Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը վերջերս է վերադարձել ԼՂՀ-ից: Սոցիոլոգը հայկական երկրորդ հանրապետությունում էրՙ նպատակ ունենալով մինչ հուլիսի 19-ին կայանալիք ԼՂՀ նախագահական ընտրությունները պարզել արցախցիների տրամադրվածությունն ու նախընտրությունները:
Սոցիոլոգի ներկայացմամբՙ ԼՂՀ բնակչության 84.3 տոկոսը ակտիվ ընտրողներ են: Հարցումը, որ անցկացվել է «Ազատ հայրենիք» կուսակցության պատվերով, կատարվել է մայիսի 26-27-ին: Արցախ մեկնած սոցիոլոգների խումբը եղել է Արցախի 6 շրջկենտրոններում, 14 գյուղերում եւ զրուցել ընտրական իրավունք ունեցող 946 արցախցիների հետ: Ըստ այդմ պարզվել է, որ բնակչության 5 տոկոսը չի գնա ընտրությունների, 28.5 տոկոսը հրաժարվել է պատասխանել հարցին, թե ում է ընտրելու, 27.5 տոկոսը դեռեւս չի կողմնորոշվել, ՀՀ պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսումնագիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Արկադի Սողոմանյանին նախագահի պաշտոնում տեսնում է հարցվածների 1.5 տոկոսը, ԼՂՀ պաշտպանության նախկին փոխնախարար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի օգտին կքվեարկի 3.5 տոկոսը, իսկ ներկա նախագահ Բակո Սահակյանը կհավաքի ընտրողների ձայների 30 տոկոսը:
Հիմնական մրցակցությունն ընթանալու է երկու անձանց միջեւՙ Բակո Սահակյանի եւ Վիտալի Բալասանյանի:
Սոցիոլոգը բացառում է նախընտրական շրջանում նախագահի թեկնածուներից ընտրակաշառքի բաժանումը: Նրա մեկնաբանությամբՙ Բակո Սահակյանը ձայների մեծամասնություն ունի եւ փող բաժանելու խնդիր իր առջեւ չի դրել, իսկ Վիտալի Բալասանյանն էլ գումար չի հավաքել, որ բաժանի:
«Հարցման օրերին Վիտալի Բալասանյանի առաջադրվելու մասին գիտեին միայն 3 համայնքներում, Ստեփանակերտում դրա մասին ոչ ոք տեղյակ չէր: Նախ նա պետք է տեղեկացնի, որ ինքն առաջադրվել է», հավելում է սոցիոլոգը:
Ըստ Ադիբեկյանիՙ հասարակության տրամադրվածությունն այնպիսին է, որ եթե Սահակյանը ընտրվի, որեւէ մեկը չի կասկածի, որ նա հաղթել է առանց կաշառելու կամ վարչական միջոցներն օգտագործելու: «Բացառվում է, որ ղարաբաղցին ընտրակաշառք վերցնի: Նախՙ այդ երկրում գումար չկա, որ լինի էլՙ չեն տա: Սրանով Արցախը տարբերվում է Հայաստանից»:
Արցախցիների 69.3 տոկոսն ակնկալում է, որ նորընտիր նախագահը կզբաղվի սոցիալ-տնտեսական հարցերովՙ աշխատատեղեր կստեղծի, թոշակ, աշխատավարձ ու նպաստ կբարձրացնի, 20 տոկոսին անհանգստացնում է ենթակառուցվածքների ու բնակարանների կառուցման խնդիրը, 5.8 տոկոսին հուզում է ԼՂՀ հարցի լուծումը, իսկ 4 տոկոսը կրթական եւ առողջապահական ծրագրեր է առաջ քաշում:
Հ. Հ.