Հունիսի 13-ին Պրահայի Սուրբ Եղիայի եկեղեցում պատարագ մատուցեց Հայ առաքելական եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակ Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը` ընկերակցությամբ Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի եւ Հայկ սարկավագ Ութիջյանի: Պատարագին ներկա էր նաեւ Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկան, որը պատարագի ավարտին դիմեց եկեղեցում ներկա հավատացյալներինՙ խոսելով հայ ժողովրդի եւ Չեխիայի կապերի մասին, Չեխիայում հաստատված առաջին հայերի եւ հայ ժողովրդի քրիստոնեական ժառանգության մասին: Ներկաներին դիմեց նաեւ Հայկազուն սրբազանը եւ կոչ արեց չեխահայությանըՙ միավորվել հայ եկեղեցու եւ Չեխիայի հոգեւոր հովվի շուրջը: Պատարագին ներկա էր նաեւ Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը:
Նույն օրն առավոտյան, Հայկազուն սրբազանը Պրահա կատարած այցի շրջանակներում Բարսեղ վարդապետի ուղեկցությամբ Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդի նստավայրում հանդիպել էր կարդինալ Դոմինիկ Դուկայի հետ եւ քննարկել քույր եկեղեցիների համագործակցության մի շարք հարցեր: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել ակտիվացնելու երկկողմ շփումները:
«Օրեր» ամսագիր, Պրահա