Համաձայն 2012 թ. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) եւ զինված ուժերի պատրաստության պլանիՙ Հայաստանում կանցկացվեն զորավարժություններ:
Առաջինը Փոխգործակցություն-2012 թ. զորավարժությունն էՙ արագ արձագանքման ուժերի կիրառմամբ: Այդ ֆոնին կանցկացվի նաեւ զինված ուժերի կիրառման համար ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը, որի առաջին փուլը ռազմաքաղաքականն է: Տեղեկատվությունը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանինն է: Վերջինիս ներկայացմամբ, այդ փուլում կընդգրկվեն նաեւ բոլոր պետական մարմինների ներկայացուցիչները, այդ թվումՙ անվտանգության խորհուրդը: Հենց այդ պառճառով շաբաթվա ընթացքում նախարարությունը բոլոր պետական մարմինների պատասխանատուների հետ հավաքներ է անցկացնում: Ռազմաքաղաքական փուլը կանցկացվի հունիսի 25-27-ը: Խորագիրն էՙ «Ռազմապետական ղեկավարման համակարգի ծավալումը պատերազմական ժամանակաշրջանում եւ ագրեսիայի հետմղման հիմնական միջոցառումների կազմակերպումը»:
Կառավարության նիստի վերջում նախարարը բոլոր պետական մարմինների ղեկավարներին խնդրեց համապատասխան ցուցումներ տալՙ նախապատրաստվելու այդ միջոցառմանը: Նախարարը վստահ էՙ նմանատիպ միջոցառումները Հայաստանին կբերեն մարտական բարձր պատրաստության: «Դրա ֆոնին մենք նախապատրաստելու ենք համապատասխան հրամանագրերՙ ռազմական դրության բերման, զորահավաքի անցկացման, ագրեսիայի դիմագրավման: Կլինի նաեւ Հայաստանի նախագահի դիմումը ՀԱՊԿ ղեկավարությանըՙ մեզ աջակցելու ուղղությամբ, որպեսզի նախախապատրաստվենք եւ պատշաճ կերպով մասնակցենք այդ փուլին», ասաց նախարարը:
Հ. Հ.