Շախմատի համաշխարհային հերթական օլիմպիադան այս տարի կանցկացվի Ստամբուլում օգոստոսի 28-ից սեպտեմբերի 9: Արդեն այժմ օլիմպիադան մասնակից երկրների քանակով հավակնում է դառնալ ռեկորդային: Այսօրվա դրությամբ 162 երկրներ պաշտոնապես հայտ են ներկայացրել մասնակցելու օլիմպիադային: Սակայն բացառված չէ, որ որոշ երկրներ բոյկոտեն օլիմպիադան:
Պատճառն այն է, որ Թուրքիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ալի Նիհաթ Յազիչին հայտարարել էր, որ 7 երկրներիՙ Անգլիայի, Ֆրանսիայի, Վրաստանի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի մրցավարներին ու պաշտոնական անձանց չի հրավիրելու օլիմպիադային, քանի որ այդ պետությունների ֆեդերացիաներն իբր ֆինանսական խնդիրներ են ստեղծել ՖԻԴԵ-ի համար: Միեւնույն ժամանակ Յազիչին հիշեցրել է, որ ամեն տարի Թուրքիայի շախմատի ֆեդերացիան ՖԻԴԵ-ին 50-10 հազար եվրո է վճարում:
Յազիչիի այս քայլի պատասխանն իրեն երկար սպասեցնել չտվեց: Անգլիայի շախմատի ֆեդերացիան պատասխան նամակում նշել է, որ Յազիչիի հայտարարությունը խախտում է ՖԻԴԵ-ի կանոնակարգը: Անգլիացիները խնդրել են ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդին եւ էթիկայի հանձնաժողովին քննության առնել Յազիչիի հայտարարությունը եւ Թուրքիայի շախմատի ֆեդերացիայից պահանջել առանց խտրականության նշանակել օլիմպիադայի մրցավարներին: Նամակը բացի Անգլիայի ֆեդերացիայից, ստորագրել են նաեւ մյուս 6 երկրների ներկայացուցիչները:
Նշենք, որ շախմատի Հայաստանի ֆեդերացիան ՖԻԴԵ-ից արդեն ստացել է պաշտոնական հրավեր միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանի անունովՙ ղեկավարելու տեխնիկական-ադմինիստրատիվ կոմիտեն, որը զբաղվելու է յուրաքանչյուր տուրից հետո հաջորդ տուրի զույգերի վիճակահանությամբ:
Ինչ վերաբերում է օլիմպիական մրցումներին, ապա Հայաստանը Թուրքիայում հանդես կգա կանանց եւ տղամարդկանց հավաքականներով: Կանանց հավաքականում ընդգրկված են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանն ու Մարիա Կուրսովան: Տղամարդկանց հավաքականում առաջին խաղատախտակի վրա կխաղա Լեւոն Արոնյանը: Նրա թիմակիցները կլինեն Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանը: