«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#107, 2012-06-14 | #108, 2012-06-15 | #109, 2012-06-16


Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆԱՊԱՀՈՎ ԽԱՎԵՐԻ

«Հայասի» բարեգործական հիմնադրամի գլխավոր տնօրեն Խոսրով Խոսրովյանի հարցազրույցը «Ազգ» օրաթերթին

- Ի՞նչ է «Հայասի» հիմնադրամը եւ որո՞նք են նրա գործունեության ուղղությունները:

- «Հայասի» բարեգործական հիմնադրամը նորաստեղծ, մի խումբ երիտասարդների կողմից ստեղծված կազմակերպություն է, որը Հայաստանում լուրջ ծրագրեր իրականացնելու մտադրություններ ունի: Մեր գործունեությունը առավելապես ուղղվելու է սոցիալապես անապահով խավերի շահերը պաշտպանելուն: Մենք ներկայումս բանակցությունների մեջ ենք մի շարք եվրոպական համանման խոշոր կառույցների հետ եւ մտադիր ենք նրանց հետ մեր գործակցությունն ուղղել մեր շահառուներին` փորձելով օգտակար լինել մեր հայրենակիցներին` թե՛ անվճար իրավաբանական խորհրդատվության, թե՛ արտերկիր մեկնելիս տվյալ երկրի մասին տեղեկատվություն տրամադրելու եւ դժվարին իրավիճակներում հայտնվելու ժամանակ անհրաժեշտ խորհրդատվություն մատուցելու, եւ թե տարբեր ծառայություններից զեղչեր տրամադրելու միջոցով:

- Ովքե՞ր են լինելու ձեր շահառուները:

- Մեր շահառուները լինելու է գերազանցապես իրավական եւ սոցիալական առումով խոցելի շերտը, որին մենք մատուցելու ենք որակյալ բարեգործական ծառայություններ:

- Մամուլում եղավ հրապարակում, որտեղ Ձեզ մեղադրել են, որ բաժանել եք քարտեր բժշկական ծառայություններից օգտվելու համար, բայց դրանք կյանքի չեք կոչել: Ի՞նչ կասեք այդ մասին:

- Ցավով կարդացի այդ հրապարակումը: Այսօր Հայաստանում մարդկանց եւ կազմակերպություններին մրոտելը դարձել է սովորական գործ, որը մենք դատապարտում ենք: Որն է իրականությունը: Մենք հունիս ամսին թողարկել ենք պլաստիկ քարտերի մինչեւ երկու հարյուր փորձանմուշ, որով առաջարկում ենք զեղչային ծառայություններ մեր շահառուների համար: Քարտերը փորձանմուշներ են եւ կգործարկվեն միայն համապատասխան համակարգչային ծրագրի պատրաստ լինելուն պես: Բանակցություններ ենք վարել երկու բժշկական կենտրոնների եւ մի շարք այլ կազմակերպությունների հետ` զեղչային ճկուն համակարգ ձեւավորելու նպատակով: Մեկի հետ արդեն կնքել ենք պայմանագիր, իսկ մյուսի հետ կկնքենք, երբ պատրաստ կլինի համակարգչային ծրագիրը: Նշված փորձանմուշի քարտերից ընդամենը մի չնչին մասն է հատկացվել առանձին շահառուների, այն էլ զգուշացվել է, որ դրանք ուժի մեջ կլինեն միայն համապատասխան երկկողմ պայմանագրի կնքումից հետո` շահառուի եւ մեր կազմակերպության միջեւ: Թե ինչպե՞ս է մեր բարի գործը դարձել շահարկման առարկա, ինձ համար պարզ է: Նույն հոդվածագիրը, որ խոսում է «Երեւան» ԲԿ-ի հետ պայմանագրի բացակայության մասին, չգիտես ինչու չի նշում մյուս բժշկական կենտրոնը` «Ս. Գրիգոր Լուսավորիչը», որի հետ պայմանագիր մենք ունենք: Մանավանդ որ, կրկնում եմ, սա փորձնական մեկնարկ է եւ իրավական ուժ ձեռք կբերի մեր եւ շահառուի միջեւ համապատասխան պայմանագրի գոյության դեպքում:

- Իսկ ի՞նչ կապ կա ձեր եւ «Օրինաց երկիր» կուսակցության միջեւ:

- Այսօր ոչ մի կապ չկա, մենք ուղղակի տարածք ունենք նույն այն շենքում, որտեղ տեղակայված են ՕԵԿ-ը եւ 10-ից ավելի այլ կազմակերպություններ: Չնայած այս հրապարակումը ինձ մտորելու տեղիք տվեց, որ առաջիկայում փորձեմ կապ հաստատել ՕԵԿ ղեկավարության հետ եւ առաջարկեմ համագործակցություն: Ես եւ մեր կազմակերպությունը դեմ չենք լինի, եթե Արթուր Բաղդասարյանը կամ նրա թիմը համագործակցի մեզ հետ, դա հնարավորություն կտա ե՛ւ մեր ծրագրերը առաջ մղելու, ե՛ւ թե մեր շահառուների կազմում ներգրավելու նաեւ ՕԵԿ կարիքավոր անդամներին, ինչու ոչՙ նաեւ այլ քաղաքական եւ ոչ քաղաքական կառույցների, որովհետեւ մեր նպատակը բարեգործությունն է առանց քաղաքական ենթատեքստի:

Հարցազրույցըՙ ՍՈՒՐԵՆ ՄԱՃԱՌՅԱՆԻ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4