ՀՀ մշակույթի եւ Իտալիայի արտաքին գործերի նախարարությունների միջեւ 2011թ. ապրիլի 6-ին ստորագրվել է «Աջակցություն հայկական հաստատություններին տեղական մշակութային ժառանգության պահպանման եւ ամրակայման համար» տեխնիկական պայմանագիր, որի շրջանակում կիրականացվեն հետեւյալ ծրագրերը`
«Հուշարձանների ճարտարապետական վերականգնման գծով» մասնագիտական դասընթացներ` Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանում, որմնանկարների վերականգնման բնագավառում` «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, շարժական մշակութային արժեքների եւ հնագիտական արժեքների վերականգնման բնագավառում` ՀՀ ազգային պատկերասրահում եւ ՀՀ պատմության թանգարանում, շինհրապարակների ղեկավարների եւ վարպետների վերապատրաստում ճարտարապետական վերականգնման բնագավառում` վերականգնման կենտրոնում:
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեգ Սամուելյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց. «Հայաստանի համար սա անչափ կարեւոր գործ է: Ինչպես նկատում եք, պատմամաշակութային ժառանգությունը թե՛ կառավարության, թ՛ե հասարակական կառույցների ուշադրության կենտրոնում է, որը շատ կարեւոր է, քանի որ մշակույթի հիմնաքարը ժառանգության պահապնումն է: Գործընթացը բաղկացած է մի քանի կարեւոր տարրերից, որոնցից մի քանիսը արդեն մեկնարկել է»:
Հնագիտական դասընթացների մեկնարկը կտրվի հունիսի 18-ին, որը կտեւի մինչեւ դեկտեմբեր, ինչն իր մեջ ներառում է ե՛ւ գործնական, ե՛ւ տեսական աշխատանքներ: Դասընթացի տեսական մասը կանցկացվի ԵՃՇՊՀ-ում, իսկ գործնական պարապմունքները` Արուճի պեղավայրում: Դասախոսությունները կվարեն Միլանի Պոլիտեխնիկի դասախոսները` Սուզաննա Բորտոլոտտոն, Անդրեա Գարձուլինոն, Մատիլդե Մարձուլլոն, Լուիջի Մարինոն, Ջովաննա Բանիասկոն, որոնց կհետեւեն 15 հնագետներ: Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին նշեց. «Այս ծրագիրը առանձնահատուկ կարեւորություն ունի, ոչ միայն երկկողմ համագործակցության առումով, այլեւ Հայաստանի համար: Հայկական կողմից ներառված են մշակույթի, կրթության եւ գիտության նախարարությունները, սակայն ֆինանսավորող կողմը Իտալիայի արտգործնախարարությունն է: Այս համագործակցությունը երկրների զարգացման համար կարեւոր գործոն է: Իտալիան շատ կարեւոր դեր է զբաղեցնում աշխարհում: Նշենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից համաշխարհային մշակույթի ժառանգություն ճանաչված կոթողները պատկանում են Իտալիային»:
Իսկ որմնանկարների պահպանմանը եւ վերականգնմանը նվիրված դասընթացը կմեկնարկի հունիսի 25-29-ը եւ հուլիսի 30-ից օգոստոսի 10-ը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում:
Դասընթացը նախատեսվում է Երեւանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների, շրջանավարտնների, ճարտարապետների համար:
Դասընթացներն անվճար են:
ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ