«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2012-06-13 | #107, 2012-06-14 | #108, 2012-06-15


ԱՄԵՆ ՕՐ ՔԱՆԻ ՄԱՍԻ ԵՆՔ ԲԱԺԱՆՎՈՒՄ

Գրիշա Բալասանյանը կիսվել է այսինչ նյութով, Իրեն Ալոյանը` այնինչ նյութով: 26 մարդ խորհուրդ է տալիս սա: Ահա այսպիսի տեղեկացումներ ինտերնետ տարածքում ամեն պահ տեսնելն անխուսափելի է: Եվ անգամ կարիք չկա ասելու, որ երեք վայրկյանը մեկ այսպիսի հայտածումներ տեսնող ու հայերենը հիմնավոր չիմացող մարդիկ, որոնք, ի դեպ, տարիների հետ ավելի ու ավելի են շատանում, հենց այս հանձնարարականներով են մտապահում գոնե ինտերնետային հրահանգների ու ձեւակերպումների հայերենը` չմտածելով, թե դրանք կարող են ճիշտ չլինել: Հիմա ի՞նչ անենք, առանց այդ էլ գոյություն ունի Facebook-յան հայերենը` «Ըննենց շոգ ա, մարդ ալարում ա սկի լայքի» կարգի գրառումներով (ստատուսներով), որը, մեղմ ասած` «վերջն է», ինչպես հենց ֆեյսբուքահայերն են իրար մեջ զանազան ժարգոններով ստատուս գրում: Գոնե ինտերնետի, այսպես ասենք, պաշտոնական լեզուն, այսինքն` առաջարկվող քայլերի հայերեն ձեւակերպումները սխալ չլինեն: Ո՞վ է այս սխալ հայերենը ներմուծել ինտերնետ, ո՞վ խորհուրդ չի հարցրել մասնագետներից, մասնագետներն ինչո՞ւ նախանձախնդրություն ցույց չեն տալիս ու չեն փորձում համակարգված ձեւով համացանցային բոլոր կասկածելի ձեւակերպումների համարժեք հայերեններն առաջարկել: Մի տեսեք, ի՞նչ է ստացվում. որ Գրիշա Բալասանյանը կիսվել է` բազմաթիվ մասերի է բաժանվել իմ լավ բարեկամն ուրեմն: Կամ մյուս բարեկամս` Իրեն Ալոյանը մեղք չէ՞, որ որեւէ հրապարակում, որ նա առաջարկում է այս կամ այն լրատվամիջոցից իր Facebook -յան տարածքում, կարող է պատճառ դառնալ Իրենի հազար կտոր լինելուն (նա կարող է մի հազար բարեկամ ունենալ): Մինչդեռ ինտերնետային քայլերը բնորոշող հայերեն բառերի ավելի համապատասխան ձեւակերպումներ ունենալու դեպքում` այդ քայլերն այդպիսի սպառնալիք չէին պարունակի: Եվ այդ մասին պետք է մտածեն մասնագետները: Ասենք` «խորհուրդ է տալիս»-ի փոխարեն` գուցե «հանձնարարում է սա», քանի որ «խորհուրդ է տալիս» բառերն առանց համապատասխան խնդրի օդում են մնում եւ ճիշտ չեն: Իսկ «կիսվելն» ընդհանրապես սարսափելի սխալ է, դեռ դպրոցում անբավարար պետք է նշանակեն այն աշակերտին, որը շարունակաբար սխալվում է` գրելով «Նա ընկերոջ հետ կիսվում է իր մտքերով»: Համացանցային լրատվական կայքերում այս կարգի բազմաթիվ ոչ ակնահաճո եւ հեռուն տանող ազդեցությամբ սխալներով են ամեն պահ երեւում ինտերնետ քայլերի ազդարարումները: Հասկանալի է, որ համացանցի ինտերակտիվ հատվածն արագ զարգանում է, նոր բնորոշումները ծնվում են ամեն օր, եւ դրանք հայացնելու խնդիրը եւս ամենօրյա է: Սակայն մեր մասնագիտացված կառույցները չպետք է ուշանան մաքուր հայերենով համարժեքների իրենց առաջարկներով:

Հպանցիկ այս անդրադարձով չենք բավարարվի` խոստանալով ավելի ընդգրկուն հրապարակում:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4