Տեղեկությունների ինտերնետային ներկայիս հնարավորությունների առավելությունը (արագ եւ դյուրին) թվում էր չեզոքացնելու կամ դադարեցնելու էր նախկինների գոյությունը: Սակայն այդպես չեղավ. գոնե առայժմ շարունակվում է հների (տպագիր գիրք, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն) զուգահեռ սպառումը: Ժամանակի պահանջների այս համապատկերին ուշագրավ երեւույթ է, օրինակՙ նոր գրադարանի հիմնադրումը, այն էլՙ սփյուռքյան պայմաններում: Եթե նկատի ունենանք համացանցային առկա ահռելի գրադարաններից յուրաքանչյուրի ազատ օգտվելու հնարավորությունը, թեկուզ հենց մերՙ հայ դասական եւ ժամանակակից գրականության թվայնացման փաստը, անակնկալ իրողություն կթվա Բեյրութում նոր հիմնադրված «Գոհար» համույթի համանուն գրադարանը, որի բացման արարողությունը տեղի ունեցավ օրեր առաջ:
Ինչպես տեղեկանում ենք Բեյրութի «Ազդակ» թերթի հրապարակումներից, գրադարանի մտահղացումը եւ նախաձեռնությունը ազգային հայտնի բարերար Հարութ Խաչատրյանինն է, գրադարանը իր անձնական հավաքածուն է, եւ հանրային սեփականություն դարձնելու նրա այս իրագործումը հիրավի ազգանվեր գործ է, հավատՙ ազգային մշակույթի տեւականության. «թէ հայ երգը, հակառակ աղաւաղումներու բոլոր փորձերուն, հազարաւոր հայ սուրբերու եւ նահատակներու նման, մաս կը կազմէ անյայտ զինուորներու այն փաղանգին, որ արուեստով, երաժշտական «զէնք»-երով, Ա. Բ. Գ.-ի ուղիով եւ Կիլիկիոյ դրօշներով կը պայքարէ այլասերումին դէմ»:
Գրադարանը ստեղծվել է նրա անձնական ջանքերով 30-40 տարիների ընթացքում. տարբեր երկրներում տպագրված հայերեն տարաբնույթ գրքեր հայթայթելով: Արդյունքում հավաքածուն պատկառելի քանակով գրադարանի է վերածվել. միայն 1400 երգարաններ, որոնցից ամենահինըՙ 1833 թվագրության (Էջմիածին), 400 հայկական բառարաններ, ամենահինըՙ 1749-ին Վենետիկի հրատարակության: Գրադարանի մաս են կազմում հայկական մանրանկարչության նմուշներ, ձեռագիր 70 գիրք, Կիլիկիայի թագավորության շրջանի դրամներ: Հավաքածուն պարունակում է 2000 երաժշտական միավորՙ CD, LP, DVD-ների տեսքով:
Գրադարանը տեղադրվել է Նոր Հաճըն թաղամասի շենքերից մեկի վերնահարկի ընդարձակ սրահումՙ ժամանակակից ոճով կահավորված, հաճելի ձեւավորված: Բացման արարողությանը մասնակից է եղել լիբանանահայ ներկայանալի հասարակությունՙ քաղաքական գործիչներ, գաղափարական տարբեր պատկանելության անձեր, արվեստաբաններ: Բացման խոսքով ելույթ է ունեցել Սեպուհ Մխճյանը , ապա «Գոհար» համույթի խմբավար Սեպուհ Աբգարյանը , որն ընդգծել է գրադարանիՙ երաժշտական միավորներով հարուստ լինելու առավելությունը:
Պատգամավոր Միշել Ֆարաոն բարձր է գնահատել լիբանանահայության ներդրումը երկրի մշակութային զարգացումներում: Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի կողմից ելույթ է ունեցել Կոմիտաս արք. Օհանյանը ՙ նոր գրադարանի գոյությունը դիտելով որպես ազգապահպանման խթանման գործոն:
Այդ առիթով պոլիգրաֆիական լավագույն կատարմամբ լույս է տեսել հայերեն երգերի ստվարածավալ ժողովածու, որն այդ օրն ընծայվել է հյուրերին:
Մ. Բ.