Մի առիթով մեծն շանսոնյեն ասել էր. «Երբ Ֆրանսիայում ներկայանում են որպես հայ, անմիջապես հետեւում է հիացմունքի պատասխանըՙ օ՜, Շառլ Ազնավո՜ւր: Հիմա ես կուզեի, որ աշխարհի բոլոր երկրներում, ուր հայ է ապրում, ցույց տա, թե ո՛վ է հայը, որպեսզի տեղացիները, հարգելով նրան, հիացմունքով վերաբերվեն նաեւ մեր հայրենակիցներին»:
Երբ հանդիպեցի իսպանաբնակ այդ հային եւ տեսա այն աննախադեպ հարգանքն ու հմայքը, որ տածում են նրա հանդեպ իսպանացիները, անմիջապես հիշեցի շանսոնյեի խոսքերն ու անթաքույց ուրախությամբ ասացի. «Ահա՛ Իսպանիայի Շառլ Ազնավուրը»:
Արա Մալիկյան... անունն իսկ արդեն պարտադրում է հետաքրքրվել, տեսնել, լսել, զգալ, հիանալ, գնահատել... Անուն, որ բազմաթի՜վ առիթներով փնտրել են մեր իսպանացի բարեկամներըՙ միամտաբար կամ նպատակադրված, հասկանալու համար, թե ո՛վ է հայը եւ թե կա՛ն Իսպանիայում հայեր, որոնց աշխարհը գիտի:
«Քեզ ծանո՞թ է այս անունըՙ Արա Մալիկյան: Ինձ թվում էՙ հայկական արմատ կա այդ անվան մեջ», մի օր ասաց ծանոթներիցս մեկը: «Այո՛, ծանոթ է,- պատասխանեցի ներքուստ ուրախ,- բայց ինչի՞ց ենթադրեցիր, որ նա հայ է»: «Անունից, ազգանվան յան-ից եւ թերեւս խոշոր աչքերից», անթաքույց վստահությամբ պատասխանեց զրուցակիցս:
Համերգը, որը տեղի ունեցավ Միսլատայի մշակույթի տանը, աննախադեպ էր իր տեսակով. նվիրված էր Հայոց ցեղասպանության տարելիցին: Եվ ահա բեմ է մտնում այդ խոշոր աչքերով հայը, որից անթաքույց մի բարություն է պոկվում եւ ակամա սփռվում ողջ դահլիճում: Իսկ երաժշտության մասին խոսք անգամ չի կարող լինել: Նրա ջութակը պարում է իր իսկ արձակած դյուրագրգիռ հնչյունների ներքո, միաժամանակՙ լալիս, խնդում, տխրում, ուրախանում... Նա զրուցում է հանդիսատեսի հետՙ նվագելիս, խոսելիս, լռելիս... Եվ կլանում է նրան իր մաքրամաքուր աշխարհը, որտեղից դուրս է բերում արդեն մաքրված, անբիծ, սիրահարված, պատրաստՙ աշխարհը փոխելու, կյանքի անդրդվելի արժեքները վերադարձնելու համայն մարդկությանը: Հանդիսատեսը դա զգում է, եւ կարծես թե ցանկություն է առաջանում գրկելու այդ մաքրության տիպարը, գոնե հենց իր երկարատեւ ծափողջյուններովՙ ձգտելով գեթ մի քիչ երկար պահելու նրան բեմի վրա, տեսնելու, վայելելու, զգալու, սիրելու... «Նա միայն ձեր հայը չէ:- լսվեց հետեւի շարքից,- նա բոլորիս հայն է, նա տաղանդ է»: «Իհարկե,- լրացրի ես,- նա Իսպանիայի Շառլ Ազնավուրն է»:
ԱՐԱՐԱՏ ՂՈՒԿԱՍՅԱՆ, «Արարատ» հայկական միության նախագահ, Վալենսիա, Իսպանիա