«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#110, 2012-06-19 | #111, 2012-06-20 | #112, 2012-06-21


ԱԴՐԲԵՋԱՆ-ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ ԼՈՒՐՋ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՍՊԻՑ ԾՈՎՈՒՄ

Հակասության մասին երեկ գրել է թուրքական «Դունիա բուլթենի» լրատվական գործակալությունըՙ անվանելով դա «մեծ ճգնաժամ»: Պարզվում է, վերջերս ադրբեջանական առափնյա պարեկային ծառայությունները կանխել են թուրքմենական նավի հորատման աշխատանքներն այն վայրում, որն ադրբեջանցիներն անվանում են Քեփեզ, իսկ թուրքմեններըՙ Սարդար: Ենթադրվում է, որ այս նավթահորի պաշարները շուրջ 50 մլն տոննա են:

Միջադեպից հետո Ադրբեջանում Թուրքմենստանի դեսպան Կոմեկովը հրավիրվել է արտգործնախարարություն, որտեղ նրան են ներկայացրել Ադրբեջանի նոտան, պատճառաբանելով, թե թուրքմենական նավի հորատման աշխատանքները ապօրինի էին, որովհետեւ Քեփեզի ծանծաղուտը ադրբեջանական ջրերում է:

Դրան ի պատասխան, Թուրքմենստանն էլ իր հերթին նոտա է տվել Ադրբեջանին եւ նախազգուշացրել է, որ նման սադրանքի կրկնության դեպքում կդիմեն անհրաժեշտ միջոցների: Քեփեզ կամ Սարդար ծանծաղուտը վաղեմի կռվախնձոր է երկու թյուրքալեզու երկրների միջեւ: 1997-ին, երբ Ադրբեջանը այս նավթահորի շահագործման համար համաձայնագիր էր ստորագրել ռուսական նավթային ընկերությունների հետ, Թուրքմենստանը բողոքել էր, եւ համաձայնագիրը չեղյալ էր հայտարարվել: Ավելին, 2001-ին հենց այս նավթահորի պատճառով Սափարմուրադ Թուրքմենբաշին խզել էր Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունները, փակելով Ադրբեջանում Թուրքմենստանի դեսպանատունը, որը կրկին բացվեց միայն 2008-ին, Թուրքմենբաշիի մահից հետո, նրա հաջորդի օրոք:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4