Day.az կիսապաշտոնական ինտերնետ-ռեսուրսը «Պատմական դիտանկյուն» խորագրի տակ ամիսներ ի վեր անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի «պատմական անցյալին»: Վերջին հրապարակումը նվիրված է 1987 թ. դրությամբ ինքնավար մարզի սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական եւ հոգեւոր-մշակութային իրավիճակին: Հեղինակը, որ անանուն է, փորձել է «ապացուցել, որ ԼՂԻՄ-ը միջին հանրապետականից բարձր սոցիալ-տնտեսական մակարդակ ուներ»:
Սկսենք ժողովրդագրական ցուցանիշներից: Ըստ հրապարակման, 1987-88-ին ԼՂԻՄ-ի բնակչության թիվը «շուրջ 180 000 էր, որի ոչ ավելի, քան մեկ քառորդը ադրբեջանցիներ էին, եւ այսպիսով` ինքնավարության կազմավորումից մինչ այդ պահը նրա բնակչությունն աճել էր 1,5 անգամ»: Նախ, եթե Լեռնային Ղարաբաղում ամեն ինչ օրինաչափ լիներ, ապա նույն ժամանակահատվածում ադրբեջանական բնակչությունը չէր աճի շուրջ 4,5, իսկ ընդհանուրը` 1,5 անգամ: Երկրորդ, 1923 թ. Ադր. ԽՍՀ ամբողջ բնակչությունը շուրջ 2 միլիոն էր, 1988-ին` 7:
Այսինքն, խորհրդային տարիներին Ադր. ԽՍՀ ամբողջ բնակչությունն աճել է 3,5 անգամ, ինչը ԼՂԻՄ ցուցանիշը կրկնակի գերազանցում է: Ընդ որում, վիճակագրական տվյալներով, ԼՂԻՄ բնակչությունը նախապատերազմական` 1939 թ. մակարդակին հասել է միայն 1979-ին: Ժողովրդագրական նման աղետի ենթարկվել են միայն ֆաշիստական օկուպացիայի ենթարկված շրջանները: Իսկ դա իր հերթին պայմանավորված է նրանով, որ ԼՂԻՄ-ում զորահավաքի է ենթարկվել բնակչության գրեթե մեկ երրորդը: Դա այն դեպքում, երբ ամբողջ Ադր. ԽՍՀ-ում այդ ցուցանիշը չի գերազանցել 20 տոկոսը: ԼՂԻՄ-ից զորակոչվել են նույնիսկ 1895 թ. ծնված տղամարդիկ: Դա կազմակերպված էթնոցիդ էր, որի հետեւանքով ԼՂԻՄ արական բնակչության կեսից ավելին ենթարկվել է զորահավաքի:
Էթնոցիդի երկրորդ ալիքը սկսվել է 1946-ից: Այդ ալիքի տակ են ընկել ԼՂԻՄ հայկական բնակավայրերի դպրոցահասակ տղաները եւ աղջիկները, որոնց բռնությամբ հավաքագրել եւ ուղարկել են Մինգեչաուր, Սումգայիթ` իբրեւ ձրի աշխատուժ, քանի որ պաշտոնապես նրանք համարվել են ֆաբրիկագործարանային ուսուցման մեջ գտնվողներ, օգտագործվելով «կոմունիստական շինարարության» կառույցներում: Հավաքագրված աղջիկների մեծ մասը ենթարկվել է հոգեբանական եւ սեքսուալ բռնությունների: Երբ Ադրբեջանում խոսում են «խառն ամուսնությունների» մասին, ապա նկատի են ունենում հենց այդ տարիներին Բաքվում, Սումգայիթում, Մինգեչաուրում եւ այլուր հայտնված` կատարելապես անպաշտպան հայ աղջիկներին, ովքեր հարկադրաբար «իրենց կյանքը կապել են» ադրբեջանցու հետ:
Անդրադառնալով ԼՂԻՄ արդյունաբերությանը, Day.az- ի հեղինակը գրում է, որ ԼՂԻՄ տնտեսության մեջ վերջինս կազմում էր ընդհանուրի 60 տոկոսը: Արդյունաբերության մեջ զբաղված էր մարզի 94, 4 հազար աշխատունակ բնակչությունից 10 հազարը, ցուցանիշ, որով «ԼՂԻՄ-ը զիջում էր միայն Բաքվին եւ Սումգայիթին»: Նա, ընդսմին, ասում է, որ արդյունաբերության մեջ հիմնական տեղ զբաղեցնում էր մետաքսագործությունը: Ո՞րն է այստեղ խարդախությունը:
Բանն այն է, որ արդյունաբերության այդ ճյուղը որեւէ կերպ չի կարելի համարել Ադր. ԽՍՀ «նվիրատվություն»: Լեռնային Ղարաբաղում նախախորհրդային ժամանակներում գործել են մետաքսագործական տասնյակ մասնավոր գործարաններ: Խորհրդային իշխանության հաստատումից հետո դրանք «ազգայնացվել» եւ կենտրոնացվել են Ստեփանակերտում: Այդ կենտրոնացումը ծանր է անդրադարձել մի շարք գյուղական բնակավայրերի վրա, որտեղ նախկինում մետաքսագործարաններ էին աշխատում: Այնպես որ, ադրբեջանական իշխանությունների «ներդրումն» այն է, որ մետաքսագործությունը կենտրոնացնելով` աշխատատեղեր են ստեղծվել Ստեփանակերտին մերձակա ադրբեջանաբնակ գյուղերի համար:
ԼՂԻՄ գյուղատնտեսության մասին խոսելիս Day.az-ը խոստովանում է, որ մարզը տալիս էր Ադր. ԽՍՀ գյուղատնտեսական ընդհանուր արտադրանքի 5 տոկոսը: Դա այն դեպքում, երբ նրա բնակչությունը կազմում էր «հանրապետության բնակչության ոչ ավելի, քան 2 տոկոսը»: Ի՞նչն է այստեղ ուշագրավ: Այն, որ Ադր. ԽՍՀ, ինչպես եւ ողջ խորհրդային տնտեսությունը ոչ թե ազատ-շուկայական էր, այլ` պլանային: Այսինքն, տնտեսությունները պարտադրված էին կատարել այն պլանները, որ իջեցվում էին վերեւից: Իսկ վերեւում Ադր. ԽՍՀ կառավարությունն էր, որն էլ հանրապետության ողջ բնակչության ոչ ավելի, քան 2 տոկոսին պետական պլանով պարտադրում էր ապահովել Ադր. ԽՍՀ գյուղատնտեսական ողջ արտադրանքի 5 տոկոսը:
Սա ամենաիսկական գաղութային շահագործում էր: Ի դեպ, ԽՍՀՄ բարձրագույն իշխանություններին 1966 թ. «13»-ի հղած հայտնի նամակում հիմնավորապես ապացուցված է հենց այդ խտրական վերաբերմունքը: Այն, որ գյուղատնտեսական գրեթե ողջ արտադրանքը ԼՂԻՄ-ից իբրեւ հումք արտահանվում եւ վերամշակվում է հարակից ադրբեջանաբնակ շրջաններում: Ուղղակի փարիսեցիություն է Day.az-ի պնդումը, որ ԼՂԻՄ-ում մեկ շնչի հաշվով եկամուտները կազմում էին 1113,5 ռ., որը միջին հանրապետական ցուցանիշը գերազանցում էր 97,8, իսկ Նախիջեւանի ԻԽՍՀ-ինը` 170,4 ռուբլով: Եթե ինքնավար մարզը տալիս էր Ադր. ԽՍՀ գյուղատնտեսական ամբողջ արտադրանքի 5 տոկոսը, բնական է, որ մարդկանց եկամուտներն էլ պիտի բարձր լինեին: Դեռ խնդիր է` ինչքան կլիներ մեկ շնչի հաշվով եկամուտը, եթե ԼՂԻՄ-ում գործեր տնտհաշվարկի սկզբունքը, այսինքն` մարդիկ իրենց արտադրածի տերը լինեին:
Ամենազավեշտալին այն է, որ, իբրեւ «հոգատարության» նմուշ, Day.az-ը վկայակոչում է, որ 1987 թ. հանրապետական բյուջեից ԼՂԻՄ-ին հատկացվել է 37, 7 մլն. ռուբլի: Չի ասվում, թե նույն տարում որքա՞ն էր Նախիջեւանի ԻԽՍՀ բյուջետային ֆինանսավորումը: Բայց դա էական չէ: Ներկայումս ԼՂՀ համախառն բյուջեն ավելի քան 180 մլն. ԱՄՆ դոլար է: Համեմատենք այս թիվը խորհրդային 37,7 մլն. «փայտե» ռուբլու հետ եւ պարզ կդառնա, թե որքան «առատառաձեռն էր» Բաքուն Լեռնային Ղարաբաղի «սոցիալ-տնտեսական զարգացումն ապահովելու հարցում»: Ավելացնենք նաեւ, որ նույն տարում ԼՂԻՄ-ում արտադրվել է միայն 150 հազ. տոննա խաղող, որի ապրանքային արժեքն ավելին էր, քան «հանրապետական բյուջեից» ԼՂԻՄ-ին արված հատկացումը:
Ի վերջո Day.az-ը անդրադառնում է «հայկական եւ ադրբեջանական բնակչության հարաբերակցությանը» եւ այն «բացատրում» ոչ միայն ադրբեջանցիների շրջանում «բարձր ծնելիությամբ, այլեւ ԼՂԻՄ-ի սահմաններից դուրս հայ բնակչության միգրացիայով»: Ընդսմին, անանուն հեղինակը ցինիկաբար գրում է, որ 1970-79 թթ. ԼՂԻՄ բնակչությունն աճել է 12 հազ.-ով, որից հայերին բաժին է ընկել 2, ադրբեջանցիներին` 10 հազարը: Սա այն է, ինչ հայկական աղբյուրներն անվանել են «սպիտակ ցեղասպանություն»:
Ամփոփելով կարող ենք վստահաբար ասել, որ նույնիսկ ադրբեջանական պաշտոնական աղբյուրների հրապարակած վիճակագրական տվյալներն ապացուցում են, որ Ադր. ԽՍՀ կազմում ԼՂԻՄ-ը հետեւողականորեն գաղութացվում էր: Բռնաճնշվում էր ինքնավար մարզի սոցիալ-տնտեսական զարգացումը, ինչի հետեւանքով բնակչությունն ստիպված էր լինում արտագաղթել: Եթե դրան ավելացնենք նաեւ հոգեւոր-մշակութային եւ կրթադաստիարակչական ոլորտի ակնհայտ խեղաթյուրումները, ապա պատկերն ավելի ամբողջական կդառնա:
Ընդ որում, դա արվում էր մի երկրում, որտեղ Ադր. ԽՍՀ-ն օժտված չէր ինքնիշխանությամբ: Հետեւաբար, անկախ եւ ինքնիշխան Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղը դատապարտված էր լինելու էլ ավելի ստորացուցիչ եւ հետեւողական բռնաճնշումների: Իսկ դա ենթադրում է, որ ներկա իրողությունները միայն եւ միայն ԼՂ-ում մեծամասնություն կազմող հայ բնակչության անվտանգությունը եւ ազատ կենսագործունեությունը ապահովելու միջոց են: Միջոցներ, որ այլընտրանք չունեն: Մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ