Միխայիլ Տալի հուշամրցաշար 6-րդ տուրում ուշադրության կենտրոնում Մագնուս Կառլսենի եւ Լեւոն Արոնյանի մրցավեճն էր: Երկարատեւ պայքարից հետո մրցակիցները 60-րդ քայլին հաշտություն կնքեցին: Արոնյանը 2,5 միավորով Գրիշչուկի հետ բաժանում է 7-8-րդ տեղերը:
Մրցաշարի միանձնյա առաջատար Ալեքսանդր Մորոզեւիչն առաջին պարտությունը կրեց Հիկարու Նակամուրայի հետ պարտիայում: Դա հնարավորություն տվեց Վլադիմիր Կրամնիկին վաստակած 4 միավորով հավասարվել Մորոզեւիչին` 6,5-ժամյա պայքարից հետո 83-րդ քայլին պարտության մատնելով Եվգենի Տոմաշեւսկուն: Այդ պարտիան ավարտվեց վերջինը: 3,5-ական միավորով առաջատարներին հետապնդում են Կառլսենը, Ռաջաբովը եւ Կարուանան: Ռաջաբովը հաշտություն կնքեց Ալեքսանդր Գրիշչուկի հետ, Կարուանան հաղթեց Մակշեյնին:
Այսօր մրցաշարում հանգստյան օր է, իսկ վաղը կայանալիք 7-րդ տուրում Արոնյանը սեւերով կխաղա Գրիշչուկի հետ: