«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2012-06-13 | #107, 2012-06-14 | #108, 2012-06-15


ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ,

«Սիվիլիթասը» տեսնում է

Երեկ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, պատասխանելով «7 օր» կայքի թղթակցի այն հարցին, թե ինչպես է գնահատում Օսկանյանի կողմից ԱԱԾ-ի հարուցած գործը իր նկատմամբ քաղաքական հետապնդում անվանելը, ասել է. «Ես վստահ եմ, որ քաղաքական որեւէ ենթատեքստ չկա: Նախաքննությունը շարունակվում է, սպասենք իրավապահ մարմինների վերջնական գնահատականներին»:

Իսկ ահա «Սիվիլիթաս» հիմնադրամի տարածած հայտարարության մեջ ասված է, թե երկու շաբաթ էՙ «Սիվիլիթաս» հիմնադրամի եւ «ՍիվիլՆեթ» լրատվամիջոցի ուշադրությունը շեղվել է եւ լրատվություն տալու հիմնական առաքելություն կատարելու փոխարեն սիվիլիթասցիները զբաղված են «փողերի լվացման եւ հարկերից խուսափելու» մասով հարուցված հիմնազուրկ քրեական գործից բխող հարցերին պատասխանելով. «Սիվիլիթասի նախաձեռնած ծրագրերը 4 տարվա ընթացքում իրականացվել եւ իրականացվում են հիմնադրամի կանոնադրության եւ ՀՀ օրենքների պահանջների խստագույն կատարմամբ, մեր ամբողջ գործունեությունը կանոնավոր աուդիտ է անցնում», ասված է հայտարարության մեջ` եզրահանգում անելով, թե հիմնադրամի խորհրդի որեւէ անդամի եւ կամ աշխատակցի կասկածելը քրեական հանցագործության մեջ ահազանգ է Հայաստանի պրոֆեսիոնալ, իր գործին նվիրված նոր սերնդին: Հայտարարարությամբ նաեւ «Սիվիլիթասը» ներկայացնողները չեն խուսափել Ջոն Հանթսմանին պաշտպանելուց` նշելով, թե այդպիսի մեծ բարերարի անունը, որն անկախությունից ի վեր Հայաստանում բարեգործություն ու ներդրումներ է արել, անընդունելի եւ պարսավելի է շոշափելը. «Միթե Հայաստանի իշխանությունները պատրաստ են օտարել բոլոր այն մարդկանց եւ հաստատություններին, որոնք մեր երկրի ժողովրդավարացման ու զարգացման գործում այդքան մեծ ներդրում են ունեցել, ասվում է Սալբի Ղազարյանի ստորագրած հայտարարությունում:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4