«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2012-06-13 | #107, 2012-06-14 | #108, 2012-06-15


«ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՄ ԱՅՑԵԼԵԼՈՒ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ»

«Բռնությունների շրջանը պետք է դադարեցվի. այս հակամարտությունը չի լուծվի ուժի կիրառմամբ», Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսում երեկ հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի արտգործնախարար եւ փոխվարչապետ Էյմոն Գիլմորը :

Ըստ ԵԱՀԿ պաշտոնական կայքէջի, Գիլմորը Բաքվում դատապարտել է վերջին շրջանում տեղի ունեցած բռնություններն ու կողմերին կոչ արել` շարունակել աշխատանքը հիմնարար սկզբունքների, վստահության միջոցների հաստատման իրականացման ուղղությամբ, որպես վերջինի բաղադրիչ նշելով «շփման գծից դիպուկահարներին հեռացնելու, ճակատային հատվածում միջադեպերի հետաքննության մեխանիզմի շուրջը համաձայնության, նախագահների վերջին համաձայնության համաձայն մարդկային շփումների զարգացման» մոտեցումները:

Թե որքանով է ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացրած յուրաքանչյուր մոտեցում հարգվում եւ ընդունվում Ադրբեջանի կողմից` ներկայացման կարիք չունի, սակայն Գիլմորն այդ ամենին չի անդրադարձել:

Միեւնույն ժամանակ, Բաքու այցելությամբ տարածաշրջանային այցը եզրափակած Էյմոն Գիլմորը հունիսի 13-ին դեռեւս նոր վայրէջք կատարելով Բաքվում, հենց օդանավակայանում ադրբեջանական մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչներին, վերաբերմունք արտահայտելով Լեռնային Ղարաբաղ այցելելու Հայաստանի առաջարկի առնչությամբ, հայտարարել է. «Միանշանակ հայտարարում եմ, որ որեւէ մտադրություն չունեմ այցելելու Լեռնային Ղարաբաղ»:

Եվ այսօրինակ հայտարարություն անում է այն երկրի ներկայացուցիչը, որն ամեն առիթով հակամարտությունների կարգավորման թեմային անդրադառնալիս հիշում է «իռլանդական» փորձը, կարծես այն օրինակ է ծառայում հենց այն մոտեցման շնորհիվ, որ որեւէ մեկը հանկարծ չայցելի հակամարտության գոտի: ԵԱՀԿ գործող նախագահը ոչ միայն պետք է նման հայտարարությամբ հանդես չգա, այլ միշտ էլ մտադրություն ունենա այցելելու այն տարածաշրջանը, որտեղ ապրող մարդկանց իրավունքների հարցն էլ հենց հակամարտության լուծման հիմնական թեման է:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4