«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2012-06-13 | #107, 2012-06-14 | #108, 2012-06-15


ՄԱՄԵԴՅԱՐՈՎԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է «ՀԱՅ ՄԱՐԴԿԱՆՑ ՍՊԱՆԵԼ»

Որ ՄԱԿ-ը եւ նրա Անվտանգության խորհուրդըՙ որպես միջազգային խաղաղության գլխավոր պահապան, հեղինակազրկվում են ամեն անգամ, երբ այդ խորհրդին անդամագրվում է երկիր, կոնկրետ դեպքում` Ադրբեջանը, որը գրեթե պատերազմական իրավիճակում է, փաստ է: Որ գրեթե պատերազմական իրավիճակում գտնվող երկիրը ընդամենը օրեր առաջ սահմանում արյունալի միջադեպեր հրահրելով, մարդկային զոհեր պատճառելով, հետեւաբար պատերազմը վերսկսելու բարձրաձայնած ցանկությամբ, զուգահեռաբար կարող է հայտարարել նաեւ, թե ինքը «միջազգային խաղաղության պահպանմամբ ու ամրապնդմամբ հետաքրքրված է», սա նույնպես փաստ է: ՆԱՏՕ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Խազար Իբրահիմն, օրինակ, ադրբեջանական 1news.az-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե իր երկիրը հետաքրքրված է միջազգային խաղաղության ամրապնդմամբ, սակայն նույն ժամանակահատվածում ահա թե ինչ է ասում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Նախ Մամեդյարովն ընդգծում է, թե «Ադրբեջանը տվել է իր համաձայնությունը, որպեսզի դիպուկահարները հետ տարվեն ու սահմանին զինված պատահարների հետաքննման մեխանիզմ ստեղծվի»:

Բացի նրանից, որ դիպուկահարների մասով Մամեդյարովը, մեղմ ասած, ճիշտ չի խոսում, այս հայտարարությունը հետաքրքրական է իր շարունակությամբ: Մամեդյարովը շարունակում է. «Սակայն այդ մեխանիզմը պետք է ներմուծվի միայն այն ժամանակ, երբ հայերն իրենց օկուպացիոն զորքերը հետ կտանեն Ադրբեջանի տարածքից, հակառակ պարագայում դա կդառնա առկա ստատուս քվոյի ամրապնդում: Զինվորի մահը ծայրահեղ անցանկալի իրողությունն է: Սակայն եթե Հայաստանը ցանկանում է իր մարդկանց մահվան դեպքերը դադարեցնել, թող հանի իր զորքերը Ադրբեջանի տարածքից: Այս պարագայում այլեւս անհրաժեշտություն էլ չի լինի ոչ զինված պատահարները հետաքննող մեխանիզմների ստեղծման, ոչ էլ դիպուկահարներին առաջնային գծից հանելու»:

Փաստորեն Մամեդյարովն ինքն իր խոսքում հասկացնում է, որ Ադրբեջանը երբեք էլ չի համաձայնել դիպուկահարներին առաջին գծից հանելուն ու զինված պատահարները հետաքննող մարմին ստեղծելուն: Ինչո՞ւ, որովհետեւ Ադրբեջանը հակամարտության հատկապես այն կողմն է, որը իրադրությունը սրելով, դիպուկահարներին օգտագործելով, պատճառ է դառնում «հայ մարդկանց» մահվան դեպքերի (Մամեդյարովն ինքը, փորձառու դիվանագետ լինելով, ընդգծում էՙ հայ մարդկանց, այլ ոչ թե հայ զինվորների - Հ. Ա.): Ստացվում է նաեւ, որ Ադրբեջանի առաջին դիվանագետը պարզապես զբաղված է շանտաժով, ընդ որում` սպառնալով խլել մարդկային կյանքեր. «Եթե Հայաստանն ուզում է դադարեցնել իր մարդկանց մահվան դեպքերը, թող հանի իր զորքերը Ադրբեջանի տարածքից»: Այս ձեւակերպումը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի ԱԳ նախարարի կողմից Ադրբեջանի նախահարձակ լինելու խոսուն ապացույց:

Հակառակ պարագայում, անշուշտ, ՄԱԿ-ի ԱԽ անդամ Ադրբեջանը «ուղղակի կշարունակի հայ մարդկանց սպանությունները», Մամեդյարովը սա թերեւս մոռացել է հավելել:

Մյուս կողմից, երեկ հայտարարություն է տարածել Ադրբեջանի մեկ այլ գերատեսչություն` պաշտպանականը: Ադրբեջանական բանակի գնդապետ, ՊՆ մամուլի քարտուղար Էլդար Սաբիրօղլուն երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որով, փաստորեն դատապարտել է «որոշ ադրբեջանական լրատվամիջոցներին»: Վերջին օրերին տեղի ունեցած սահմանային միջադեպերի հետեւանքով, ըստ վերոհիշյալ «որոշ ադրբեջանական լրատվամիջոցների», հարեւան երկրի բանակը տվել է ոչ թե հինգ զոհ, ինչը պաշտոնապես հաստատվել է, այլ` 40: Գնդապետ Սաբիրօղլուն, հորդորել է այս լրատվամիջոցներին` «պահպանել զգուշությունը, քանի որ նման սուտ տեղեկությունները առաջացնում են տագնապ հասարակության շրջանում», ըստ էության ոչ մի փաստացի հերքմամբ հանդես չի եկել, այլ ընդամենը ընդգծել է, որ «այս լուրերի տարածումից պետք է ձեռնպահ մնալ, քանի որ դրանք ուրախացնում են թշնամուն»:

Սաբիրօղլուն շեշտել է, թե երկրի ՊՆ-ն «ճիշտ ժամանակին եւ հավաստի տեղեկություն է տարածել` մարտերի հետ կապված», իսկ մնացյալը, ինչ կա` «սուտ է»: Համաձայնենք, անշուշտ «ադրբեջանական որոշ կայքերը» պետք է ապացուցեն իրենց տեղեկությունների իսկությունը, սակայն այդ երկրի պաշտպանական գերատեսչությունը եւս պետք է ապացուցի, որ այդ լուրերը սուտ են, քանի որ, ի տարբերություն լրատվամիջոցների, պետական գերատեսչությունը պարտավոր է խոսել բացառապես փաստերով: Օրինակ, ընդունել, որ սեփական ԱԳ նախարարը սպառնում է «սպանել հայ մարդկանց», դրանով իսկ չկարեւորելով մարդկային կյանքը, այդ թվում, փաստորեն, սեփական ժողովրդի ներկայացուցիչների:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4