«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2012-06-13 | #107, 2012-06-14 | #108, 2012-06-15


ՀԻՇԵՆՔ ԱՅՍ ԱՆՎԱՆՈՒՄԸՙ «ԲԽԻՅԱՆ» ԿՎԱՐՏԵՏ

Հանրահայտ է, որ ազդերի ու տիտրերի ցանկերում հայերս հուզմունքով ենք ընթերցում յան-ով ավարտվող ազգանունները: Մեզնից ոմանք այստեղ հասցնում են անգամ կատակել, հայկականության ակնարկներ հնչեցնելով հայերեն արտասանություններում յան-ով ավարտվող յուրաքանչյուր բառի առիթով, թեեւ ունենք նաեւ փաստեր, երբ այլոց համար դժվար արտաբերվող հայկական ազգանունները կամ կարճվում են, կամ ընդհանրապես այլափոխվում: Այսուհանդերձ Ճգնավորյանները, Չուքասզյանները, Թունջբոյաջյանները, մեր բազում-բազում հայրենակիցները ինքնահաստատվելու խնդիրներ չունեն: Օրերս հաճելի զգացում ունեցանք, երբ ռուս հայտնի հաղորդավար Իվան Ուրգանդը դժվարությամբ, սակայն անսխալ հնչեցրեց իր հյուր Արտոյի ազգանունը: Այնպես որ բոլորովին երկընտրանքի չտրվեք, երբ մի գեղեցիկ օր էլ հանդիպեք «Բխիյան» կվարտետի ազդի կամ արտասանության:

Լարային քառյակը արդեն երրորդ տարին գործում է Ավստրիայի Գրաց քաղաքում: Ինչու հենց այստեղ. որովհետեւ քառյակի բոլոր կատարողներն էլՙ ուկրաինացի Միխայլո Զախարովը, հունգարուհի թավջութակահար Ջուդիթ Պապը, երեւանցի Գայանե Միրզոյանը եւ քառյակի հիմնադիր Մարինե Բխիյանը նախընտրել են իրենց սիրած գործիքներին լիարժեք տիրապետելու վարպետությունը իրականացնել Ավստրիայի 2-րդ քաղաքի երաժշտական հիմնական օջախում, երաժշտության եւ արվեստի համալսարանում: Տողերիս հեղինակը դեռ 4 տարի առաջ էր ունկնդրել Մարինեի դիպլոմային ավարտական համերգը, ուր փայլուն կատարման արդյունքում նրան շնորհվեց մագիստրոսական աստիճան: Մինչ այստեղ ուսանելը մեր հայրենակցուհին 5 տարի սովորել է Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի Կարեն Հարությունյանի դասարանում, ապա Լոնդոնում աշակերտել Նատալյա Բոյարսկայային, 1998-2001-ինՙ դարձյալ Կարեն Հարությունյանի մոտ, այս անգամ արդեն Բրյուսելում: Հետագա 7 տարիներին նա արդեն Գրացում է, ուր եւ ուսումնառության ավարտից հետո հիմնել է «Բխիյան» կվարտետը: Մարինեն արդեն աշխարհի 15 երկրներում իրականացրած ելույթների փորձ ունի. նա եղել է Եվրոպայի, Ասիայի, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների երկրներում:

Քառյակի մեր մյուս հայրենակցուհին ծնունդով երեւանցի է, նույնպես սովորել եւ ավարտել է Չայկովսկու անվան դպրոցը, ուր նրա ուսուցիչներն են եղել Սերգեյ Խաչատրյանն ու Մելիք Մավիսակալյանը: 1997-2002 թվականներին Գայանե Միրզոյանը արդեն Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ուսանողուհի էր, ուսման ավարտական շրջանում միաժամանակ կատարելագործվում էր Խորվաթիայում, Յուրի Կորչինսկու եւ Կիրիլ Ռոդինի մոտ: 2004-2010-ին նա արդեն Գրացում էր, ուր եւ ստացավ մագիստրոսական աստիճան: Գայանեի երաժշտական կենսագրությունը նույնպես ծավալուն է.մասնակցել է Իտալիայում, Գերմանիայում, Հունգարիայում, Սլովենիայում, Խորվաթիայում, Ֆրանսիայում, Սլովակիայում, Շվեյցարիայում, հարազատ Երեւանում անցկացված երաժշտական հանդիսությունների, ընդգրկվել հաղթողների ու մրցանակակիրների ցանկում: Մի փոքր համեստ կենսագրություն ունեն քառյակի մյուս երկու անդամները, խմբի նորեկ, խարկովցի Միխայլոն եւ հունգարուհի Ջուդիթը:

«Բխիյան» քառյակը անցած 2 տարիներին արդեն հասցրել է բազմաթիվ ելույթներ ունենալ: Գրացի Վելշե եկեղեցու ոչ մեծ սրահում, ուր վերջին տարիներին իր միջոցառումներն է անցկացնում քաղաքի հայ համայնքը, հերթական համերգը կազմակերպելու մտահղացումը մեր հայրենակցուհիներինն էր: Այն բարեգործական էր. խումբը նախատեսում է միջոցներ հայթայթել Երեւանի երաժշտական դպրոցներից մեկի համար գործիքներ ձեռք բերելու նպատակով: Այս համերգի ծրագիրը բաղկացած էր Հայդնի 4 ստեղծագործություններից եւ Կոմիտասի 10 մշակումներից, որոնցից էին «Շողեր ջան»-ն ու «Չինար ես»-ը, «Կռունկ»-ը եւ «Կաքավիկ»-ը, «Գարուն ա»-ն ու «Վաղարշապատի պարը»: Ունկնդիրներըՙ հայեր, ավստրիացիներ, քաղաքի երաժշտական հաստատությունների տարբեր ազգության ուսանողներ, ջերմ ծափահարություններով եւ օվացիաներով արձագանքեցին յուրաքանչյուր կատարման, որն ավարտվեց հանդիսատեսին գոհացնելու նպատակով լրացուցիչ երկու ստեղծագործություններ հնչեցնելով: Նշենք նաեւ որ համերգի ծրագիրը ներկայացնող հրավիրատոմսում բացի քառյակի մասնակիցների մասին պատմող տեղեկատվությունից եւ համերգացանկից, մի զգալի հատված էլ հատկացված էր Հայդնի եւ առավել մանրամասն Կոմիտասի կյանքի եւ ստեղծագործական գործունեության տարիներին, ուր անդրադարձ կար նաեւ 1915 թվականի ապրիլի 24-ին:

Համերգին հրավիրվել էր եւ աշխատակիցների հետ ներկա էր Ավստրիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը, որը եւ միջոցառման ավարտից հետո ջերմ ու անկաշկանդ հանդիպում ունեցավ հյուրասիրության մասնակիցների հետ:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ, Ավստրիա, Գրաց


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4