Կամ ադրբեջանցիները անում են ճիշտ հակառակը, ինչը մինչ այդ ստորագրել են
Փարիզում երեկվա հանդիպումը, որի ընթացքում նոր մոտեցում ներկայացնելու մասին Հարավային Կովկաս այցելության ընթացքում հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը , այդպես էլ կարծես առանց նորությունների է անցել, կամ էլ, ինչպես ղարաբաղյան բանակցություների գրեթե ողջ ընթացքը, չի ներկայացվում հանրությանը: Ամեն դեպքում, հանդիպման մասին ԵԱՀԿ պաշտոնական հաղորդագրությունը ոչինչ չի ասում ոչ «նոր մոտեցման», ոչ էլ որեւէ ձեռքբերման կամ հանգրվանի մասին, այլ, սովորական դարձած տարբերակով, կրկնում է նմանօրինակ նախորդ հայտարարությունները:
Ըստ այդմ, հայտարարության մեջ ասվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Իգոր Պոպովն ու Ժակ Ֆորը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հետ քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա ընթացքը, ինչպես նաեւ «մարդասիրական շփումների զարգացման ու հրադադարի խախտման միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման, պատմական ու մշակութային արժեք ներկայացնող վայրերի պահպանության ուղղությամբ հետագա աշխատանքը»:
Հիրավի հրաշալի միտք է, ցանկություն, որ մի հայտարարությունից մյուսը կարծես արտագրում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անունից հայտարարություն տարածողները, սակայն արդյունքում ոչ մի քայլ չի ապացուցում այդ մտադրությունների լրջությունը: Իսկ որ համանախագահները կրկնել են նաեւ «խորին մտահոգությունը վերջին միջադեպերի առնչությամբ` շեշտելով 1994-ի հրադադարի պայմանագիրը հարգելու անհրաժեշտությունը», անլուրջ է դարձնում նմանօրինակ հայտարարությունը, քանի որ ամեն անգամ նման խոսքեր ասվում ու հրապարակվում են, սակայն դրանից դենը ոչ մի բան չի ձեռնարկվում:
Հայտարարության մեջ նաեւ ընդգծվում է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները պատրաստ են շարունակել աշխատել համանախագահների հետ «խաղաղ կարգավորման հասնելու» նպատակով, ինչպես նաեւ պատրաստակամ են ձեռնարկելու փոխվստահությանն ուղղված քայլեր, որոնք «կբարելավեն բանակցությունների մթնոլորտը»: «Հանդիպումն անցել է դրական, կառուցողական մթնոլորտում: Որպես հաջորդ քայլՙ համանախագահները մոտակա մի քանի շաբաթվա ընթացքում կայցելեն տարածաշրջան», նշված է հայտարարությամբ:
Ադրբեջանի վերջին շրջանում արած հայտարարությունների ու քայլերի ֆոնին ակնհայտ է մեկ բան. ճիշտ այնպես, ինչպես նախագահների մակարդակով հանդիպումներից հետո հայտարարությունների տեքստը ստորագրում ու հետո հրաժարվում է Ադրբեջանի նախագահ Ալիեւը, նույն կերպ է վարվում այդ երկրի արտգործնախարարը, որը վերջերս փաստացի հայտարարեց ստատուս քվոն ամեն կերպ փոփոխելու իրենց մտադրության ու ցանկության մասին` նաեւ սադրանքներով ու շանտաժով, իսկ երեկ փաստացի հայտարարել է մեկ այլ բան, թե պատրաստ է շարունակել աշխատանքը համանախագահների հետ:
Սրանից հետո Մամեդյարովը գուցե չանի հայտարարություններ, որոնք հետո հակասեն այսօրինակ հայտարարություններին` նաեւ համանախագահների ստորագրությամբ, սակայն Ադրբեջանում պաշտոնական տեսակետը տեղ հասցնելու համար կան այլ խոսափողներ, որոնք էլ, ի դեպ, ի տարբերություն վերջերս շատ չխոսկան դարձած Մամեդյարովի, հաճախ աշխարհին փորձում են «հուշել», թե ինչ է ցանկանում Ադրբեջանը:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ