Կազանում ընթացող շախմատի Գրան Պրիի խաղարկությունում հաջող մրցելույթներն է շարունակում Էլինա Դանիելյանը: Հայ շախմատիստուհին 7 տուրից հետո վաստակած 5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Վերջին 2 տուրերում Էլինան 1,5 միավոր վաստակեց: 6-րդ տուրում նա սպիտակներով հաղթեց Նադեժդա Կոսինցեւային, իսկ հաջորդ մրցախաղում հաշտություն կնքեց աշխարհի նախկին չեմպիոնուհի Անտուանետա Ստեֆանովայի հետ:
4,5-ական միավորով Դանիելյանին հետապնդում են Վիկտորիա Չմիլիտեն, Կատերինա Լահնոն եւ Աննա Մուզիչուկը: Չմիլիտեն նախ ոչ-ոքի խաղաց Համպի Կոներուի հետ, ապա հաղթեց Բեթուլ Յիլդիզին: Լահնոն էլ Ալիսա Գալյամովային պարտության մատնելուց հետո հաշտություն կնքեց աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանի հետ: Իսկ Մուզիչուկը կեսական միավորներ վաստակեց Ալեքսանդրա Կոստենյուկի եւ Տատյանա Կոսինցեւայի հետ պարտիաներում:
Առայժմ այնքան էլ հաջող հանդես չի գալիս աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանը, որը հաղթող է ճանաչվել Գրան պրիի 2 խաղարկություններում եւ 320 միավորով գլխավորում է ընդհանուր ցուցակը: Հիշեցնենք, որ Էլինա Դանիելյանն առայժմ ընդհանուր աղյուսակում 95 միավոր ունի: Եթե նրան հաջողվի Կազանում 1-ին տեղը զբաղեցնել, ապա կվաստակի 160 միավոր եւ միավորների ընդհանուր քանակը կհասցնի 255-ի: Այնպես որ Կազանում հաջողության հասնելն Էլինայի համար շատ կարեւոր է: