ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ ուշ երեկոյան տեղի ունեցան ՀՀԿ-ի գործադիր մարմնի, այնուհետեւ խորհրդի նիստերը` երկուսի օրակարգում էլ կառավարության ձեւավորման, իսկ առավել ստույգ` կուսակցության կողմից առաջադրվող նախարարների հարցն էր: Նիստերից հետո լրագրողներին մոտեցած ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ կուսակցությունում լսել եւ ընդունել են նախագահ Սարգսյանի առաջարկները: Ըստ այդմ ՀՀԿ-ն միաձայն նախ որոշել է, որ մինչեւ այժմ աշխատած նախարարները կշարունակեն աշխատել նույն ոլորտներում եւ պատասխանատվություն կրել այդ նախարարությունների համար: Իսկ ահա ԲՀԿ-ի ազատած առողջապահության նախարարի համար առաջադրվել է բժշկական համալսարանի ռեկտոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դերենիկ Դումանյանի թեկնածությունը: Սոցիալական ապահովության նախարարի պաշտոնում առաջադրվել է նույն նախարարության փոխնախարար Արտեմ Ասատրյանի թեկնածությունը, որն, ըստ Է. Շարմազանովի, քաջատեղյակ է ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Իսկ ահա տրանսպորտի եւ կապի նախարար դառնալու համար առաջադրվել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Բեգլարյանի թեկնածությունը: ԶԼՄ-ներն, ուրեմն, ճիշտ դուրս եկան: Սպորտի եւ երիտասարդության նախարարի պաշտոնի համար ՀՀԿ-ն որոշել է առաջադրել անկուսակցական թեկնածուի. «Կառավարության նիստի ժամանակ կիմանաք, թե ով», անորոշ թողեց ՀՀԿ մամուլի խոսնակը:
Բայց, իհարկե, լրագրողներս արդեն իսկ տեղեկացել էինք տարբեր աղբյուրներից, որ դա լինելու է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ, ԲՀԿ-ական Հրաչյա Ռոստոմյանը: Արդյո՞ք Է. Շարմազանովի ասածը` անկուսակցական թեկնածուի մասով նշանակում է, որ Ռոստոմյանը ԲՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել, երեկ երեկոյան հնարավոր չեղավ ճշտել: Կամ գուցե` Շարմազանովն այլ մարդու նկատի ուներ, համենայնդեպս` այսօր արդեն հայտնի կլինի:
Սամվել Նիկոյանը կշարունակի աշխատել որպես Ազգային ժողովի պատգամավոր, այ, այս մի հարցում լրատվամիջոցները վրիպեցին, քանի որ նրա նախարար լինելու մասին գրում էին որպես իրողություն: Իսկ թե ինչ է փոխվել, կամ գուցե Նիկոյանին թողնում են Ազգային ժողովում որոշակի նպատակներով, այդ մասին դեռ վաղ է խոսելը: Է. Շարմազանովը հույս հայտնեց, որ ՀՀԿ-ի բոլոր թեկնածուներն իրենց կարողությունները եւ ունակությունները կծառայեցնեն երկրին, քանի որ` «Մենք մտնում ենք շատ կարեւոր` բարեփոխումների փուլ. այս իմաստով ես համոզված եմ, որ մեր երեք նոր թեկնածուները ի զորու են իրականացնելու այն խնդիրները, որոնք դրված են նրանց վրա»:
Մարզպետների հարց դեռեւս երեկ չի քննարկել, օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում այդ հարցը դեռ կքննարկվի մոտ օրերս:
Մյուս կողմից, ՕԵԿ-ը փաստորեն շարունակելու է տնօրինել երեք նախարարական պորտֆել` գյուղնախարարի, քաղաքաշինության, իսկ արտակարգ իրավիճակների նախարարն էլ արդեն նշանակվել էր` Արմեն Երիցյանը :
Իսկ թե ԲՀԿ-ի փոխնախարարնեը մնո՞ւմ են` փոխնախարարների հարց եւս դեռ չէր քննարկվել:
Կառավարության ծրագիրը կքննարկվի, հունիսի 20-22-ը կգումարվի Ազգային ժողովի նիստ, որտեղ վարչապետը կներկայացնի նոր կառավարության ծրագիրը:
Քաղաքաշինության նախարար «Օրինաց երկիր» կուսակցությունն ինքը պետք է առաջադրեր, եւ դա չուշացավ:
«Օրինաց երկիր» կուսակցության մամլո գրասենյակը երեկոյան տարածեց հայտարարություն այն մասին, որ երեկ տեղի է ունեցել կուսակցության քաղխրհրդի նիստ, որտեղ քննարկվել է կոալիցիոն կառավարության ձեւավորման շրջանակներում ՕԵԿ-ից երաշխավորվող թեկնածուների հարցը: Որոշվել է քաղաքաշինության նախարարի պաշտոնում երաշխավորել ՕԵԿ քաղխորհրդի անդամ Սամվել Թադեւոսյանի , գյուղնախարարի պաշտոնում` Սերգո Կարապետյանի անունները:
Ի դեպ Գագիկ Բեգլարյանի փոխարեն ՀՀԿ-ից խորհրդարան կանցնի նախկինում էլ պատգամավոր Հովհաննես Սահակյանը , որն ըստ որոշ տեղեկությունների հնարավոր է դառնա ՀՀԿ խմբակցության քարտուղար: