Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Տարածաշրջանում առավել անվտանգ ու բարգավաճ ապագա ունենալու համար ԱՄՆ-ի համար չկա առավել առաջնային հարց, քան ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն է», ԱՄՆ Սենատի արտաքին հարցերով հանձնաժողովի հունիսի 13-ի նիստում, երբ քննարկվում էր Ադրբեջանում դեսպանության իր իսկ թեկնածությունը, այսպես է իր տեսակետները ներկայացրել ԱՄՆ նախագահի կողմից որպես դեսպան առաջադրված Ռիչարդ Մորնինգսթարը` խոսելով էներգետիկայից տարբեր ԱՄՆ-Ադրբեջան հարցերից:
Հայ դատի ամերիկյան գրասենյակը տեղեկացնում է, որ դեսպանի թեկնածուի առնչությամբ քննարկումներում կարեւոր տեղ են զբաղեցրել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի բռնությունների, ինչպես նաեւ հարեւան երկրում մարդու իրավունքների ոտնահարման հարցերը:
Բացի դրանիցՙ ապագա դեսպանին հարցեր են ուղղվել Հայոց ցեղասպանության, Ալիեւի հակահայկական հայտարարությունների, Ջուղայում կատարված հանցագործության մասին:
Սենատոր Ռոբերտ Մենենդեսն իր հարցադրումներում հատուկ ուշադրության կոչ է արել Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին հարձակումների, Ադրբեջանի նախագահ Ալիեւի սպառնալիքների, թե «Հայերը պետք է ապրեն վախի մթնոլորտում» ու «Մեր հիմնական թշնամիները աշխարհի հայերն են», առումով: Մենենդեսը դեսպանի թեկնածուից հետաքրքրվել է, թե այդօրինակ հայտարարությունների հիման վրա արդյոք ԱՄՆ ազգային շահերի՞ց է բխում Ադրբեջանին ռազմական աջակցության տրամադրումը:
«Արդար կլինի ասել եւ ասում եմ, որ որեւէ ապակառուցողական լեզու, ինչպիսին դուք նշեցիք, որեւէ գործողություն որեւէ կողմից, որ բերում է կյանքի կորստի, մեծ լարվածություն է ստեղծում, կարող է բարդացնել իրավիճակը, ինչն էլ կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ ու առավել բարդացնել ղարաբաղյան հարցի կարգավորմանը հասնելու խնդիրը», արձագանքել է Մորնինգսթարը, այդուհանդերձ, տեղի ունեցածը Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիա չորակելով:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին ռազմական աջակցությանը, ապա ապագա դեսպանը փորձել է փաստարկներ բերել, թե Իրանի հետ իրավիճակը հաշվի առնելով ԱՄՆ-ը պետք է անվտանգության, «հնարավորության դեպքում` ռազմական» աջակցություն ցուցաբերի «այնպիսի ճանապարհներով, որ չեն օգտագործվի Ղարաբաղին առնչվող իրավիճակը բարդացմանը»: Սենատոր Մենենդեսը կարճ ռեպլիկ է արել, շեշտելովՙ «Չեմ հիշում, որ Ալիեւը հայտարարած լիներ, թե իրենց հիմնական մտահոգությունը Իրանն է»:
Մենենդեսի հարցադրմանը, թե Ադրբեջանի կողմից Ջուղայի հայկական գերեզմանոցի ավերումը տեղ չէր գտել ԱՄն պետքարտուղարության կրոնի ազատության հարցերով զեկույցում, Մորնինգսթարը վկայել է, թե անտեղյակ է, միաժամանակ խոստանալով, որ դեսպանի պաշտոնում հաստատվելու պարագայում կջանա այցելել գերեզմանատուն: Մենենդեսի պնդմանը, թե նախկինում այդպես էլ Ջուղայի հայկական գերեզմանոց այցելելու հնարավորություն չստացավ Մեթյու Բրայզան, արդյոք Մորնինգսթարը կանի հնարավորը այնտեղ այցելելու համար, վերջինս հաստատել էՙ այո:
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության հարցին, թե արդյոք նշանակվելիք դեսպանը վիճարկում է այդ փաստը, Մորնինգսթարը անորոշ արձագանքել էՙ ոչ, չհստակեցնելով, թե ինչ է դա նշանակում:
Ինչեւէ, ըստ Սենատի կանոնների, սենատորները դեռեւս երեկ կարող էին գրավոր հարցեր ուղղել Ռիչարդ Մորնինգսթարին: Միեւնույն ժամանակ, չկա որեւէ ժամկետ, մինչ որը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պետք է հաստատի կամ մերժի Մորնինգսթարի թեկնածությունը: