«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#110, 2012-06-19 | #111, 2012-06-20 | #112, 2012-06-21


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ ԿՇԱՀԱԳՈՐԾՎԻ ՀՈՒԼԻՍԻ ԱՌԱՋԻՆ ՏԱՍՆՕՐՅԱԿՈՒՄ

Բացումը կհամընկնի նախագահական ընտրությունների քարոզարշավին

ԼՂՀ քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը «Ազգ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ Ստեփանակերտի օդանավակայանի հետ կապված աշխատանքները գրեթե ավարտվել են: Օդանավակայանում յուրաքանչյուրը պետք է աշխատի լիցենզավորված սարքավորումներով, ինչի պատճառով աշխատանքները շարունակվում են: Ադբաշյանի վստահեցմամբՙ մինչեւ հուլիս ամսվա առաջին տասնօրյակը օդանավակայանը կշահագործվի:

Օդանավակայանի բացման ձգձգումն Ադբաշյանը չի պայմանավորում ԼՂՀ-ում հուլիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններով: Նրա ներկայացմամբՙ ամիսը պարզապես համընկել է, քանի որ հենց այդ ժամանակ կկարողանան աշխատանքներն ավարտել: «Հիմա չեմ ուզում կոնկրետ օր նշել, բայց մինչեւ հուլիսի առաջին տասնօրյակ օդանավակայանը կհանձնեն շահագործման», ասաց Ադբաշյանը:

Ստեփանակերտի օդանավակայանի կառուցման աշխատանքները տեւել են ավելի քան 2 տարի: Կառույցը նման է ճախրող թռչունի: Օդանավակայանի ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի ներկայացմամբՙ ճախրող թռչունի տեսքով շենքի պատկերումը պատահական չէ:

«Դա ճախրանքի տրամադրություն կստեղծի նաեւ ուղեւորների մեջ, ազատություն եւ անկախություն կխորհրդանշի», ասում է ճարտարապետը:

1200 քմ ընդհանուր տարածք զբաղեցնող օդանավակայանը Ստեփանակերտից 8 կմ է հեռու: Թեեւ փոքր է, սակայն աշխատակիցները հոգացել են ոչ միայն ուղեւորների անվտանգ թռիչքի, այլեւ հարմարավետության մասին: Երկհարկանի գեղեցկուհին կունենա բար, սրճարան, ավտոկայանատեղի, բուժկետ, VIP սրահ հատուկ հյուրերի համար: Օդանավակայանի վերակառուցման ընդհանուր արժեքը կազմում է 5 մլն դոլար: Վերակառուցման աշխատանքներն ավարտելուց հետո օդանավակայանը կունենա CRG-200 մակնիշի օդանավեր: Երեւան-Ստեփանակերտ թռիչքը կտեւի 35 րոպե: Տոմսի արժեքը կկազմի մինչեւ 20.000 դրամ:

Սկզբում նախատեսվում է օրական մեկ չվերթ: Հետագայում չվերթերի թիվը կշատանա:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4