ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ մի այնպիսի շիլաշփոթ էր Ազգային ժողովում, որ գուցե նախորդ նստաշրջաններում ոչ մի անգամ չի եղել: Մի կողմից կառավարության ծրագիրը, որ ներկայացնում էր վարչապետը, բավական ագրեսիվ քննադատության արժանացրին ընդդիմադիրները, մյուս կողմիցՙ ԱԺ բուֆետն էլ դարձել էր միաժամանակ բազմաթիվ պաշտոնյա մարդկանց հավաքատեղի` լրագրողների բուռն-հետաքրքրասիրական հայացքների ներքո խմբերով «մի կտոր հաց» կերան ե՛ւ նոր պատգամավորները, ե՛ւ ողջ նախարարական կորպուսը: Իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը մի քանի ժամ ոտքի վրա մնաց ԱԺ ամբիոնի մոտ` նախ նոր կառավարության ծրագիրը ներկայացնելով եւ ապա պատասխանելով պատգամավորների հարցերին:
Սակայն մինչ այդ պատմենք, որ ԱԺ ընդմիջումներին խոսակցությունների թեման նախ «Հարսնաքարում» տեղի ունեցած դաժան ծեծկռտուքն էր, երբ ռեստորանի մատուցողը, անվտանգության աշխատակիցներն ու այլ մարդիկ առանձնակի դաժանությամբ ծեծել էին պաշտպանության նախարարության երեք սպա-բժիշկների: Ու քանի որ «Հարսնաքարի» սեփականատեր (պատկանում է նրա ընտանիքին) Ռուբեն Հայրապետյանը երեւի ամոթից չէր եկել Ազգային ժողով, ապա լրագրողների ձեռքն էր ընկել նրա ընկեր մյուս օլիգարխը` Սամվել Ալեքսանյանը, որը հավաստիացնում էր, թե Հայրապետյանը խիստ բարկացել է միջադեպի պատճառով, որ նա մեղք չունի եւ այլն, ապա ավելացնում, թե վստահ է, որ մեղավորները պատժվելու են:
Իսկ արդեն նիստում Հովիկ Աբրահամյանը երդվեցրեց խորհրդարան եկած ու դեռեւս չերդված Հովհաննես Սահակյանին ու Հովհաննես Մարգարյանին (ինչու չէ` նաեւ անցած անգամ բացակա ժառանգականներին), սակայն ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ «Երդվում ենք»-ի դեպքում լսվեց վարողի ձայնը միայն, երդվողների ձայնն անլսելի մնաց, երդումն Ազգային ժողովում մի տեսակ չի ստացվում: Խմբակցություններից ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը» կանոնակարգի պահանջով հայտարարեցին իրենց ընդդիմադիր լինելու մասին, իսկ ԲՀԿ-ն այդպիսի հայտարարություն չարեց: ԲՀԿ-ականները դա բացատրում էին նրանով, որ կանոնակարգի այդ պահանջը իմպերատիվ չէ, այլ միայն ընդդիմադիրներին մի շարք հարցերում կարող է առավելություններով օժտել, ինչն իրենք չեն ունենալու:
Տիգրան Սարգսյանի ներկայացրած ծրագրում մի շարք հետաքրքրական թվեր ու նորություններ կային (օրինակ` երրորդ երեխայի ծնունդի դեպքում բավական զգալի գումարի տրամադրումը, կամ կառավարության մասնակցությունը որոշ արտադրական ձեռնարկների), ողջ ելույթը տեղադրված է «Ազգ»-օնլայնում, իսկ հիմնական սկզբունքները ներկայացված են վերեւի հոդվածում: Ելույթից հետո հերթագրված բազմաթիվ պատգամավորների հարցերը հուշում էին, որ ընդդիմադիրների եւ ԲՀԿ-ի քննադատությունը թեժ է լինելու:
Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ելույթում միանգամից որակեց, որ դա ծրագիր չէ, այլ երկար-բարակ դատողությունների շարան եւ որեւէ քննադատության չի դիմանում, իսկ առանձին նախադասություններ 40-էջանոց ծրագրից թե հանվեն, ապա այն կարելի կլիներ հանգիստ վերագրել այլ երկրի, ասենք` Ֆրանսիային կամ Մոնղոլիային: Ծրագրի երեք գերակայությունների ընտրությունը` մարդկային կապիտալի զարգացում, մրցունակության բարձրացում, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում` զարմացնում են Բագրատյանին. այ, եթե վերլուծվեր նախորդ` իր կարծիքով տապալված ծրագիրը, ապա այլ գերակայություններ կընտրվեին` արտագաղթ, աղքատություն, արտաքին պարտքի խնդիր: Նա կանգ առավ ծրագրի, իր կարծիքով, 10 թերությունների վրա, նշելով, որ ծրագիրը դատողությունների շարան է չկոնկրետացված նպատակների շուրջը: Նա մի ամբողջ շարք թվեր բերեց` մատնանշելով խոստացվածի եւ փաստացի կատարողականի տարբերությունը. նշենք միայն երկուսը նրա թվերից` խոստացված 47-61 տոկոս տնտեսական աճի փոխարեն` 10,9 տոկոս աճ, իսկ երկրի արտաքին պարտքը հատել է 6,5 միլիարդ դոլարի սահմանը, որից պետական պարտքը 4 մլրդ է:
«Ես դեմ եմ քվեարկելու այս կառավարությանը, քանի որ չեմ ուզում հաստատել այն ասացվածքը, որ յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր կառավարությանը», ասաց ՀԱԿ խմբակցությունից Նիկոլ Փաշինյանը , մինչ այդ էլ Արամ Մանուկյանն էր մեղադրական հարցաշար ուղղել վարչապետին: Ստեփան Դեմիրճյանը նույնպես խոսում էր թվերով` աղքատների թիվը 270 հազարով ավելացել է, ՀՆԱ-ի 8-10 տոկոսի աճը չի ապահովել կառավարությունը, այս տարվա առաջին չորս ամիսներին 57 հազարից ավելի մարդ է արտագաղթել, աճել են գործազրկությունը, ինքնասպանություններն ու հանցագործությունները, լրջագույն խնդիրներ են կուտակվել բոլոր բնագավառներում, երկիրը համակարգային ճգնաժամի մեջ է հայտնվել: «Ժառանգության» ազատդեմոկրատական Ալիկ Արզումանյանը բարի ցանկությունների եւ լավ մտադրությունների հռչակագիր անվանեց կառավարության ծրագիրը, թեեւ վստահ էր, որ նախարարները կարող էին շատ պրոֆեսիոնալ ծրագիր ներկայացնել, բայց քանի որ «ժամանակավոր, ձմեռը հանելու կառավարություն է»` կենացների ժողովածու է բերել խորհրդարան:
ԲՀԿ-ի դիրքորոշմանը հատկապես էին սպասում, թեեւ արդեն նախորդ օրվանից այդ դիրքորոշումը հայտնի էր` ԲՀԿ-ն դեմ է այս կառավարության քաղաքականությանը: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի , Վարդան Օսկանյանի եւ մյուս պատգամավորների խոսքերը պարունակում էին մեղադրական շեշտադրումներ: Վարդան Օսկանյանը դիմեց վարչապետին, թե «Ձեր թերություններից մեկն այն է, որ երբեք չեք ընդունել ձեր սխալը», նշելով` ծրագրով ներկայացրածն ու կյանքն իրար չեն բռնում, ու միկրոհարթության վրա արվածները չեն արտացոլվում մակրոհարթության (ժողովրդի կյանքի) վրա. «Այն դրական բաները որ ասացիք` չասացիք, որ այդ բոլորն արվում են պարտքերի միջոցով, դրա մասին բառ դուրս չեկավ: Մեր ազգային պարտքն այսօր արդեն անկառավարելի է դառնում»: Ըստ նրա` վարչապետը բավական գունավոր է ներկայացնում իրավիճակը, սակայն թվերն այլ բան են ասում, եւ ճգնաժամը միայն մեկ պատճառ է, ավելի կարեւոր պատճառ է սխալ կառավարումը: Նաիրա Զոհրաբյանը եւս խիստ էր իր քննադատության մեջ` 35,8 տոկոս աղքատություն, անասելի չափերի արտագաղթ, նախորդ ծրագիրը կառավարությունը ձախողել է, եւ այժմ նույն կազմով նոր ծրագիր է բերել ու խրոխտ կեցվածքով ակնկալում է վստահության քվե, մինչդեռ Ն. Զոհրաբյանը մեծ վերապահումներվ է ասում «նոր կառավարություն եւ նոր ծրագիր» բառերը: Մի խոսքով` ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին:
ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանը ծրագիրը պիղատոսյան, ձեռքերը լվանալու քաղաքականություն իրականացնող եւ նախորդի ծաղրանկար անվանեց, իսկ նրա գործընկեր Վահան Հովհաննիսյանը նկատել էր այն, ինչ երեւում էր ողջ ելույթների ընթացքում` կարծես մրցակցություն է, թե երեք նախագահներից ո՞ր մեկի ժամանակ էր ավելի վատ կառավարվում երկիրը, ե՞րբ են ավելի շատ մարդիկ փախել երկրից. «Մինչդեռ մենք հիմա պետք է խոսենք այլ բանի մասին` էս երկրում ժողովրդի վիճակի պատասխանատուն ո՞վ է. իրականում այս կառավարությունը չէ», ասաց նա` նշելով, որ կառավարությունը վարագույր է ծառայում ինչ-որ մարզային մակարդակի ցեղախմբերի, ինչ-որ կլանների, խմբերի համար, որ ներկա են նաեւ ԱԺ դահլիճում. «Պահանջենք եւ ԱԺ-ի հետ միացյալ հետ քաշենք վարագույրը», ասաց:
Կառավարության ծրագրի պաշտպանների ելույթների մի մասը մնաց այսօր, բայց հասցրին ելույթ ունենալ ՀՀԿ-ից Դավիթ Հարությունյանն ու Կորյուն Նահապետյանը : Դավիթ Հարությունյանը կարծում էր, որ ներկայացված ծրագիրը ենթածրագրերով` հայեցակարգերով ավելի մանրամասն շարունակվելու է մշակվել, ու այս դեպքում լուրջ քաղաքական նշանակություն կստանա: Ընդ որում` ներկա խորհրդարանը պետք է մասնակցի գործընթացին եւ հետագայում հնարավորություն ունենա հետեւելու այդ ծրագրի կատարմանը: Նա ամփոփեց` հավատում է այս կառավարության կարողություններին: Հետաքրքրական է, որ նա շնորհավորեց բոլորին` կառավարության ծրագիրն առաջին անգամ է այսպես հետաքրքրական քննարկման արժանանում, բայց եւ` «ժողովուրդը ոչ թե քննադատներին է գնահատում, այլ նրանց, ովքեր ունակ են վիճակը շտկելու», իսկ քննադատությունն օգնում է լավ աշխատել ու նրա խոսքով` «լավագույնս հենց մենք ենք մեզ քննադատել» :
Կորյուն Նահապետյանը կառավարության ծրագիրը համահունչ համարեց ընտրություններում ժողովրդի առավել մեծ վստահությունը ստացած ՀՀԿ ծրագրին: Գերակայություններով ներկայացված են գործունեության բոլոր ուղղությունները, ու մինչեւ 2017 թվականը իրականացվելիք ՀՀԿ ծրագիրն է դրված դրա հիմքում` ոչ մի ժամանակավոր կառավարություն:
Այսօր վարչապետն ու կառավարությունը դեռ ստիպված են լինելու լսել քննադատությունների մի նոր փունջ` սա է լինելու այսուհետեւ խորհրդարանական առօրյան մինչեւ նախագահական ընտրություններ: