«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#107, 2012-06-14 | #108, 2012-06-15 | #109, 2012-06-16


ՇՌԱՅԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեք «գոլուբոյ» ինչպես էլ լինի կունենանք: Առաջարկում ենք այդ երեքին մի օր կանգնեցնել որեւէ կամրջի տակ`անպայման ձեռքերը պարզած: Այն նպատակով, որ «տղաները» կարողանան գրկել իրենց գիրկը հենց կամրջից «հրեշտակի թեւով» իջած երեք էմոների. ավելորդություններից խուսափելու համար, լավ կլիներ, որ էմոները լինեին աղջիկ: Այդ կազմով` երեք «գոլուբոյ», երեք էմո թող գան այն հասցեով, որ հիմա կասենք: Ինչպես էլ լինի այս վեցը ճանապարհին կհանդիպեն Եհովայի երեք վկաների, թող այս երեքն էլ միանան վեցին ու 9-ով գան: Սակայն լավ կլինի, որ երբ այս խումբն անցնի կրկեսի մոտով, լինի մի քիչ մութ, որպեսզի կարողանան կրկեսի դիմացից երեք հոգու էլ վերցնել` մեկն անպայման շիկահեր: Եղան 12-ը, թող գան: Չէ, ոտքով չէՙ թող տաքսի նստեն, ու քանի որ մեկում չեն տեղավորվի, թող 3 տաքսի նստեն, բայց մի պարտադիր պայմանով. որպեսզի մի «մառշուտկա» այդ երեք տաքսիների հետեւից գա, բայց այնպես, որ տաքսու երեք վարորդներն էլ, «մառշուտկա»-ի վարորդն էլ անպայման լինեն «թրաշով», պարտադիր` հատկապես հղի կանանց մոտ ծխող ու Թաթուլի բոլոր ալբոմներն ունեցող: Ուրեմն` եղան 16 հոգի: Երեք տաքսին ու հատկապես «մառշուտկան» ճանապարհին ինչպես էլ լինի մեկ-երկու ջիպի առաջը կկտրեն, ու այն ընթացքում, երբ փողոցում, հենց ավտոմեքենաների վրա հաց ուտող ոստիկաններն ու ԱՊՊԱ-ի` դեպքի վայր սլացող տեսուչները կպարզեն դեպքի մանրամասները, տաքսու վարորդները հաստատապես կկարողանան համոզել առնվազն մեկ ջիպատերի ու մեկ էլ` միայն համազգեստով ոստիկանի` հետեւել իրենց: Ստացվեց 16 գումարած մեկ ջիպատեր, գումարած մեկ «ոստիկան», եղան 18 հոգի: Իսկը ժամանակն է արդեն ասելու, նրանց բոլորին հրավիրում ենք... ռեստորան, որտեղ արդեն նրանց սպասում են 3-ական «կըլկըլ» երգիչ, հատուկ այս վերջինների համար երգեր գրող, ավաղ` «դուդուկահարներ» կամ «ջութակահարներ» ու ռեստորանի տեր օլիգարխը` իր ընկերների հետ, ընդհանուր առմամբ, մի 40 հոգի: Մոռացանք նշել, որ այս ռեստորանը պարտադիր բացօթյա է ու հատկապես այն վայրում է, որտեղ հավաքվում են «քյարթուները»` անկախ մասնագիտությունից, ի դեպ:

Թողնենք այս բոլորին, որ առայժմ լսեն «հայկական երգեր ու պարեղանակներ», իսկ այդ ընթացքում հավաքենք եւս մի քանի հոգու: Ո՞վ կարող է ասել` ունե՞նք այսօր գոնե հինգ տաղանդավոր երգիչ, ունե՞նք նույնքան նկարիչ, գրող, իհարկե ունենք: Ուրեմն ի՞նչն է խանգարում այս 15 հոգուն միանալ 5 ազատամարտիկի, կներեք, բայց պետք է շեշտենք` իրական ազատամարտիկի, հինգ բանիմաց կառավարիչի, հինգ ուսուցչի, բայց ոչ թե «սովորական», այլ մանկավարժ-ուսուցչի, եւ հինգ հարուստ մարդու, օլիգարխի` բառիս հոգեւոր իմաստով: Քանի որ այս վերջին 35 հոգուն, որոնց, անշուշտ, լուսաբանելու համար, կմիանան 5 լրագրողներ, բավական դժվար կլինի ռեստորանում քեֆ անել, թող նրանք էլ հավաքվեն, ասենք, Էջմիածնում, Մայր աթոռի հենց դիմաց:

Իսկ հիմաՙ այս ամենի իմաստը (եթե, իհարկե, անհասկանալի մնաց): Հաշվի առնելով, որ այս վերջին խումբը ուտում է բացառապես անհրաժեշտաբար, այլ ոչ թե նախասիրաբար, նրանք ուրեմն, խոսելու են, քննարկելու են, բանավիճելու են եւ ի վերջո որոշելու են: Եվ գիտե՞ք առաջինը ինչՙ կանչել առաջին խմբին ռեստորանից եւ ուղարկել վերակառուցելու մեր բոլոր ճաքապատ եկեղեցիները` բոլորն անխտիր, բայց նախքան դա անելը մեկ շաբաթ Ղարաբաղի սահմանին հատուկ ռեժիմով ուսումնական, ավելի ճիշտ`բարոյական հավաք անցկացնել նրանց հետ: Վստահաբար այս պարագայում առաջին խումբը գոնե կիրազեկվի հայոց պատմությանը, կչարչարվի հայոց հողում, մի խոսքով, առնվազն մի գործ կանի Հայաստանի համար: Միգուցե արդեն վերակառուցված հերթական եկեղեցու առջեւ «գոլուբոյ» դարձածը մի գեղեցիկ աղջիկ տեսնի, ջիպատերը հանկարծ համոզվի, որ անգամ իր ամենագնացը չկարողացավ բարձրանալ այն բարձունքը, որտեղ կանգնած է տվյալ եկեղեցին, Եհովայի վկան` գոնե աշխատանքից հոգնած, մտնի ու մի մոմ վառի եկեղեցում, կրկեսի մոտ կանգնողը համոզվի, որ շատ ավելի արժանապատիվ տեղ կա կանգնելու, կըլկըլ երգիչը ամաչի եկեղեցական երգչախմբի շարականից, տաքսու վարորդն ու օլիգարխը, իրական խաչի առջեւ, հանեն իրենց վզներից կիլոյանոց խաչերը, էմոները իրավամբ հրեշտակի թեւեր ստանան, իսկ ոստիկանը հասկանա, որ ինքն այլեւս անգործ է. հանցագործություն չկա...:

Հասկանալի է, որ այս ամենը գերռոմանտիկ հեքիաթի է նման, սակայն վստահ ենք, որ եթե Մայր աթոռի հենց դիմաց օրերից մեկ օր որոշի հավաքվել երկրորդ խումբը, կունենանք գերռոմանտիկ իրականություն, գոնե կփորձենք ունենալ:

Իսկ հիմա` մեկ այլ պատմություն. մի մարդ, կարեւոր չէՙ ով, կարեւոր չէՙ որ խմբից, մի օր իր տնից դուրս է թափում բոլոր այն իրերը, որոնք իրեն այլեւս պետք չեն: Ասենք, ոսկեջրած ջահեր ու մոմակալներ, իսկական կաղնու փայտից պատրաստված կողափայտերով փափուկ կահույք, հատուկ սառնարանի տակ գցվող մուգ կապույտ փոքրիկ գորգ, հինգ սանտիմետրը մեկ դեղին գծեր ունեցող շագանակագույն վարագույր եւ այլն: Այդ մարդը վերջերս հասկացել էր, որ բավական մեծ գումար է ծախսում նմանատիպ իրեր ձեռք բերելու համար, եւ հիմա, այդ ամենը դուրս նետելով, պատասխանում էր հարեւանի հարցին, թե ինչո՞ւ է այդպես անում. «Ես չեմ կարող ինձ թույլ տալ շռայլություն` ունենալ այն, ինչը երբեք ոչ մի պարագայում ինձ պետք չէ»: Ասում են, որ հարեւանը, որը լսել էր մեր առաջին պատմությունը` խմբերի մասին, հասկացավ այս երկու պատմության կապը, ավելին, նա նույնիսկ իր տուն չտարավ այն 12 գավաթները, որոնք դեն էին նետվել եւ որոնց պռունկները ոսկուց էին, բռնակներն էլ` զմրուխտով պատված:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4