ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունիսի 6-ին հայտարարել էր, որ հունիսի 18-ին Փարիզում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ միջնորդները կառաջարկեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր մոտեցումներ: «Մենք ուզում ենք որքան կարելի է շուտ հասնել խաղաղության եւ փարիզյան հանդիպման ժամանակ մենք կառաջարկենք նոր մոտեցում հակամարտության կարգավորման համար: Հարցի լուծումը պետք է գտնվի»,- ասել էր տիկին Քլինթոնը: Խնդրին քաջատեղյակ դիտորդների շրջանում անմիջապես փնտրտուք սկսվեց այն հնարավոր լուծումների, որոնք կարող են առաջ մղել բանակցային գործընթացը եւ բարձր պահել ԵԱՀԿ Մինսկի խմբի վարկը: Բոլորը հասկանում են, որ տեսանելի հեռանկարում հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբին այլընտրանք չկա: ԵԱՀԿ գործող նախագահությունը ստանձնած Իռլանդիայի արտաքին գործերի նախարար Էյմոն Գիլմորը հայտարարել էր, որ ինքը Երեւանում եւ Բաքվում մեկ կոչ ունի, որ կողմերը լուրջ քայլեր ձեռնարկեն շփման գծում վերջին միջադեպերի կրկնությունը բացառելու համար: Նա վերստին կոչ էր արել զերծ մնալ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից: «ԵԱՀԿ-ն կարող է օգնել կամուրջներ հաստատելու գործում եւ երկխոսության հարթակ կլինի, բայց չի կարող լուծում պարտադրել»,- հայտարարել էր նա:
Վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը մի զգույշ դիտարկում է արել այն կապակցությամբ, որ կողմերին առաջարկվելիք թարմ մոտեցումներից մեկը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներգրավումը բանակցային գործընթացի մեջ: Հասկանալի է, որ առ այս պահը ԼՂՀ օրինական իշխանությունների ներկայացուցիչները բանակցային գործընթացում ուղղակիորեն չեն ընդգրկվել այն պարզ պատճառով, որ կարգավորման գործընթացը դեռ հեռու է իր վերջնախաղից: Նաեւ այն պատճառով, որ Ադրբեջանը առ այսօր որեւէ կերպ չի հրաժարվել Ղարաբաղյան հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի տարածքի համար Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտություն ներկայացնելուց` օգտվելով այն պարզ հանգամանքից, որ ԵԱՀԿ-ն հիսունվեց ինքնիշխան պետություններ միավորող տարածաշրջանային անվտանգային կառույց է, եւ 1992 թ. մարտից գործող Մինսկի խմբում Արցախը որպես կողմ կարող է ընդգրկվել միայն Ադրբեջանի համաձայնության դեպքում: Այն փաստարկը, թե ԼՂՀ ստորագրությունը կա 1994 թ. մայիսին հաստատված հրադադարի փաստաթղթի տակ, ինչը գործնականում նշանակում է, որ Ադրբեջանն այն պահին ընդունել է ԼՂՀ-ն որպես հակամարտության կողմ, անցած տասնութ տարիների ընթացքում բանակցային գործընթացում որեւէ շոշափելի փոփոխության չի բերել: Արժե հիշեցնել նաեւ, որ 2006 թվականից առ այսօր քննարկվող եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բազմաթիվ հանդիպումներում քայլ առ քայլ առաջ տարվող նորացված մադրիդյան սկզբունքների կամ, ինչպես ասում են, «հիմնարար սկզբունքների» չհամաձայնեցված մոտեցումների մեխը մնում է Հայաստանի պահանջը` ճանաչել ԼՂՀ կարգավիճակը ժողովրդավարական, համաժողովրդական կամարտահայտման հիման վրա, իսկ Ադրբեջանի մոտեցումը` որոշել ԼՂՀ կարգավիճակը միայն նրա հայ եւ ադրբեջանցի համայնքների փոխհամաձայնության արդյունքում: Դիվանագիտական երկուստեք փոխհրաձգությունը ամենատարբեր հարթակներում եւ տարբեր ամբիոններից այս հարցում փոխըմբռնման հույս առայժմ չի արթնացրել եւ պատճառ է դարձել խնդրով հետաքրքրվող մասնագետների շրջանում խոսելու փակուղու մասին:
Այս հոդվածում կուզենայինք քննարկել այն հնարավոր լուծումները, որոնք կարող էին գծագրվել, եթե Հայաստանն ու Ադրբեջանը բանակցային գործընթացը առաջ մղելու իրենց կամքը ցույց տալու իբրեւ թարմ մոտեցում ընդունեին Լեռնային Ղարաբաղի մասնակցության հնարավորությունը:
ԼՂՀ միջազգային ճանաչմանը այլընտրանք չկա
Այս պարզ կարգախոսը իր ճշմարտացիությունը եւ կենսունակությունը վերահաստատեց ՀՀ Ազգային ժողովի մայիսին անցած ընտրությունների արդյունքում: Հայաստանի քաղաքական դաշտում չկա տարաձայնություն այս հարցում, իսկ արմատական տարաձայնությունը իշխանության եւ ընդդիմության միջեւ հանգում է մեկ հարցադրման. ԼՂՀ միջազգային ճանաչման ճանապարհին ե՞րբ է ճիշտ ժամանակը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատի նրա հետ: Կբերի՞ արդյոք այդ քայլը մեր դիրքերի ուժեղացման եւ խաղաղության: Կամ գուցե կան միջանկյալ դիվանագիտական-քաղաքական բնույթի այլ քայլեր, որոնք կարող են մեկ կամ մի քանի աստիճան բարձրացնել ԼՂՀ-ն նրա միջազգային ճանաչման ճանապարհին:
Չցանկանալով վերադառնալ հայաստանյան իրականության մեջ անցած տարիներին մի քանի անգամ բորբոքված այս վիճաբանությանը, միայն մեկ հիմնահարց ենք ուզում քննարկել: Ի՞նչ քայլեր պետք է արվեն Հայաստանի եւ Արցախի կողմից տեսականորեն մի օր, երբ այդ ճանաչումը իրականություն դառնա: Պարզ է, որ դրան հաջորդելու է ինտեգրման գործընթացը, որը արտահայտվելու է այն բանում, որ շատ ավելի սերտորեն ու համաձայնեցված են գործելու երկու պետությունների խորհրդարանները, կառավարությունները, քաղաքացիական հասարակության ինստիտուտները, գիտության, կրթության, արվեստի, մշակույթի, հումանիտար ոլորտի հաստատություններն ու դրանց ներկայացուցիչները: Եվ որպես դրա տրամաբանական շարունակություն, երկու կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ ձեւավորվելիք պատվիրակությունները միասնական ջանքերով ներկայացնելու են Արցախի դատը միջազգային տարբեր ատյաններում: Հարց կառաջանա, իսկ ինչո՞ւ դա չէր արվում մինչեւ հիմա: Հարկ է հիշենք, որ Հայաստանի իշխանությունների ամենատարբեր օղակներում անցած տարիների ընթացքում դրսեւորված ցանկությունըՙ ներգրավել արցախցի գործընկերներին այդ միջազգային գործընթացներում (լինի ԵԱՀԿ-ն կամ Եվրոպայի խորհուրդը իրենց խորհրդարանական ձեւաչափերով, լինի ՄԱԿ-ը իր մասնագիտացված կառույցներով, լինեն դրանք մյուս տարածաշրջանային կազմակերպությունները իրենց մասնագիտացված կոնֆերանսներով, սեմինարներով, կլոր սեղաններով), մշտապես հանդիպել է մեկ խոչընդոտի: Այդ ատյանները համաձայն չեն եղել, որովհետեւ դեմ է եղել Ադրբեջանը: Հարց. ի՞նչ կփոխվի, եթե Ադրբեջանը ընդունի վերոհիշյալ հիպոթետիկ «թարմ մոտեցումները» եւ հանի իր առարկությունները: Ադրբեջանական կողմի պնդմամբՙ դա կարող է տեղի ունենալ միայն մեկ դեպքում` եթե Արցախը ներկայացված է ոչ միայն հայ պատվիրակներով, այլ նաեւ ադրբեջանցի: Բայց որտեղի՞ց Արցախում ադրբեջանցի հասարակություն եւ նրա ներկայացուցիչներ: Ադրբեջանական այս թեզը սառնասրտորեն դեռ կքննարկենք, իսկ այստեղ կուզենայի նշել, որ դրական ազդանշանը ԵԱՀԿ Մինսկի խմբից, ասել է թեՙ միջազգային հանրությունից, անմիջապես կմեծացներ Լեռնային Ղարաբաղի քաղաքական եւ հասարակական շրջանակների պատասխանատվությունը Ղարաբաղյան գործընթացի շոշափելի արդյունքի հարցում: Ի՞նչն է խանգարում Հայաստանում ներկայացված միջազգային կառավարական եւ ոչ կառավարական կառույցներին իրենց ներկայացուցչությունները բացել Ստեփանակերտում, իսկ արցախցիներին պարտադիր մասնակիցը դարձնել Երեւանում, Թբիլիսիում, հետո նաեւ այլ վայրերում կազմակերպվող պաշտոնական եւ ոչ ֆորմալ միջոցառումների: Ընդ որում նախապես դրսերում հաստատելով այդ ծախսերի նախահաշիվները: Նորից նույն բանը. Բաքվի, հետեւաբար եւ միջազգային հանրության առարկությունները: Եթե պաշտոնական Բաքուն շարունակելու է իր քսան տարվա գիծը եւ քարոզչական պատերազմը սահմանային ռազմական սադրանքներով պարբերաբար փոխատեղելու իր քաղաքականությունը, ապա ճիշտ է Ռիչարդ Կիրակոսյանը, ով զգուշացնում է, որ ճիշտ կլիներ լրջորեն պատրաստվել 2014 թ. Սոչիի օլիմպիադայի օրերին Ադրբեջանի կողմից սանձազերծվելիք ռազմական հարձակումը արժանապատվորեն հետ մղելուն: Բայց եթե ճիշտ են նրանք, ովքեր խոսում են հայ-ադրբեջանական ուղիղ երկխոսությունը առաջ մղելու հնարավորության եւ դրանում նպաստավոր պահի մասին, իսկ այդպիսիներն էլ քիչ չեն, ապա պետք է կարծել, որ հայ-ադրբեջանական հնարավոր շփումների եւս մեկ նպատակը ԼՂՀ-ն բանակցությունների օբյեկտից բանակցային գործընթացի սուբյեկտի վերածելու հարցն է:
Ով ում հետ եւ հանուն ինչի կերկխոսի
Ադրբեջանցիներն ասում են. «Եկե՛ք շփվենք ուղղակի: Եկե՛ք շփվենք ոչ միայն Հայաստանում ու Ադրբեջանում, այլեւ Ղարաբաղում: Մեր կողմից այդ շփմանը հաճույքով կմասնակցեն ծնունդով ղարաբաղցի ադրբեջանցի պատգամավորներ, քաղաքական գործիչներ ու մտավորականներ: Հետո նույն կերպ թող շփվեն Ադրբեջանի, Ղարաբաղի ու Հայաստանի երիտասարդները»: Սա միայն առերեւույթ «սիրալիր» պատգամ, է եւ այս մասին մենք մեկ շաբաթ առաջ այս էջում գրել ենք: Հիմա կուզենայինք վերլուծել հարցը իրավական եւ դիվանագիտական տեսանկյունից: Հայաստանը բանակցում է Ադրբեջանի հետ ոչ թե Լեռնային Ղարաբաղի փոխարեն, այլ որովհետեւ նրա անվտանգության եւ ժողովրդի ապահովության թիվ մեկ երաշխավորն է: Ադրբեջանը բանակցում է Հայաստանի հետ, որովհետեւ չի ուզում բանակցել ԼՂՀ-ի հետ: Իսկ չի ուզում, որովհետեւ անկախության ձգտող ԼՂՀ-ի հետ բանակցել եւ նրան անկախություն չշնորհելը շատ աննպաստ դիրքերից է ներկայացնում Ադրբեջանը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ԵԱՀԿ գործող նախագահին օրերս վերստին հիշեցրեց, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը չի կարող կարգավորվել առանց ԼՂՀ մասնակցության եւ համաձայնության, եւ կոչ արեց թե՛ Իռլանդիայի արտգործնախարարին եւ թե՛ մյուս բոլոր միջազգային հետաքրքրված պաշտոնատարներինՙ այցելել Ստեփանակերտ: ԼՂՀ-ն քսանամյակը բոլորած, աներկբայորեն կայացած անկախ պետականություն է եւ ուշ թե շուտ պետք է բանակցի եւ բանակցելու է Ադրբեջանական Հանրապետության հետ: Պատրա՞ստ են պաշտոնական Ստեփանակերտում ընդունել եւ խոսել պաշտոնական Բաքվի ներկայացուցիչների հետ, եթե նրանք Ադրբեջանում ներկայանալու են իբրեւ Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ: Սա ռիսկեր պարունակող, բայց հավանական տարբերակ է: Խնդրի խորամանկությունն այն է, որ պետությունը պետության հետ պետք է խոսի, եւ սա է միջազգային իրավունքի հրամայականը: Բայց կարող է ստացվել այնպես, որ դրան տանող ճանապարհը հետեւյալը կարող է լինել. Ադրբեջանը խնդիրը ներկայացնում է որպես իր շփումը անջատվել ցանկացող իր մի մասի հետ: ԼՂՀ-ն, ասել կուզիՙ հայկական իրականությունը, խնդիրը ներկայացնում է իբրեւ Արցախի պետության շփում իրենց նախկին բնակության վայրերը վերադառնալ ցանկացող ադրբեջանցիների ներկայացուցիչների հետ:
Այս ասիմետրիաները դիվանագիտության տեսանկյունից անիմաստ են, եթե չասենքՙ անընդունելի: Բայց բանակցային գործընթացը առաջ մղելու տեսանկյունից այս կարգի շփումների հարցը ինչ-որ կերպ կարող է բարձրացվել: Բա էլ որտե՞ղ հայկական կողմը ադրբեջանցիներին եւ միջազգային հանրությանը կհայտնի իր պահանջը, օրինակ, Մարդակերտի շրջանի մի մասի եւ Շահումյանի շրջանի ադրբեջանական զորքերի կողմից օկուպացված տարածքները վերադարձնելու պահանջը բանակցային փաթեթում ներառելու հարցը: Կամ ինչպե՞ս է հնարավոր լուծել դիպուկահարներին շփման գծից հեռացնելու հարցը առանց զինվորականության համաձայնեցված գործողությունների եւ կողմերի քաղաքական հովանավորության: Կամ ինչպե՞ս պետք է լուծել ճանապարհների վերաբացման հարցը առանց ադրբեջանցի եւ արցախցի պատկան մարմինների մշտական աշխատանքային շփումների, եթե նույնիսկ կողմերը դեռ երկար ժամանակ պատրաստ չեն լինելու իրավականորեն ճանաչելու մեկ-մեկու: Չէ՞ որ հենց առաջին ղարաբաղա-ադրբեջանական, նույնիսկ ոչ ֆորմալ հանդիպումների ժամանակ կարելի է դնել Ստեփանակերտում ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, միջազգային խոշոր զանազան կազմակերպությունների առաքելություններ տեղակայելու հարցը: Չէ՞ որ սա ավելի խելամիտ եւ մարդասիրական հարցադրում է, քան հակամարտության ամբողջ գոտում միջազգային զինված ուժեր տեղակայելու հարցադրումը: Ի՞նչ պետք է ասեն ադրբեջանցիները, երբ իրենց իսկ առաջարկությամբ սկսեն ուղղակի շփվել արցախցի հայերի հետ... Մի բան հաստատ է` առանց այդ շփումների հիմնարար սկզբունքներում ներառված, արդեն համաձայնեցված եւ դեռեւս չհամաձայնեցված կետերից եւ ոչ մեկը իրականություն չի կարող դառնալ:
Խաղաղության դիվանագիտության մարդկային գործոնը
Անցած տարիների ընթացքում մշտապես եղել եմ Արցախում, սիրով ու հաճույքով շփվել եմ պատգամավորների, հասարակական գործիչների, մտավորականների, երիտասարդների հետ: Գիտեմ, որ Արցախի ազատասեր մարդիկ նեղվում են իրենց երկրի անորոշ վիճակից եւ հնարավորություններ են փնտրում միջազգային մակարդակներում իրենց հարցի քննարկումներին ավելի ակտիվ մասնակցության համար: Պատկերացրեք, որ տիկին Քլինթոնի ասած «նոր մոտեցումները» իսկապես ներառում են բանակցային գործընթացում Արցախի մասնակցության հնարավորությունը: Ենթադրենք նաեւ, որ հայերս համաձայն ենք տարբեր կողմերից դրա համար առաջադրվող պայմաններին: Համոզված ասում եմ, որ Հայաստան-Արցախ համագործակցությունն ու համաձայնեցված քայլերը բոլոր մակարդակներում միանգամից նոր որակ կարող են ստանալ: Կրկին կհամախմբվեն Արցախի ինտելեկտն ու կառուցողական ներուժը, եւ տարբեր կողմեր ցրված մարդիկ կրկին միասին ու միահամուռ գործելու թե՛ հնարավորություն եւ թե՛ ասպարեզ կստանան: Եվրոխորհրդարանը իր հայտնի բանաձեւում հայտարարել է, որ եվրոպացի պաշտոնատարները պետք է անարգել Ստեփանակերտ այցելեն: Եվրոպացի պաշտոնատարնեը չեն շտապում իրագործել այդ դրույթը, երեւի սպասում են Մինսկի խմբի համանախագահների ազդանշանին: Այս մոտեցումների ծիրում Ադրբեջանը պետք է հանի Ղարաբաղ այցելող օտարերկրացիներին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու սպառնալիքը, իսկ նախկին նման որոշումները չեղյալ հայտարարի: Թե չէ ինչպե՞ս հասկանալ, որ ադրբեջանցի պատգամավորներին Ստեփանակերտ այցելել արդեն կարելի է, իսկ ռուս կամ եվրոպացի խորհրդարանականներին` դեռ ոչ: Այս կարգի բազմաթիվ հարցեր են ծագում բոլոր հետաքրքրվողներիս մտքերում հունիսի 18-ի փարիզյան հանդիպման նախօրեին: Ղարաբաղյան հակամարտության գոտուց ամեն օր մեկ խաղաղության ու երկխոսության, մեկ էլ սադրանքների ու թշնամության մասին վկայող տեղեկություններ են ստացվում:
Այս տողերը գրելիս հիշում եմ ավագ ընկերներից մեկի խոսքը, որ ասում էր. «Մեծագույն դիվանագետները նրանք են, ովքեր կարողանում են իրենց հակառակորդներին գործընկեր դարձնել»: Համոզված եմ, որ ոչ մի վատ բան չի պատահի, որ հայաստանյան եւ ադրբեջանական իրականության մեջ քաղաքական իրողությունների սթափ գնահատականների կողքին սկսեն ծանրութեթեւ անել բոլոր մակարդակներում երկխոսելու հարցը: Ղարաբաղյան կարգավորման գործընթացը առաջ մղելուն ուղղված նոր մոտեցումների փնտրտուքը պետք է շարունակել:
ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու