Սույն թվականի հունիսի 6-ից 13-ը Երեւանում ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո անցկացվեց Արամ Խաչատրյանի անվան միջազգային 8-րդ մրցույթը: Մրցույթը տեղի է ունենում ամեն տարիՙ «դաշնամուր», «ջութակ» կամ «թավջութակ» մասնագիտություններով: Այս տարի մրցում էին ջութակահարները:
Արամ Խաչատրյան մրցույթը կայացել է ՀՀ Մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի եւ Կոմիտասի անվան Երեւանի պետական կոնսերվատորիայի շատ մեծ ջանքերի շնորհիվ: Մրցույթի գործընկերներն են ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամները: Մրցույթի աջակիցներն են` Ani Plaza եւ Golden Palace հյուրանոցները, Mozarteum ռեստորանը, HD Studio-ն:
Այս անգամ մասնակիցները Հայաստան էին եկել շուրջ 20 երկրներից` Ռուսաստանից, Ղազախստանից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Բելոռուսից, Լեհաստանից, Չինաստանից, Կորեայից, Կոլումբիայից, Իտալիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից:
Մրցույթի բացման հանդիսավոր արարողությունն ու գալա համերգը ավանդաբար տեղի ունեցան Ա. Խաչատրյան համերգասրահումՙ մեծ կոմպոզիտորի ծննդյան օրը: Եվ արդեն հաջորդ առավոտ կամերային երաժշտության տան օդը հագեցած էր մրցութային յուրահատուկ «բուրմունքով»: Մրցույթի առաջին փուլը սկսված էր: Հայ երաժշտասեր հասարակայնությունը մեծ հաճույքով է մասնակիցն ու գործող անձը դառնում նման միջոցառումների: Յուրաքանչյուր մրցույթ յուրատեսակ մասնագիտական, ինֆորմացիոն հաճույք պարունակելուց բացի, իր մեջ կրում է նաեւ ադրենալինի մի չափաքանակ, որ ունկնդրին պահում է հետաքրքրված: Պետք է ասել, որ մրցույթի քսանութ մասնակիցների մեջ կային իսկապես տաղանդավոր երիտասարդներ, որոնք ունեին գործիքին տիրապետելու գերազանց վարպետություն եւ հարուստ ներքնաշխարհ: Նրանց գերակշիռ մեծամասնությունը հղկվում են մոլորակի ամենաբարձրակարգ երաժշտական հաստատություններումՙ ամենահայտնի երաժիշտ-մանկավարժների ղեկավարությամբ:
Առաջին փուլի երկօրյա նյարդային իրավիճակը հանգուցալուծվեց մասնակիցների մեկ երկրորդիՙ մրցույթի երկրորդ փուլում ելույթ ունենալու թույլտվությամբ:
Երկրորդ փուլն (ինչպես սովորաբար լինում է) ավելի լարված էր, մրցութային մրցավազքին հարիր: Մրցակիցներըՙ ավելի մարտունակ, ունկնդիրնՙ առավել կողմնորոշված իր գերադասությունների մեջ: Դրա ապացույցը մինչեւ կեսգիշեր Ա. Խաչատրյան տուն-թանգարանի լեփլեցուն դահլիճն էր եւ վաղ առավոտից ներկաների հարցառատ դեմքերը: Կեսգիշերին հայտնի դարձան եզրափակիչ փուլ անցած հինգ մասնակիցների անունները: Ցավալիորեն ժյուրին մեր հայրենակիցներից ոչ մեկին հարմար չգտավ երրորդ, վճռորոշ փուլում մրցակիցների ցանկում տեսնել:
Մեկ օր անց մրցութային եզրափակիչ փուլ անցած մասնակիցները Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) հետ կատարեցին Արամ Խաչատրյանի գլուգործոցներից մեկըՙ Կոնցերտը ջութակի եւ նվագախմբի համար: Պետք է նշել նաեւ, որ մրցութային այս լարվածությունը տհաճ կերպով անդրադարձավ եզրափակիչ փուլ անցած լեհ մասնակցիՙ Ջոանա Քրեֆթի վրա, որն ունեցավ առողջական խնդիրներ: Ինչեւէ, մրցույթի կուլմինացիան հենց այս փուլն էր, որի արդյունքում որոշվեցին Արամ Խաչատրյան մրցույթի մրցանակակիրները.
Գրան ՊրիՖյոդոր Ռուդին (Ֆրանսիա-Ռուսաստան)
1-ին մրցանակՙ Թանաբե Այակո (Ճապոնիա)
1-ին մրցանակՙ Պավել Միլյուկով (Ռուսաստան)
2-րդ մրցանակ չի շնորհվել
3-րդ մրցանակՙ Նակամուրո Դայչի (Ճապոնիա)
Ջոանա Քրեֆթը (Լեհաստան) ստացավ խրախուսական դիպլոմ:
Վերջումՙ մի քանի խոսք մեր ներքին խոհանոցի մասին:
Ցանկալի կլիներ, որ մրցույթի կազմկոմիտեն հետեւողական լիներ եւ հարգեր մրցույթի կայքէջում մրցույթի իր իսկ որոշած պայմանները: Այսպես օրինակ, կայքէջում գրված էՙ «Երկրորդ փուլին կթույլատրվեն ութ մասնակցից ոչ ավելի»: Այդ դեպքում ինչո՞վ բացատրել այդ փուլ անցած միանգամից տասնչորս մասնակցի ներկայությունը: Հավանաբար ժյուրիի անդամների մոտ սովորող մասնակիցների գերակշիռ մեծամասնության համար կանաչ լույս վառելու շատ մեծ անհրաժեշտությու՞ն կար: Կամ մի ուրիշ օրինակ. «Եզրափակիչ փուլին կթույլատրվեն չորս մասնակցից ոչ ավելի»: Այս անգամ ունեցանք «ընդամենը» հինգը /տեսՙ http://www.akhic.am/:
Ասենք նաեւ, որ հազվադեպ մրցույթներ են հոգում «բոլոր մասնակիցների կեցության եւ սննդի ծախսերը»: Սա ի՞նչ է. արեւելյան հյուրասիրության եւս մեկ ցուցադրությու՞ն, թե՞ «էստի համեցեք»: Կարծում ենք, այդպիսի «բոնուսները» չեն, որ պիտի գրավիչ դարձնեն մեր երկրում կատարողների միակ միջազգային մրցույթը օտարների համար (քանի որ մեր հայրենակիցների գերակշիռ մեծամասնությունը կացարանի կամ սննդի պակաս չի զգում սեփական երկրում): Վճարելով ընդամենը անդամակցության վճար 100 (եվրո) չափով, 16-32 տարեկան որեւէ երաժիշտ կարող է հայտնվել հեռավոր Հայաստան աշխարհում, ունենալ անվճար կացարան, սնունդ, օգտվել տարբեր էքսկուրսիաներից, վայելել մեր արեւի եւ երաժշտասեր հասարակայնության ջերմությունը եւ, որ ամենակարեւորն է, բավական մեծ գումար շահելու ակնկալիքներ ունենալ (1-ին մրցանակ` 15000 ԱՄՆ դոլար, 2-րդ մրցանակ` 10000 ԱՄՆ դոլար եւ 3-րդ մրցանակ` 5000 ԱՄՆ դոլար): Իրավամբՙ Հայաստան-դրախտավայր:
Այսպիսով, ցավալիորեն ամեն ինչ արված է, որ Ա. Խաչատրյանի անվան մրցույթը վերածվի գերազանցապես դրամ շահելու բավական ցանկալի մի օղակի: Ակնհայտ է, որ այս մրցույթը միջազգային երաժշտական շրջանակներում դեռեւս ձեռք չի բերել այն հեղինակությունը, ինչը կգրավեր օտարազգի երաժիշտներին (ինչը համարում ենք բնականՙ հաշվի առնելով նրա կարճ կենսագրությունը), եւ ոչ էլ համերգային շրջագայությունների պայմանագրեր են այստեղ կնքվում (ինչը միջազգային մրցույթների ամենակարեւոր բաղկացուցիչներից է):
Եթե մրցույթի կազմկոմիտեին հաջողվում է այդքան գումար հայթայթել, գուցե ավելի խելամիտ կլիներ այն ծախսել ոչ թե օտարներին շլացնելու, այլ սեփական երկրի երաժշտական/մանկավարժական կյանքը ակտիվացնելու ուղղությամբ: Ասենք օրինակ, ինչո՞ւ չհրավիրել նույն ժյուրիի անդամներին, հանրահայտ երաժիշտ-մանկավարժներին թեկուզ մեկ ամսով աշխատելու Երեւանի պետական կոնսերվատորիայում: Հավատացած եմ, որ կանխավ պայմանավորվելու եւ պատշաճ դրամական փոխհատուցման դեպքում նրանցից յուրաքանչյուրն էլ որեւէ մեկ ազատ ամիս կգտնի նման ձեռնարկի համար: Այսպիսի ձեռնարկը կակտիվացներ կոնսերվատորիայի ուսանողին, նա կսկսեր իրեն զգալ ժամանակակից երաժշտական աշխարհի գործընթացների մի մասնիկ, դուրս կգար գավառական վիճակից եւ ավելի քիչ կնայեր դեպի արեւմուտքՙ երազական հայացքով: Այս վիճակը չէ՞ արդյոք պատճառներից մեկը, որ ոչ մի հայ մասնակից չունեցանք եզրափակիչ փուլում:
Միտքս այն է, որ ցանկալի կլիներ «բոնուսների» վեկտորը փոխեինք դրսիցՙ ներս: Վստահ եմ, որ դրանով Արամ Խաչատրյան մրցույթը ժամանակի ընթացքում ավելի մեծ հարգանք եւ հեղինակություն ձեռք կբերեր, քանի որ կունենար է՛լ ավելի կրթված, գրագետ եւ լայնախոհ տեղացի մասնակիցներ:
ՄԱՐԻՆԵ ԿԱՐՈՅԱՆ, Հոգեբանական գիտությունների թեկնածու, ՀՊՄՀ-ի դոցենտ