«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2012-06-13 | #107, 2012-06-14 | #108, 2012-06-15


ԷԼԻ ՄԵԿ ԶՈՀ

Երեկ Ադրբեջանի ՊՆ կենտրոնական հոսպիտալում մահացել է կապիտան Իլգար Վերդիեւը: Նա մեկն էր սպաներից, որ հունիսի 10-ի գիշերը Գերանբոյի ուղղության զորամասերից մեկում զարնվել էր ականի: Պաշտոնական վարկածով, Վերդիեւն «օգնության էր շտապել զորամասի ինժեներասակրավորական ծառայության պետ Զահիր Մամեդովին, երբ վերջինս ականի էր զարնվել»: Վերդիեւը «երկրորդ ականի պայթյունից վիրավորվել էր»:

Բժիշկները հեռացրել էին նրա ձեռքը, իսկ Մամեդովի` ոտքը: Ակնհայտ է, որ ձեռքի հեռացման վիրահատություն տարած Վերդիեւի մահվան պատճառն այլ կարգի վնասվածքներն են: Իսկ դրանց մասին ադրբեջանական կողմը չի տեղեկացնում հասկանալի պատճառներով: Արդեն կասկածից դուրս է, որ Մամեդովը եւ Վերդիեւը ոչ միայն բեկորային, այլեւ հրազենային վերքեր են ստացել: Իսկ դա իր հերթին ենթադրել է տալիս, որ հունիսի 10-ի գիշերը փորձել են դիվերսիոն առաջադրանք կատարել:

Հետաքրքրական է նաեւ, որ Վերդիեւի մահվան մասին հաղորդագրության մեջ նշված է, որ նախկինում «նա ծառայել է ՊՆ լրատվության բաժնում եւ լրագրողների շրջապատում ուներ կարգապահ եւ բանիմաց սպայի համարում»: Մինչեւ ե՞րբ է Վերդիեւը գտնվել ՊՆ լրատվության բաժնում` չի ասվում: Արտառոց է, սակայն, որ լրատվության բաժնի սպան հունիսի 10-ի գիշերը հայտնվել է զորքերի շփման գծում:

Ըստ երեւույթին, կարգապահ, բանիմաց եւ լրագրողների հարգանքը վայելող սպան պետք չէր Ադրբեջանի ՊՆ լրատվության բաժնին: Կամ էլ ինչ-որ մեկի բարեկամին նշանակել են նրա տեղը, իսկ իրեն ուղարկել մարտական ծառայության: Իսկ ՊՆ խոսնակ Էլդար Սաբիրօղլուն լրագրողներից դժգոհել է, որ «չափազանցում են ադրբեջանական կորուստները»: Նրա կարծիքով, երեւի, կապիտան Վերդիեւի մահվան պատճառը ձեռքի անդամահատումն էր: Բայց եթե այդպես է, ուրեմն պիտի ընդունել, որ Ադրբեջանի ԶՈՒ ռազմաբժշկական ծառայությունում միայն ապիկար բժիշկներ են հավաքված: Թե չէ ի՞նչ է նշանակում` անդամահատեցին Վերդիեւի ձեռքը, իսկ մի քանի օր հետո նա մեռավ: Գուցե հարբուխի՞ց:

Վ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4