Վաղը Ջերմուկում կմեկնարկի վաղամեռիկ հայ անվանի շախմատիստ, օլիմպիական չեմպիոն Կարեն Ասրյանի միջազգային 5-րդ հուշամրցաշարը: Ճակատագիրն անողոք գտնվեց երիտասարդ գրոսմայստերի հանդեպ, որը 2008-ի հունիսի 10-ին 28 տարեկանում հանկարծամահ եղավ սրտի կաթվածից:
Մրցաշարին հայտավորվել են Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Իսպանիայի եւ Իրանի 60 շախմատիստներ, որոնք հաղթողին կորոշեն շվեյցարական մրցակարգով անցկացվելիք 9 տուրերի ընդհանուր արդյունքով:
Մասնակիցների ցանկը գլխավորում է Հրանտ Մելքումյանը, որն ամենաբարձր անհատական վարկանիշն ունի (2642): Նրանց հաջորդում են Զավեն Անդրեասյանը (2615), Կոնստանտին Շանավան (2589), Ավետիք Գրիգորյանը (2581), Սամվել Տեր-Սահակյանն (2577) ու Դավիթ Հարությունյանը (2561): Մասնակիցների թվում են նաեւ մեր փորձառու գրոսմայստերներ Արտաշես Մինասյանն ու Լիլիթ Մկրտչյանը, հայկական շախմատի վետերան, միջազգային վարպետ Էդուարդ Մնացականյանը, ինչպես նաեւ պատանի մի խումբ շախմատիստներ:
Հուշամրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 18500 դոլար է: Մրցաշարի հաղթողը կպարգեւատրվի 4 հազար դոլարով: 2-րդ եւ 3-րդ մրցանակակիրները կստանան համապատասխանաբար 3000 եւ 2500 դոլար: Ընդհանուր առմամբ դրամական պարգեւներ կստանան աղյուսակում առաջին 15 տեղերը զբաղեցրած շախմատիստները: Սահմանված են նաեւ հատուկ դրամական մրցանակներ կանանց լավագույն եռյակի, մինչեւ 16 եւ մինչեւ 14 տարեկանների մեջ լավագույն արդյունքի հասած շախմատիստների համար: Վետերանների մեջ լավագույն արդյունքի հասած շախմատիստին նախատեսված է 300 դոլար պարգեւավճար: Այն կհանձնվի Էդուարդ Մնացականյանին, քանի որ նա 60-ից բարձր տարիք ունեցող միակ շախմատիստն է: