«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2012-06-13 | #107, 2012-06-14 | #108, 2012-06-15


«ԽՐԻՄՅԱՆ» ԿՐԹՕՋԱԽԻ ՎՍՏԱՀ ՔԱՅԼԵՐԸ

Արդեն հինգերորդ տարին է, ինչ Հայաստանի Օշական բնակավայրում հաջողությամբ գործում է «Խրիմյան» կրթօջախը: Վերջինս մեկօրյա կրթական հաստատություն է, ուր հաճախում են տեղի միջնակարգ դպրոցների սաներՙ սկսյալ 9-10 տարեկանից: Նրանք այդտեղ խորացված կերպով ուսանում են հայերեն, հայ ժողովրդի եւ հայ արվեստի պատմություն, կրոնագիտություն, ծանոթանում երգուպարի եւ կենցաղավարության հիմունքներին, սովորում համակարգչային գրագիտություն, ունկնդրում Երեւանից հրավիրյալ ճանաչված գիտնականների դասախոսությունները, կազմակերպում բանավեճեր տարատեսակ թեմաների շուրջը եւ այլն: Ինչպես կրթօջախի երիտասարդ տնօրենուհի Կարինե Սարգսյանն ասաց, իրենց նպատակը լավ քաղաքացի եւ աստվածավախ ղեկավար դաստիարակելն է: Դասերն անցկացվում են շաբաթ օրերին Սբ. Մեսրոպ Մաշտոց դպրատանը:

Կրթական նման հաստատություն հինելու գաղափարը սփյուռքում հայտնի մանկավարժ, տասնյակ հայկական դասագրքերի հեղինակ Սիլվա Տեր-Ստեփանյանինն է: Նման կրթօջախ տարիներ առաջ նա արդեն հիմնել էր ԱՄՆ-ումՙ Նյու Ջերսիում, որը հիանալի արդյունքներ է տվել: Հերթը Հայաստանինն էր: Մեր հայրենակցուհուն 2000-ին ես հանդիպեցի Նյու Յորքումՙ Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդարանում, որտեղ այն ժամանակ նա պաշտոնավարում էր իբրեւ Հայ դպրոցների կրթական եւ մշակութային կենտրոնի տնօրեն: Հետո իմացա, որ ինքն էլ եղել է նույն կենտրոնի հիմնադիրը 1974-ին: Շուրջ 3 տասնամյակ մեկը մյուսից հետաքրքրական ու արդյունաշատ ծրագրեր կազմելուց եւ գործադրելուց հետո նվիրյալ հայուհին ուզեց իր փորձը բերել Մայր հայրենիք. «Երբ տեսա բոլոր ծրագիրներու հաջողությունը, հրաժարականս տվի եւ ըսիՙ այլեւս ժամանակն է, որ Հայաստանին օգնեմ»:

Հայասիրությունն ու հայրենասիրությունը Սիլվա Տեր-Ստեփանյանը ժառանգել է իր բարեպաշտ ծնողներից, ի մասնավորիՙ ազգային հասարակական գործիչ, երգիծաբան Միհրան Տեր-Ստեփանյանից: Նա՛ է եղել դստեր հայերենի առաջին ուսուցիչը: Նա՛ է, որ իր զավակներին դաստիարակել է առ Հայրենիքն ունեցած պաշտամունքի հասնող սիրով: Երախտապարտ դուստրն առ այսօր հիշում է հոր հետեւյալ խոսքերը. «Կա՛մ հայ դպրոց, կա՛մ ուրիշ դպրոց երթալ չկա»: Տարիներ պիտի անցնեին եւ Սիրիայում ծնված աղջնակն իր քրոջՙ Իրմայի հետ միասին Ամերիկայի Միացյալ Նահանգներում պիտի իրականացնեին կրթադաստիարակչական տպավորիչ առաքելություն: Սիլվայի պատրաստած հայերեն ու հայաշունչ դասագրքերը այսօր եւս փնտրված են ոչ միայն ԱՄՆ-ի հայկական դպրոցներում, այլեւ սփյուռքի մյուս գաղթօջախների ազգային վարժարաններում:

2002-ին առաջին անգամ գալով Հայաստանՙ Սիլվա Տեր-Ստեփանյանը նախ այցելեց Օշականՙ խոնարհվելու մեծ Ուսուցչապետի գերեզմանին: Ապա Գարեգին Բ Վեհափառ հայրապետին առաջարկեց Սբ. Մաշտոց եկեղեցու բակում ստեղծել կանաչապատ հայոց այբուբենը, որը կարճ ժամանակ անց իրականություն դարձավ: Միաժամանակ հաստատեց «Արա-Մարալ» մրցանակը մանուկների համար ստեղծագործող արվեստագետներին խրախուսելու նպատակով, որն ամեն տարի իրականացնում է Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը: Երրորդ ծրագիրը հայաստանյան դպրոցների մանկավարժների համար նյութական պարգեւ սահմանելն էր, որը հասցեատերերին հանձնվում է Մայր աթոռ Սբ. Էջմիածնում:

Եվ, վերջապես, «Խրիմյան» կրթօջախի ծնունդը, որը ազգային մտածողության նոր մակարդակ նշանավորեց մեզանում: Սիլվա Տեր-Ստեփանյանի համոզմամբ «Ամեն ուսուցիչ դեռեւս մանկավարժ չէ»: Գիտելիքներից զատ մանկավարժը պիտի հմտություն ունենա անմեղ մանկան մեջ «նոր հոգի» ձեւավորելու եւ կերտելու: Իր այս ծրագիրը կյանքի կոչելու համար մեր հայրենակցուհին ամեն ջանք գործադրում է: Ընդ որում, ոչ միայն հեռվից հեռու հետեւելով ուսումնական գործընթացին, այլեւ հաճախակի գալով հայրենիք եւ անձամբ մասնակցելով տարեվերջյան Ազգադրոշմի արարողությանը:

Ազգադրոշմը նոր երեւույթ է մեր ուսումնական կյանքում: Այս տարի երրորդ անգամ այն կայացավ Օշականումՙ Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում: Այդ առիթով հոգեւոր հատուկ արարողակարգ մատուցվեցՙ մասնակցությամբ հոգեւոր դասի ներկայացուցիչների, 15 ազգասաների, նրանց ծնողների ու ուսուցիչների: Ի նշան եռամյա ուսուցման ավարտիՙ նշյալ աշակերտները ստացան համապատասխան վկայագրերՙ միաժամանակ երդվելով հավատարիմ մնալ Հայ եկեղեցու եւ մեր ազգային ավանդույթներին: Ուշագրավն այն էր, որ նրանցից յուրաքանչյուրին դեպի խորան էին ուղեկցում ազգահայրերն ու ազգամայրերը, ովքեր ստանձնել են նրանցՙ հայ ազգի գիտակից, քաջ ու հպարտ զավակներ դաստիարակելու պատասխանատու գործը:

Խորապես հուզիչ այս արարողությունը սկզբնապես խորթ է եղել թե՛ աշակերտներին, թե՛ նրանց ծնողներին: Տարեցտարի, սակայն, այն արդեն անհրաժեշտություն է դառնում օշականցիների կյանքում: Մեր ժամանակներում, երբ համաշխարհայնացումը ավերներ է գործում աշխարհի չորս ծագերում, նման արարողության անցկացումը գնալով ավելի է կարեւորվում աճող սերնդի մոտ ազգային մտածողություն ձեւավորելու եւ մանկանց հոգիներում ազգային դրոշմ կնքելու առումով:

ԼԵՎՈՆ ԼԱՃԻԿՅԱՆ

Նկար 1. Ազգադրոշմի մասնակից սաներ

Նկար 2. Օշական. Ազգադրոշմի արարողություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4