Ժողովուրդն իմաստուն շատ խոսքեր ունի: Մենք հաճախ ենք կրկնում. ահա դրանցից մեկը` «մարդիկ գոյություն ունեն մեկը մյուսի համար»: Պարզ ու խորիմաստ այս միտքը ճիշտ եւ տեղին է վերագրել իմ հին ու բարի ընկերոջը` Բաբկեն Վարդանյանին:
Բացառիկ ընդունակ մարդ է, որին վկան եմ նրա տասնվեցը լրանալուց: Երբ 1953-ին ընդունվում էինք համալսարան, դեռ անձնագիր էլ չուներ, անունը չէին ուզում գրել...
Բայց փայլուն ձեւով ավարտեց համալսարանը: Ափսոսում եմ միայն, որ բնությունից շռայլորեն օժտված իմ բարեկամը այդ դժվարիմաց ժամանակներում հայտնվեց հասարակական քաղաքական կյանքի հորձանուտում: Այսօր շատերի կողմից դա գնահատելի գործ չի համարվում, առավել եւս` երբ փոխվել է համակարգը: Բաբկենի համար, սակայն, այդ տարիները իր շրջապատի համար բարի գործ կատարելու ժամանակ դարձան: Ասում ենՙ պաշտոնի հասած մարդը կորած ընկեր է. գուցե եւ ճիշտ է, մանավանդ մեզանում պաշտոնասիրության, գահասիրության սանձարձակ պայմաններում: Սակայն Բաբկենի` գավառի հասարակ տնից (հայրը վաղուց էր մահացել, ավագ եղբայրը զոհվել էր Մեծ հայրենականում) պաշտոնն ու լայն հնարավորությունները չդարձան գայթակղիչ հանգամանք: Օրինավոր մարդու համար մարդկանց հասնելը, խոստում տալը պարտավորություն է դառնում, նույնիսկ ամենադժվարին պարագաներում նա մնաց պարզ ու շիտակ, ոչ անկշտում: Զբաղեցնելով կոմերիտմիության կենտկոմի քարտուղարի, կուսակցության շրջկոմի քարտուղարի, քաղկոմի գիտության, ուսումնական հաստատությունների, առողջապահության բաժնի վարիչի, Երեւանի քաղաքային խորհրդի նախագահի առաջին տեղակալի պատասխանատու պաշտոնները, առ այսօր ապրում է խորհրդային տարիներին կառուցված մի բազմահարկ շենքի 9-րդ հարկում:
Քրիստոնեության հայրերից մեկը` Լուկոս Անելոս Սենեկան 2000 տարի առաջ հայտարարեց. «Ճակատագրի առջեւ բոլորն են հավասար` կայսրից մինչեւ կոշկակարը»: Ավաղ, մարդիկ մոռանում են այդ իմաստուն կարգախոսը: Բաբկեն Վարդանյանի համար, սակայն, այն դարձավ հավատո հանգանակ:
Հիմա «գործի» մարդիկ կծիծաղեն... Իննսունականի սկզբներից նա իր հոգու հանգրվանը դարձրեց երիտասարդ սերնդի դաստիարակության գործը: Երկու տասնամյակից ավելի մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, բնության եւ հասարակության մասին միջազգային ակադեմիայի անդամ Վարդանյանը իր հարուստ գիտելիքները, տարիների կուտակած փորձը, իր ինքնատիպ մտքերն է հաղորդում մեր անկախ հանրապետությունը կառուցող նոր սերնդին: Բաբկեն Վարդանյանը բազմաթիվ գրքույկների, գիտամանկավարժական, հասարակական, քաղաքական բնույթի բազմաթիվ հոդվածների հեղինակ է, հանրապետական ու միջազգային գիտաժողովների մասնակից: Արժանացել է կառավարական բարձր պարգեւների, դիպլոմների, ԱՄՆ-ի Քեմբրիջի եւ Թաուզանդ Օքս քաղաքների պատվավոր քաղաքացի է: 75-ամյակը բոլորող իմ բարի ընկերն ու մտավորականը աներեւակայելի ավյուն ու եռանդ ունի: Ճշմարիտ խոսք է. «Յուրաքանչյուր մարդու հոգում իր ժողովրդի մանրապատկերն է տեղադրված»: Բաբկեն Վարդանյանի դեպքում` լայնախոհ, բարեսիրտ «քյավառցին» է` հավատարիմ իր հողին, իր ջրին, իր ժողովրդին:
Մաղթում եմ իմ հնագույն ու առաքինի ընկերոջը առողջություն, անսպառ ուժ ու կորով` ի շահ իր ընտանիքի, հայկական մանկավարժության:
ՀՐԱՎԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր