«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#110, 2012-06-19 | #111, 2012-06-20 | #112, 2012-06-21


«ՎՈՐՈՆԵԺ» ՏԻՊԻ ԿԱՅԱՆԸ` ԳԱԲԱԼԱՅԻ ՓՈԽԱՐԵՆ

Ռուսաստանի հնարավոր հրաժարումը Ադրբեջանի Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալությունից չի վնասի ՌԴ պետության անվտանգությանը: Այդ մասին, ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, հայտարարել է Ռուսաստանի օդա-տիեզերական ուժերի հրամանատար, գեներալ Լեյտենանտ Օլեգ Օստապենկոն: Նա հստակեցրել է, որ Գաբալայի կայանից հրաժարվելու անհրաժեշտության ու որոշման դեպքում կարվի հնարավորը` չվնասելու ռուսաստանյան պետության անվտանգությանն ու պաշտպանունակությանը:

Ռուս զինվորականի հավաստմամբՙ Գաբալայի կայանով ապահովվող ծառայությունները կարելի է իրականացնել նաեւ «Վորոնեժ» տիպի նոր կայաններով` առավել մեծ տարածությունների վրա աշխատելու հնարավորությամբ: Ընդ որում, հենց Ռուսաստանի Արմավիր քաղաքի մոտակայքում կառուցվող կայանն արդեն իսկ կկարողանա լուծել այն խնդիրները, ինչ անում էր Գաբալայի կայանը, ավելին, լուծել դրանք ավելի բարձր մակարդակով:

Օստապենկոն որեւէ մանրամասն չի հաղորդել Ռուսաստան-Ադրբեջան բանակցություններից, որոնք արդեն տեւական ժամանակ վարվում են Գաբալայի կայանի վարձակալության առնչությամբ ու դեռեւս որեւէ առաջընթաց, առավել եւս արդյունք չեն արձանագրել: Միեւնույն ժամանակ, ռուս զինվորականը բնավ էլ ոչ պատահական է որակել վերջերս «Վորոնեժ» տիպի ռադիոլոկացիոն կայանի նախագծի ղեկավարության` ՌԴ Պետական մրցանակի արժանանալու հանգամանքը, շեշտելով, որ «Վորոնեժն» իր բնութագրերով զգալի գերազանցում է նախորդ կայաններին:

Ադրբեջանը Գաբալայի կայանի համար որոշել ու Ռուսաստանից ակնկալում է բազմակի անգամ գերազանցող վարձ, երբ Ռուսաստանը, ըստ հայտարարությունների, փաստացի արդեն մտածում է Գաբալան այլ տարբերակով փոխարինելու մասին:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4