«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#107, 2012-06-14 | #108, 2012-06-15 | #109, 2012-06-16


ԿԱՅԱՑԱՎ ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ ՆՈՐ ԵՐԳԱՇԱՐԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ

Հունիսի 13-ին «Նարեկացի» արվեստի միությունում առաջին անգամ Երեւանում հնչեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի համադիր երգերի «Canti Paralelli» («Զուգահեռ երգեր») երգաշարը, որ մաեստրոն ավարտել է միայն 2012 թ.:

Դաշնամուրի եւ վոկալի համար գրված այս երգաշարը ստեղծված է հայ դասական պոեզիայի առանձին բանաստեղծական նմուշներն իրար հետ զույգերով զուգահեռաբար համադրելու միջոցով:

Շարքի մեջ զետեղված են Պաղտասար Դպիրի (1.ա.) «Տաղ կորուսեալ սիրելոյ», (1.բ.) «Վասն սիրոյ», Եղիշե Չարենցի (2.ա.) «Կապույտ լճի վրա», (2.բ.) «Եվ մի իրիկուն», Ավետիք Իսահակյանի (3.ա.) «Իմ հոգին», (3.բ.) «Լեռների վրա ձնել է...», Վահան Տերյանի (4.ա.) «Աշնան երգ», (4.բ.) «Իմ խաղաղ երեկոն» բանաստեղծությունները:

Մաեստրոն նախ մեկնեց բանաստեղծությունները, ապա դրանք կատարեցին երաժիշտները. վոկալ բաժինըՙ Շուշանիկ Պարսումյանը, դաշնամուրայինըՙ Արթուր Ավանեսովը:

Տ. Մանսուրյանը ի թիվս այսօր հայ բանաստեղծական խոսքում առկա այլեւայլ խնդիրների, խոսեց նաեւ սխալ շեշտադրումների մասինՙ նշելով, որ դրանք փոխում են ողջ խոսքի իմաստը, խանգարում խոսքի երաժշտականությանը: «Օրինակ, որ ասում ես «Արտե՛մ»: Բառը վերջնաշեշտ է, բայց երբ ասում ես «Ա՛րտեմ», ստացվում է, որ ես արտ եմ», ասաց մաեստրոնՙ ընդգծելով, որ այսօր հայ երգարվեստում անգամ առկա են սխալ շեշտադրումներով երգեր, ինչպես օրինակ, «Գալիս ես, գալիս ես դու ինձ մոտ....» խոսքերով երգը: Թեեւ այսօր այն շատ է կատարվում, սակայն այստեղ երգվում է «գա՛լիս եմ», մինչդեռ ճիշտ ձեւը «Գալի՛ս եմ» պետք է լինի:

Մաեստրոյի մեկնություններից հետո հնչում էին վոկալ կատարումներ, որոնք միանգամայն լրացնում էին Մանսուրյանի խոսքը, ավելի հասկանալի դարձնում ասվածը:

Մանսուրյանիՙ արվեստի շնչով արված մեկնաբանությունները, համեմատությունները, երաժիշտների կատարումները ստեղծել էին հզոր էներգետիկ մի դաշտՙ իսկական արվեստի շնչով ողողելով ողջ դահլիճը. տեսնում ես երաժշտության կերպը, լսում խոսքի մեղեդին: Հասավ մի պահ, երբ այլեւս արվեստի բոլոր ճյուղերը միախառնվածՙ կորցրել էին իրենց սահմանները կերպարվեստի, երաժշտության, խոսքի...

Ինչպես են երգում բանաստեղծությունը: Տ. Մանսուրյանը Շուշիկ Պարսումյանի եւ Ա. Ավանեսովի մեկնաբանությամբ կարողացան իսկապես բովանդակալից նյութ ապահովել հանդիսատեսի համար, այնքան, որ վստահաբար կարող ենք ասելՙ ներկաները հեռացան ՆԱՄ-ից իսկապես հարստացած:

Ներկաները փաստեցին, որ ամեն օր չէ, որ կարող ես լսել նման բարձրարվեստ երաժշտություն ու խոսք եւ արվեստի նման մեկնաբանություն:

«Այո, այսօր ռաբիսացում գնում է բոլոր ոլորտներում, սակայն միշտ էլ իրական արվեստ գնահատողներ ու դա հովանավորներ կգտնվեն», նշեց մաեստրոն:

Հանդիսատեսներից Լիլիթը նույնիսկ հուզված էր. նա վստահ էՙ ՆԱՄ-ից տուն է գնում բոլորովին նոր, բացահայտված նյութով. «Թվում էՙ ինչ-որ իմաստով նույնիսկ քնած եմ եղել այսքան ժամանակ: Մի պահ արթնացում ապրեցի, երաժշտության միջոցով զգացի Չարենցի ոգին, ապրեցի Տերյան, աղոթեցի, իմաստնացա... Այո, հպարտ եմ, որ Մանսուրյանի հետ այսպես շփվելու բացառիկ հնարավորություն տվեց ՆԱՄ-ը», ասաց նա:

ՆԱՄ հիմնադիր նախագահ Նարեկ Հարթունյանը եւս շնորհակալություն հայտնեց մաեստրոյին ՆԱՄ-ը պատվելու եւ այստեղ իր ստեղծագործությունների պրեմիերան ունենալու համար: «Մեզ համար մեծ պատիվ է, որ Դուք ընտրել եք հենց Նարեկացին Ձեր պրեմիերայի համար: Այսինքն Ձեր «Canti Paralelli»-ն կայացավ մեր հոգեւոր տան մեջ, ինչպես ասել եք Ձեր հարցազրույցներից մեկի ժամանակ ՆԱՄ-ի մասին: Ձեր կողմից սա պարգեւատրում է մեզ, սուրբ պարգեւ», ասաց Ն. Հարթունյանըՙ շեշտելով, որ իսկապես լսածը ոչ միայն զուտ արվեստ էր, այլեւ աղոթք ու հավատք:

ՄԱՐԻԱՄ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4