«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2012-06-13 | #107, 2012-06-14 | #108, 2012-06-15


ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՌԵԺԻՍՈՐ ԱԳՆԵՇԿԱ ՀՈԼԱՆԴԸ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»-Ի ՀԱՏՈՒԿ ՀՅՈՒՐ

«Ոսկե ծիրան» Երեւանի 9-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի թվում կլինի աշխարհահռչակ ռեժիսոր Ագնեշկա Հոլանդը, որի «Խավարում» ֆիլմը կներկայացվի «Երեւան-յան պրեմիերաներ» ծրագրում: Փառատոնի շրջանակներում Հոլանդին կշնորհվի «Փարաջանովյան թալեր» մրցանակըՙ համաշխարհային կինոյում վաստակի համար:

Ագնեշկան կինոյում իր գործունեությունը սկսել է աշխատելով Քշիշտոֆ Զանուսիի եւ Անջեյ Վայդայի հետ` որպես օգնական, հետագայում` նաեւ սցենարի հեղինակ: Համահեղինակ է այնպիսի ճանաչված ֆիլմերի, ինչպիսիք են Անջեյ Վայդայի «Դանտոն», «Կորչակ», «Սեր Գերմանիայում», «Առանց ցավազրկման» եւ այլ ֆիլմերը եւ Քշիշթոֆ Կեսլյովսկու «Երեք գույն» ֆիլմերը: 1970-ականներից ստեղծում է իր հեղինակային ֆիլմերը, իսկ արդեն 1978թ. իր առաջին լիամետրաժ «Գավառական արտիստները» ֆիլմի համար արժանանում Կաննի կինոփառատոնի «Ֆիպրեսսի» ժյուրիի մրցանակի:

Ագնեշկա Հոլանդը այն եզակի կին ռեժիսորներից է, որին հաջողվել է աշխատել եւ կայանալ Հոլիվուդում: Միացյալ նահանգներում նա հայտնի է մասնավորապես հետեւյալ ֆիլմերով` «Օսկարի» նոմինանտ «Զայրույթի բերք» (Angry Harvest), «Եվրոպա, Եվրոպա» («Europa, Europa»), եւ «Ուորներ Բրադերս» ընկերության հետ ստեղծված «Օլիվեր, Օլիվեր» («Olivier, Olivier») ու «Գաղտնի այգին» («The Secret Garden»): Ագնեշկա Հոլանդի ֆիլմերը ներկայացվել են աշխարհի ամենահեղինակավոր փառատոներում եւ մրցանակաբաշխություններում եւ արժանացել է Կաննի (1980), Գդանսկի (1981), Բեռլինի (1981), Մոնրեալի (1985,1987), Վենետիկի (2002թ.), «Ոսկե գլոբուս» (1991) մրցանակների: Հոլանդի ֆիլմերը երեք անգամ նոմինացվել են Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկարի» համար:

«Ոսկե ծիրան»-ի ծրագրում ընդգրկված «Խավարում» ֆիլմը, որ հիմնված է իրական դեպքերի վրա եւ պատմում է շրջափակման մեջ գտնվող Լվովում հրեա փախստականների փրկության մասին, 2012թ. Օսկարի հինգ նոմինանտներից մեկն էր «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4