Ամենակարեւորը, սակայն, ինչ ձեւով հանդիպելն է եւ ինչ ասելը»
Գերմանաբնակ մեր հայրենակից Միհրան Դաբաղը հանրաճանաչ գիտնական է, գլխավորում է Բոխումի համալսարանի Սփյուռքի եւ ցեղասպանության ինստիտուտը: Պարոն Դաբաղը վերջերս Հայաստանում էր, այցելեց «Ազգի» խմբագրություն: Օգտվելով առիթից` հարցազրույցի խնդրանքով դիմեցինք նրան: Թեման հետաքրքրական է, իսկ պատասխաններըՙ գուցե մի քիչ անսովոր, սակայն միշտՙ դիպուկ, ճշմարիտ եւ հավաստի:
- Թուրքիայի արտգործնախարարությունը հայկական սփյուռքի հետ մերձենալու կուրս է վերցրելՙ Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նախատեսվող միջոցառումներն ու հավանական նախաձեռնությունները հակակշռելու նկրտումով: Հակակշռելու առումով թուրքերը Գերմանիայում որեւէ քայլ կատարե՞լ են, ի՞նչ կարգի են դրանք:
- Վերջին օրերին Գերմանիայում Թուրքիայի դեսպանը հանդիպում ունեցավ Գերմանիո հայոց թեմի առաջնորդարանում եւ արժանացավ համայնքի, ավելի շուտՙ առաջնորդի ջերմ ընդունելությանը: Թուրքիայի դեսպանը առանձին քաղաքավարական այցելություն չէր կատարել: Նա առաջնորդարան էր եկել իր շքախմբով եւ տեսագրել հանդիպման ողջ ընթացքը: Այս տեսագրությունը կարելի է գտնել ինչպես «Ակօս»-ի ու թուրքական թերթերի, այնպես էլ դեսպանատան պաշտոնական կայքէջում: Այդպիսի քաղաքականություն, ինչպես արդեն դուք նշեցիք, արդեն կիրառվում է, դեռ թուրքական թերթերում էլ գրում են, որ չպետք է զուտ Հայաստանով բավարարվել, այլ բարելավել հարաբերությունները նաեւ հայկական սփյուռքի հետ: Կարելի է վերհիշել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի խոսքերը, թե սփյուռքի հայկական համայնքները իրե՛նց համայնքներն են, քանի որ նրանք Թուրքիայից են մեկնել կամ մեկնածների զավակներն են: Սիրաշահելու միտված օսմանյան կամ թուրքական քաղաքականությունը ներկայացնելու հարկ չկա, պարզապես սփյուռքը իբրեւ հայկական կառույց ուշադրության ավելի մեծ առարկա է դառնում Թուրքիայի քաղաքականության Հայոց ցեղասպանության ժխտողականության կամ հարաբերականացման համար: Այս այցելությունը չէր կատարվել խորհրդակցական նպատակով որոշ հարցերի շուրջը Գերմանիո հայոց թեմի առաջնորդ Գարեգին Բեկչյանի կարծիքն իմանալու համար, այլ այսպես կոչված խորհրդանշական քաղաքականության դրսեւորում էր: Հանդիպումը նպատակ ուներ ցույց տալ, թե հայկական համայնքին ինչպիսի մոտեցում է դրսեւորում Թուրքիան, կամ համայնքի ներկայացուցիչները ինչպիսի բարեկամական եւ ջերմ վերաբերմունք ունեն թուրքերի նկատմամբ, որոնք իրենց դահիճներն են համարվում: Սա ռազմավարական առաջադրանք է, այս կարգի հանդիպումներ կլինեն նաեւ ապագայում: Եթե հարցնեք. «Դուք ինչպե՞ս եք վերաբերվում համայնքի ներկայացուցիչների կամ առաջնորդի հետ դեսպանի հանդիպումներին», ապա պիտի ասեմ, որ պարտադիր չէ անպայման մերժել հանդիպում խնդրող դեսպանին, այլ որպես քաղաքավարության նշան պետք է ընդունել, սակայն նախքան ընդունելը պետք է ճշտել, թե դեսպանը ինչ նպատակով է գալիս եւ որ հարցերի շուրջը պիտի զրուցի: Ելնելով հարցերի բնույթից, կարելի է որոշելՙ մերժե՞լ, թե՞ ոչ: Զուտ քաղաքավարության այցի դեպքում չի կարելի մերժել, բայց դա պետք է լինի անձնական նախաձեռնությամբ, այլ ոչ թե այդպիսի ճոխ ծրագրով: Կարելի է մի գավաթ սուրճ էլ հյուրասիրել դեսպանին, պայմանովՙ որ մի քիչ դառը լինի, դրա հետ, սակայն, պետք է ներկայացնել մեր համայնքի դիրքն ու կեցվածքը որոշակի հարցերի շուրջը, այլ ոչ թե թույլ տալ ամբողջ հանդիպումը տեսագրել, որ օգտագործվի քարոզչության նպատակով:
Այստեղ ես վտանգավոր եմ համարում հաշտեցման երկխոսության քաղաքականությունը, որը խթանում է նաեւ Արեւմուտքը, ինչպես նաեւ հանդիպման արեւելյան ձեւավորումը, այսինքնՙ համբույրը: Մեր առաջնորդը Թուրքիայի դեսպանին ոչ միայն ջերմ ընդունեց, թույլ տվեց տեսագրել հանդիպման ողջ ընթացքն ու խնդրեց գրառում անել հուշամատյանում, այլեւ հրաժեշտի պահին նույնիսկ համբուրեց: Ընդ որում այս դեսպանը Հայոց ցեղասպանություն ուրացողների մեջ առանցքային դեր ունի Գերմանիայում, այսօրվա թուրքական իշխանության գաղափարախոսներից է, եղել է նախագահ Աբդուլլահ Գյուլի խորհրդականը:
- Պարո՛ն Դաբաղ, արտգործնախարար Դավութօղլուն սփյուռքի հետ մերձենալու հրահանգ է տվել բոլոր դեսպաններին: Թուրքերը չեն թաքցնում, որ այս մերձեցումը նպատակաուղղված է հակակշռելու Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը, որպեսզի «քիչ կորուստներով» անցկացնեն: Հետեւաբար, դեսպանի նպատակը չպետք է նորություն լիներ թեմի առաջնորդի համար: Եթե հիշում եք, փետրվարի 26-ին Ստամբուլում թուրքական կառավարությունը 100-հազարանոց հանրահավաք էր կազմակերպել «Բոլորդ հայ եք, բոլորդ վիժվածք» մակագրությամբ ցուցապաստառներով եւ մասնակիցների առջեւ ելույթ էր ունեցել Թուրքիայի ներքին գործերի նախարարը, կարծես օրինականացնելու հայերին վիժվածք անվանելու թուրք-ադրբեջանական ոհմակի այս անպատկառությունը:
- Շնորհակալություն, որ այդ հանրահավաքի օրինակը բերեցիք, որովհետեւ այդպիսի հանդիպումները որեւէ անկեղծ զգացմունքի արտահայտություն չեն, այլՙ խորհրդանաշական քաղաքականության արդյունավետ միջոց: Դրա նպատակը հայերի աղետալի փորձության ժխտումն է, համայնքի դիրքերի տկարացումը: Անշուշտ, Գերմանիո հայոց թեմի առաջնորդը տեղյակ էր այդ մասին: Ինքըՙ որպես Պոլսո հայոց պատրիարքության թեկնածու, կարծում էր, որ չպետք է մերժի Թուրքիայի դեսպանի հանդիպման խնդրանքը եւ իրականացրեց, ինչը, իմ կարծիքով, պատվաբեր չէ իր համար: Այստեղ խնդիրը Գարեգին եպս. Բեկչյանը չէ, այլ Հայոց ցեղասպանության ուրացման պայքարը: Սա այնքան քաղաքականացվել է, որ մենք մանրամասներին ուշադիր լինելու կամ որոշ արտահայտություններ ձեւակերպելու մեջ որոշակի տկարություն ենք դրսեւորում, պայմանավորված ցեղասպանության ճանաչման մտածողության զարգացածության ոչ բավարար մակարդակով, որը ցավոք, նկատվում է մեզ մոտ: Ինձ մտահոգում է նաեւ այն, որ Գերմանիայում Թուրքիայի դեսպանի այս ձեռնարկումը հաջողություն կունենա հայկական մյուս համայնքներում, որովհետեւ հստակ որոշումներ, հստակ արտահայտություններ, նաեւ կրոնական իշխանություններից, դեռեւս չենք լսել:
- Թուրքիայի դեսպանի հետ հանդիպման այդ տեսագրությունը ինքնին թուրքական քարոզչության համար կարեւոր նյութ է: Ըստ երեւույթին լավ կլիներ, եթե հանդիպմանը դեսպանին հիշեցնեին «Բոլորդ հայ եք, բոլորդ վիժվածք» ցուցապաստառներով հանրահավաքի մասին, եւ դա պարտադիր չէ, որ աներ հենց Գարեգին սրբազանը, այլՙ ներկաներից որեւէ մեկը, գոնե ցույց տալու համար մերձեցման անհամատեղելիությունը թուրքական կառավարության կազմակերպած այս հայատյաց հանրահավաքի հետ:
- Հանդիպմանը այս հանրահավաքի մասին ոչ մի ակնարկ չարվեց: Ավելին, դեսպանիՙ «Այս համայնքները իմ համայնքներն են» արտահայտությունը նույնպես ոչ մի հակազդեցության չարժանացավ: Մինչդեռ դա առիթ էր նշելու, որ այդ համայնքները ցեղասպանության հետեւանքն են: Այլ կերպ, այս հանդիպումով քարոզչության նպատակ հետապնդող խորհրդանշական քաղաքականությունը ամենահաջող կերպով դրսեւորվեց: Սփյուռքահայ հաստատությունները պետք է անպայման պատասխանեն թուրքական այս կեղծ մոտեցմանը եւ դրա համար մենք բոլորս պետք է պատասխանատու լինենք քննադատելով նրանց, ովքեր ընդառաջելով թուրքական այս կեղծ քաղաքականությունըՙ ինքնակամ դրա զոհն են դառնում:
- Ի՞նչ վերաբերմունք ցուցաբերեց գերմանահայ համայնքը:
- Համայնքն, իհարկե, հավանություն չի տալիս: Կա ակնհայտ ընդվզում, որովհետեւ դա հակասում է մեր բոլոր ջանքերին ու աշխատանքներին: Հետեւաբար զգուշանալ է պետք: Ասեմ նաեւ, որ այս զգուշությունը դրված է նաեւ հայաստանյան իշխանության ներկայացուցչի վրա: Համենայն դեպս Գարեգին սրբազանը գիտեր եւ ծանոթ էր Թուրքիայի դեսպանի մտադրություններին: Հանդիպել-չհանդիպելու հարցը վիճելի է, կարելի է քննարկել: Սակայն ամենակարեւորը ինչ ձեւով հանդիպելն է եւ ինչ ասելը: Թուրքական կողմը հանդիպումից առաջ պարզորոշ պետք է իմանա, որ մեր դիրքորոշումը Մեծ եղեռնի հարցում ավելի քան հստակ է, եւ մենք այդ հարցը որեւէ ձեւով քննարկման առարկա չենք դարձնում: Այլ ոչ թե տուրք տալ թուրքական կեղծ քաղաքականությանը, նաեւ կեղծավորությանը, որովհետեւ, ինչպես արդեն նշեցիք, արտգործնախարարի հրահանգով հայկական սփյուռքի հետ մերձեցող այդ նույն կառավարությունը Ստամբուլում կազմակերպել էր այդպիսի հայատյաց խայտառակ հանրահավաք:
- Ի դեպ, 2009-ին, եթե չեմ սխալվում, նոյեմբերին, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը թուրքական հանրային հեռուստատեսության էկրանից ասել էր. «Եթե որեւէ մեկը կարծում է, որ հանուն Թուրքիայի հետ հարաբերությունների Հայաստանը զիջումներ կանի Հայոց ցեղասպանության եւ Լեռնային Ղարաբաղի հարցերում, չարաչար սխալվում է: Մենք զիջումներ չենք արել, չենք անում եւ չենք անելու»:
- Հայաստանի ներկա կառավարության այս հստակ կեցվածքը ինձ մեծ ուրախություն է պատճառում: Որոշ շրջանակներ այդ ուղղությամբ որոշակի դժգոհություն էին արտահայտում: Սակայն մեր քաղաքականությունը հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո դարձել է շատ սթափ, շատ հստակ, որեւէ կասկածի տեղիք չի տալիս: Դա որոշակի պատասխանատվություն է դնում սփյուռքի հաստատությունների եւ հատկապես եկեղեցականների ուսերին, որպեսզի նրանք զերծ մնան անհաշվենկատ քայլերով հայաստանյան իշխանությունների վճռական քաղաքականությունը հարաբերականացնելու դրսեւորումներից: Եկեղեցականների առումով թերեւս հատկանշական են Կ. Պոլսո երջանկահիշատակ պատրիարք Շնորհք արք. Գալստյանի խոսքերը: Ես շատ մտերիմ եմ եղել իր հետ: Մի առիթով ասել էր. «Թուրքական կառավարությունը անընդհատ հայտարարություններ էր ներկայացնում ինձ: Ոչ մեկը չստորագրեցի: Եվ որքան լռեցի, այնքան հարգանք ստացա»:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ