրում ապագա չեն տեսնում, որ, ցավոք, վաղ թե ուշ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում թողնել գիտությունը, պիտի թողնեն հայրենիքը. ի վերջո գալու է ճամպրուկները հավաքելու ժամանակը...
Գաբրիել Գարսիա Մարկեսն ասում է. «Այսքան շատ ջանքեր մի գործադրիր: Ամենալավ բաները կատարվում են պատահաբար»: ՊԳՖԱ-ի ջանքերը համարյա իզուր անցանՙ համոզելու կառավարությանըՙ անցնել խոսքից գործի, բայց կա նաեւ պատահականությունը. այդ ճանապարհին պարզվեց (ու երեւի ոչ-պատահականորեն), որ կան սրտացավ մարդիկ, որոնք իրե՛նք առաջարկեցին իրենց աջակցությունը:
«Տաշիր» հիմնադրամն իր վրա վերցրեց մի ծրագիրՙ խրախուսելու միջազգային հեղինակավոր ամսագրերում, այսինքն, ազդեցության գործակից (Impact Factor) ունեցող պարբերականներում մեր երիտասարդ գիտնականների հրապարակումները: Այդ հղումներից յուրաքանչյուրն իրոք պարծանքի առարկա կարող է լինել ամեն ազգի համար եւ կարժեւորվեր յուրաքանչյուր նորմալ երկրում: Ուստի խիստ ողջունելի է Կարապետյանների ընտանիքի նախաձեռնությունը: Շնորհանդեսային ֆուրշետի ընթացքում, «թասը» ձեռքիս, շրջում էի խումբ-խումբ ակտիվ զրուցող` կոկա-կոլայի թասերը ձեռքներին, երիտասարդների կողքով, ոգեւորվում նրանց ոգեւորությունից... ու դառնացած մտածումՙ իսկ ուր է պետությունը, նա, ում պարտքն է «շոյել» շնորհաշատ իր զավակների գլուխը, ոգեւորել նրանց, ստեղծել ավելի ու ավելի լավ պայմաններՙ հետ պահելու նեղացած ու տուն-հայրենիքից հեռանալու պատրաստ երիտասարդներին: Հունիսի 11-ին «Էրեբունի պլազա» հյուրանոցում տեղի ունեցավ մրցանակաբաշխության արարողություն, որտեղ լրատվամիջոցներին տված հարցազրույցներում հիմնականում երիտասարդների կողմից հնչում էր այն միտքը, թե հույս է արթնացել, հույսՙ այն առումով, որ կա՛ն ու հայտնվել են սրտացավ մարդիկ, կան արդարացի մոտեցումներ:
Երիտասարդները շատ էին ոգեւորված. «Տաշիր» հիմնադրամը մրցանակներ եւ խրախուսավճարներ բաժանեց 95 երիտասարդ գիտնականների եւ 11 լրագրողների:
Ուրեմն, կան մարդիկ, որոնք գործում են, որոնք խոստանում են շարունակաբար կատարել լուսավոր ու արժանավայել գործեր: Կան անհատներ, որոնք գիտակցում են, որ մե՛ր փոքրիկ երկրի զարգացման շարժիչ ուժը ոչ նավթն ու գազն է, ոչ օվկիանոսը, ոչ անծայրածիր անտառները, ոչ ոսկու հանքավայրերը: Մեր ոսկին գիտությունն է, որով միշտ էլ փայլել է մեր ազգը: Հետեւաբար, շնորհակալ լինենք նրանց, ովքեր տեսնում են կարեւորությունը գիտության զարգացման ու նպաստում են դրան:
Իսկ Մեծն Թումանյանն ասում էՙ Գործն է անմահ, լա՛վ իմացեք, որ խոսվում է դարեդար, Երնե՜կ նըրան, որ իր գործով կապրի անվերջ, անդադար...
... Էէէ՜հՙ թասդ բե՛ր. «Էս է, որ կա... Ճիշտ ես ասում. թասըդ բե՛ր»:
ՄԱՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ