«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2012-06-13 | #107, 2012-06-14 | #108, 2012-06-15


15 ՀԶՈՐ ԿԵՏԵՐԸ, ՈՐՈՆՑՈՎ ԵՐՋԱՆԻԿ ՄԱՐԴԻԿ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ԵՆ ՄՅՈՒՍՆԵՐԻՑ

Ո՞րն է տարբերությունը երջանիկ եւ ոչ երջանիկ մարդկանց միջեւ: Իհարկե, կարելի է ասել, որ ակնհայտ է` երջանիկ մարդը երջանիկ է, իսկ ապերջանիկը` ապերջանիկ: Ճիշտ է, բայց մենք այսօր կուզենայինք առանձնացնել այն կետերը, որոնք տարբերում են երջանիկ մարդկանց ապերջանիկներից:

1. Սեր` վախի փոխարեն

Կարող ենք ձեզ վստահեցնել, որ այն մարդիկ, ովքեր իսկապես երջանիկ են, ավելի քիչ են վախենում եւ ավելի շատ սիրում: Նրանք յուրաքանչյուր վայրկյանը, մարտահրավերը կամ անձը համարում են մի նոր հնարավորություն` իրենք իրենց եւ աշխարհը ավելի շատ բացահայտելու համար:

2. Ընդունում` դիմադրության փոխարեն

Երջանիկ մարդիկ հասկանում են, որ ուղղակի դիմադրելով անհնար է փոխել իրավիճակը, եւ իսկապես կարելի է փոխել միայն ընդունելով եւ հասկանալով, որ անպայման պատճառ պետք է լինի դրա համար: Երբ նրանց հետ ինչ-որ տհաճ բան է կատարվում, նրանք չեն փորձում պայքարել դրա դեմ, հասկանալով, որ այդպես նույնիսկ կարող են վատթարացնել իրավիճակը: Ընդհակառակըՙ նրանք իրենք իրենց հետեւյալ հարցերն են ուղղում. «Ի՞նչ կարող եմ սովորել այս ամենից»: «Ինչպե՞ս կարող եմ իրավիճակը բարելավել»: Եվ նրանք այստեղից էլ սկսում են` կենտրոնանալով դրականի եւ ոչ թե բացասականի վրա: Այս մարդիկ բաժակը միշտ կիսով չափ լիքն են տեսնում` անկախ նրանից, թե իրենց հետ ինչ կպատահի:

3. Ներում` չներելու փոխարեն

Իսկապես երջանիկ մարդիկ գիտեն, որ զայրույթը վնաս է առողջությանը: Նրանք ընտրում են ներել եւ մոռանալ տարբերակը` հասկանալով, որ ներումը առաջին հերթին պարգեւ է հենց իրենց: «Զայրույթից կառչելը նման է վառվող ածուխը բռնելուն` մեկ ուրիշի վրա գցելու նպատակով. դուք հենց այն մեկը կլինեք, ով կվառվի». Բուդդա:

4. Վստահություն` կասկածանքի փոխարեն

Նրանք վստահում են իրենք իրենց եւ շրջապատի մարդկանց: Անկախ այն բանից, թե ում հետ են խոսում` հավաքարարի՞ թե՞ մուլտիմիլիարդանոց ընկերության գործադիր տնօրենի, նրանք միշտ կարծես փորձում են ցույց տալ զրուցակցի յուրօրինակությունն եւ հատուկ լինելը: Նրանք բոլորի հետ վերաբերվում են սիրով, արժանապատվությամբ եւ հարգանքով` անկախ տարիքից, սեռից, սոցիալական վիճակից, մաշկի գույնից, կրոնից եւ ռասայից:

5. Իմաստ` փառասիրության փոխարեն

Այս մարդիկ անում են այն, ինչ իրենց կյանքին իմաստ է հաղորդում, քանի որ դա անելով նրանք նպատակի զգացողություն են ձեռք բերում: Նրանք հասկանում են, որ «սիրած գործն անելն է հենց կյանքի հարստությունը», ինչպես Ուեյն Դայերն է ասում, եւ փորձում են ապրել իմաստավոր կյանք` հաջողակ կյանքի փոխարեն, ինչպես ժամանակակից հասարակության մեջ է ընդունված: Մեծ մասամբ նրանք երկուսն էլ ունենում են ե՛ւ հաջողություն, ե՛ւ իմաստ, քանի որ ընտրում են անել այն, ինչ սիրում են, եւ միշտ հետեւում են իրենց սրտի ձայնին:

6. Գովաբանություն` քննադատության փոխարեն

Երջանիկ մարդիկ հավանաբար կհամաձայնեն Կառլ Ջանգի դիմադրության տեսությանը: «Այն, ինչին դիմակայում ենք, ոչ միայն կպահպանվի, այլեւ չափերով կմեծանա»: Նրանք չեն քննադատում այն վարքագծի բացակայությունը, որն ուզում են ամրապնդել, այլ ընդհակառակն, ամեն անգամ, երբ այդ վարքագիծն առկա է, նույնիսկ եթե շատ հաճախ չէ, նրանք գիտեն, որ գովելով անձին եւ վարքագիծը, ըստ էության, ամրապնդում են դրական վարքագիծը: Օրինակ` երբ ծնողը ուզում է, որ իր յոթ տարեկան երեխան խաղալուց հետո իր խաղալիքները տեղը դնի, նա չպետք է կենտրոնանա այն անգամների վրա, երբ երեխան չի անում դա, եւ չպետք է քննադատի նրան կամ արարքը, սակայն պետք է գովի ամեն անգամ, երբ երեխան խաղալիքները տեղն է դնում, ահա թե ինչպես է պետք ամրապնդել դրական վարքագիծը եւ սպասված արդյունքին հասնել:

7. Մարտահրավերներ` խնդիրների փոխարեն

Երջանիկ մարդիկ խնդիրները ընդունում են որպես մարտահրավերներ` որպես հնարավորություններ նոր ուղիներ բացահայտելու համար, եւ շնորհակալ են լինում դրանց համար` հասկանալով, որ դրանց հետեւում թաքնված են այնպիսի հնարավորություններ, որոնք կօգնեն նրանց ընդլայնվելու եւ աճելու:

8. Անձնուրացություն` եսասիրության փոխարեն

Նրանք անում են ամեն ինչ, որպեսզի ուրիշներին լավ լինի` համոզված լինելով, որ իմաստ եւ ուրախություն են տալիս ուրիշների կյանքերին: Նրանք ուղիներ են փնտրում իրենց ամենալավ կողմերը տալու եւ կիսելու աշխարհի հետ եւ այլ մարդանց երջանկացնելու համար:

9. Առատություն` աղքատության փոխարեն

Նրանք կարողանում են ապրել հավասարակշռված կյանք` իրենց բազմակողմանի մտածողության շնորհիվ` հասնելով արդյունքի կյանքի բոլոր ոլորտներում:

10. Մեծ երազանքներ` իրատեսական լինելու փոխարեն

Այս մարդիկ իրականում չեն փորձում իրատեսական լինել: Նրանք սիրում են եւ չեն վախենում մեծ երազանքներ ունենալուց: Նրանք միշտ լսում են իրենց սրտին եւ ինտուիցիային, եւ նրանց ձգտումների մեծությունը շատերիս է վախեցնում:

11. Բարիություն` դաժանության փոխարեն

Նրանք բարի են իրենք իրենց եւ ուրիշների նկատմամբ եւ հասկանում են անձի ինքն իրեն սիրելու, ներելու եւ ընդունելու զորության իմաստը:

12. Երախտագիտություն` երախտամոռության փոխարեն

Անկախ նրանից, թե նրանք ինչին են նայում, որտեղ եւ ում հետ են, նրանք ունեն կարողություն` տեսնելու գեղեցիկը նույնիսկ այնտեղ, որտեղ մեր մեծ մասը կտեսներ միայն տգեղը, եւ առատություն այնտեղ, որտեղ մենք միայն կտեսնեինք աղքատություն, եւ այս մարդիկ միշտ շնորհակալ են այս ամենի համար:

13. Ներկայություն/մասնակցություն` մեկուսանալու փոխարեն

Նրանք գիտեն` ապրել ներկայով` գնահատելով այն, ինչ ունեն, եւ այնտեղ, որտեղ են` չնայած ապագայի իրենց մեծ երազանքներին:

14. Դրական տրամադրվածութուն` բացասականի փոխարեն

Անկախ այն ամենից, ինչ նրանց պատահում է, այս մարդիկ միշտ թվում է, որ դրականորեն են տրամադրված ապագայի հանդեպ, որով շատ բացասական եւ «իրատեսական» մարդկանց են զայրացնում:

15. Պատասխանատվության ստանձնում` մեղադրելու փոխարեն

Նրանք իրենց կյանքի տերն են եւ շատ հազվադեպ են արդարացումներ փնտրում: Երջանիկ մարդիկ հասկանում են, որ այն պահին, երբ դու փորձում ես արտաքին ուժերին վերագրել այն, ինչ տեղի է ունենում քեզ հետ, դու, փաստորեն, քո ամբողջ իշխանությունը հանձնում ես, ահա թե ինչու այս մարդիկ իշխանությունը իրենց ձեռքում են պահում եւ պատասխանատվություն են կրում այն ամենի համար, ինչ կատարվում է իրենց հետ:

www.purposefairy.com, Թարգմ.` Լուսինե Հարությունյանը


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4